HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressԱշոտ Կարապետյանը` «միջազգային ասպարեզում» Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը օրերս հայտարարեց, թե հուլիսի մեկին կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների դեմ ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված հարձակման և ուժի կիրառման ողջ պրոցեսի կազմակերպիչը ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանն է: AravotԻ դեպ, դա ամենևին էլ առաջին դեպքը չէր, երբ սույն ոստիկանապետն ապացուցում էր իր` կոշտ մեթոդների ու սադրանքների կողմնակից լինելու փաստը: Այսօր ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի համբավը, որպես «կոստոլոմի», հասել է Եվրոպա: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննարկվում է ՀԺԿ նախկին անդամ, 2003թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Գրիշա Վիրաբյանի բողոքը: Հիշեցնենք, որ 2004թ-ի ապրիլի 12-ի դեպքերից օրեր անց Արտաշատի ոստիկանության աշխատակիցները, ներխուժել էին Վիրաբյանի տուն և որպես ընդդիմության հանրահավաքների մասնակցողների տարել էին ոստիկանատուն, որտեղ 5 ժամ ծեծել-խոշտանգելուց հետո տեղափոխել էին մեկուսարան ու միայն հաջորդ օրը գրեթե անգիտակից վիճակում Վիրաբյանին շտապօգնության մեքենայով տարել հիվանդանոց: Բժիշկները նրան վիրահատել էին` հեռացնելով ձախ ամորձին, վնասված էր եղել նաև նրա ձախ կողը: Ծեծողներից մեկը, ի դեպ, ով բանալու խրձով ու ոտքերով հարվածներ էր տեղացրել Վիրաբյանի վրա, գոտկատեղից ցածր հատվածում, եղել էր այն ժամանակ Արտաշատի ոստիկանության բաժնի օպերգծով տեղակալ, իսկ այսօր Երևանի Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը: Վիրաբյանին մի լավ ծեծելուց և պատասխան մի հարված ստանալուց հետո ոստիկանները նրան տարել էին Ա. Կարպետյանի աշխատասենյակ. «Հենց ներս մտավ, թքեց վրաս` «բոմժեր, ի՞նչ եք ուզում, էս երկիրը, մեկ է, չեք կարող փոխել»: Տեսավ, որ բոթասներով եմ, կրունկներով սկսեց խփել մատներիս...»: Այսքանից հետո, ինչպես այս օրերին ընդդիմության համակիր երիտասարդներին ծեծի ենթարկելու դեպքում է, 2004թ-ին էլ իրավապահները մեղադրանք էին առաջադրել ոչ թե «կոստոլոմշչիկ» ոստիկաններին, այդ թվում` Աշոտ Կարապետյանին, այլ հենց միջին ծանրության մարմնական վնասվածքներ ստացած Գրիշա Վիրաբյանին: Մեկ տարի անց նոր ներկայացնելու են թվայնացման ծրագիրը «Կարծում եմ, որ աշնանը պիտի արդեն պատրաստ լինի այդ փաստաթուղթը, թվային հեռարձակման անցնելու ծրագրի կապակցությամբ «թերթին ասել է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Հիշեցնենք, որ այն պետք է պատրաստ լիներ ամենաուշը մայիսին, և աշնանը կլրանա մեկ տարին, ինչ թվայնացման պատրվակով արգելվեցին կապուղիների մրցույթները: Այն, որ մինչ այժմ ծրագիրն ավարտված չէ, ապացուցեց չէ՞, որ մրցույթներն արգելվեցին միայն «Ա1+»-ին եթեր վերադառնալու հնարավորություն չտալու համար: Արտակ Դավթյանը, որ ինքն էլ ժամանակին կողմ էր քվեարկել այդ արգելքին, չհամաձայնեց մեր դիտարկմանը. «Խնդիրը շատ ավելի գլոբալ է, քան եթե նայենք միայն այդ քաղաքական հարթության մեջ: Օրենքի փոփոխության հիմնավորումները բավարար էին, որ այն ընդունվեր: Բոլոր երկրներն էլ պիտի անցնեն թվային հեռարձակման: Բայց, բնականաբար, երբ ժամկետները ձգվում են, տվյալ պարագայում, ծրագրի ներկայացման հետ կապված, սկսում են այդ խնդիրը դիտարկել զուտ քաղաքական և «Ա1+»-ի տեսանկյունից: AzgՀեղափոխության թեական նախապայմաններ Մարդիկ հիշում են, թե ինչպես էր այժմ փոխարտգործնախարար, ավելի վաղ ԱԺԿ լիդեր, իսկ ավելի վաղ` Վազգեն Մանուկյանի համախոհ Շավարշ Քոչարյանն անվերջ խոսում Հայաստանում համակարգային փոփոխությունների անհրաժեշտություններից: Նա ասում էր, որ մարդկանց փոխարինելը դեռ քիչ է, պետք է համակարգը փոխել: Այժմ պաշտոնյա` նա այդ մասին վաղուց չի խոսել: Հուսանք, որ դրա համար պատնեշը նրա դիվանագիտական ստատուսն է, այլապես կարող ենք մտածել, որ կամ նա պաշտոն ստանալով այլևս համակարգային փոփոխությունների անհրաշժեշտություն չի տեսնում, կամ այդ համակարգային փոփոխությունները, այնուամենայնիվ, սողալով և աննկատ են եղել, այնքան աննկատ, որ «խաբարներս չի եղել»: Համակարգը փոխելու համար կրթություն, դաստիարակություն, նոր ձևով ապրելու սովորույթ է պետք, օրենքները դեմոկրատացնելով և ամենակարևորը` օրենքները կիրառելու կամքը սանտիմ առ սանտիմ ամրացնելով են պետությունները գնում համակարգային փոփոխությունների: Օրինակ` կրթության համակարգում, ըստ սիրողական հաշվարկների, ընդունելության քննությունների ժամանակ 25-30 մլն դոլարի կաշառք է պտտվում, այ սա բացասական իմաստով համակարգված մի բուրգ է, որի թելերն աստիճանաբար կենտրոնանում են դեպի վեր, և եթե ամենավերևից մեկն անսպասելիորեն կամք դրսևորի և թելերից մեկը բաց թողնի, բուրգը կփլվի` իր տակ թողնելով թացն ու չորը և շղթայական ռեակցիա առաջացնելով: Կամ էլ նվազագույնը, այդ կամք դրսևորողը դուրս կմնա համակարգից, իսկ բուրգը կշարունակի իր գոյությունը` նրան շրջանցելով: HraparakՊահանջում է որդու` վճռաբեկի նախագահի պաշտոնանկությունը Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հայտնվել է տհաճ պատմության մեջ: Նրա հայրը և մայրը վերջերս ամուսնալուծվել են` չխնայելով իրենց զավակներին և նրանց կարգավիճակը: Այս փաստից զայրացած որդին` վճռաբեկի նախագահը, որոշել է պատժել հորը և նրա ձեռքից խլել է տունը, ինչից զայրացած հայրը դիմել է նախագահին: Նամակում նա խիստ խոսքեր է ասել որդու հասցեին` հանդիմանելով Սերժ Սարգսյանին, որը բարձր դատական ատյանի ղեկավար է նշանակել մի մարդու, որի համար օրենքը գոյություն չունի և որը ոտնահարում է անգամ սեփական հորը շահերը: Ավագ Մկրտումյանը կոչ է արել նախագահին պաշտոնից ազատել իր օրինախախտ որդուն: ՀՌԱԿ ատենապետը հետախուզման մեջ է Հարություն Առաքելյանը, որը եղել է «Ջանկօգ-քիմ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու նախկին գլխավոր տնօրենը, և որի հանդեպ Կենտրոն և Նորք-Մարաշ համայքների դատարանը հայտարարել է հետախուզում` «Նաիրիտի» հետ գործարքներ կատարած ՍՊԸ-ի կուտակած շուրջ 6 միլիոն 528 հազար դրամի դեբիտորական պարտավորությունների համար, երեկ մեզ ասաց, որ ինքը ոչ մի հայցադիմում, ծանուցագիր չի ստացել. «Իրենց պետք չէր ինձ ծանուցագիր ուղարկել, իրենց պետք էր ասուլիսին զուգահեռ դատ անել և փորձել պախարակել իմ անունը, որովհետև ով փորձում է` կարողանում է գտնել ինձ»: ՀՌԱԿ ատենապետը, որն այդ պահին Ղարաբաղ մեկնող մեքենայի մեջ էր, պաշտոնապես հայտարարեց, որ ինքը «Նաիրիտին» որևէ բան պարտք չէ և պատրաստվում է հանդես գալ հակընդդեմ հայցով: Hayoc-ashxarhՏատասկապատ է քաղաքական գործչի ուղին Կյանքում պատահում են հանգամանքներ, որոնք դրդում են մարդկանց վճռաբեկ գործողությունների: Օրինակ, Լենինին` սկսել հեղափոխությունը, Կեսարին` անցնել Ռուբիկոնը, Դը Գոլին` հեռանալ երկրից ու դիմադրության կոչ անել ֆրանսիացիներին... ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանին վճռական գործողությունների հանգամանք դարձավ «Նաիրիտ» գործարանի դատական հայցն ընդդեմ «Ջանկօգ-քիմ» ՍՊԸ-ի: Հիշեցնենք, որ այն ժամանակին հիմնել և գլխավորել է հենց ՀՌԱԿ ատենապետը: Ընկերությունը «Նաիրիտի» հետ կատարել է մի շարք գործարքներ և արդյունքում պարտք մնացել 6,5 միլիոն դրամ: 2000-2005-ին «Նաիրիտ-Թրաստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի կոմերցիոն հարցերով տեղակալն է եղել ՀՌԱԿ փոխատենապետ Վանիկ Գրիգորյանը: Իսկ Հարություն Առաքելյանի եղբայր Աշոտ Առաքելյանը եղել է «Նաիրիտ Գործարանի» գլխավոր տնօրենի տեղակալը: Մի խոսքով, տղերքը «գործ էին կպցրել», դատելով ամենից` բավականաչափ եկամտաբեր, և այժմ այդ ամենով զբաղվում է դատարանը: Թեպետ, թողնենք Հարություն Առաքելյանին դատարանում..., իսկ ինքներս խոսենք մի հետաքրքիր երևույթի մասին: Ինչո՞ւ են հայրենի քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները աշխատեցնելով (որպես կանոն, օրենքի խախտումներով) սեփական բիզնեսն ու ստանալով եկամուտներ, իշխանության նկատմամբ իրենց պահում միանգամայն լոյալ, իսկ երբ որ խնդիրների են բախվում, տեղնուտեղը դառնում մոլի ճշմարտասերներ ու քաղաքական հետապնդումների զոհեր: Հարկ կա՞ ևս մեկ անգամ վերապատմել ցնցող բացահայտումների բովանդակություն, որոնցով այս օրերին հանդես է գալիս նույն Հ. Առաքելյանը: Հարկ չկա: CHI«Հայկական աշխարհի» մաքսազերծումը Ախալքալաքի «Արամ-Անի» կարի ֆաբրիկան ստիպված է եղել Հայաստան ներմուծվող 10 հազար հատ ջինս շալվարները սահմանից ետ դարձնել Վրաստան, որովհետև հայ մաքսավորները չափազանց մեծ մաքսային գին են սահմանել այդ ապրանքի համար: «ՉԻ» - Բանից պարզվում է` կառավարությունը միայն հայրենասիրական ճառեր արտասանելիս է բարի, հատկապես` երբ խոսք է գնում «հայկական աշխարհի» մասին: Իսկ երբ բանը հասնում է կոնկրետ գործողություններին, մաքսայինը Ջավախքում արտադրված ջինսի համար այնպիսի անկապ արժեք է սահմանում, որ արդյունքում Հայաստանը հեղեղված է հիմնականում Թուրքիայում և Չինաստանում արտադրված հագուստով: Փաստորեն, մաքսավորների այս չպատճառաբանված ագահության արդյունքում հայ սպառողները, դաշնակների բառապաշարով ասած, «զինում են թուրքական բանակը», իսկ «զինելու» ընդմիջումներին, ըստ սովորության, խոսում են Ջավախքի «սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների մասին»: Ամեն դեպքում, մեղավորը ջավախքցիներն են: Նրանք երևի չեն լսել Տիգրան Սարգսյանի այն կոչը, որ պետք է արտադրել միայն այնպիսի բաներ, որոնք Չինաստանը չի արտադրում: Նովոյի որդին ազատվել է պաշտոնից Դատախազությանը մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրները տեղեկացնում են, որ վերջերս դատախազության Լոռու մարզի կայազորում զբաղեցրած իր պաշտոնից ազատվել է երիտասարդ դատախազ Արտակ Գևորգյանը: Վերջինիս պաշտոնանկության պատճառ են հանդիսացել ծառայողական խախտումները, որոնք նա թույլ է տվել պարբերաբար: Արտակ Գևորգյանը ԱԺ հոկտեմբերյանցի պատգամավոր Նահապետ Գևորգյանի` Նովոյի որդին է, որը նաև, համաձայն փաստաթղթերի, սովորում է Մոսկվայի բուհերից մեկում: Թե ինչպես է նա կարողացել այսքան ժամանակ համատեղել ուսանողի և դատախազի կարգավիճակները` Երևանից Մոսկվա, միայն ենթադրել կարելի է: Թերթին հայտնի է դարձել նաև, որ երբ դատախազության կոլեգիաներից մեկի ժամանակ քննարկվել է Արտակի հարցը, վերջինս, իմանալով գլխին գալիքը, ինքնակամ դիմում է գրել և խնդրել իրեն ազատել դատախազի պաշտոնից: Աղվան Հովսեփյանն էլ բավարարել է երիտասարդի խնդրանքը: Հիշեցնենք, որ Նահապետ Գևորգյանը ԱԺ այն պատգամավորներից է, որոնք թեև մանդատավորի երկարամյա փորձ ունեն, այնուամենայնիվ հասարակության լայն շրջանակներում նրանց մասին կա'մ չգիտեն, կա'մ գիտեն որպես քրեական տարրի: Զախարյանի օրերը հաշված են ՀՀ կառավարությանն առնընթեր Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանի օրերը այդ պաշտոնում հաշված են, հաղորդում են նախագահի նստավայրին մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրները: Նրան Սերժ Սարգսյանը մտադիր է հեռացնել այդ պաշտոնից` ավելի ցածր եկամուտ ունեցող ինչ-որ աշխատանքի նշանակելու նպատակով: Կադաստրի պետի պաշտոնում կնշանակվի Սերժ Սարգսյանին ավելի մտերիմ և վստահելի մարդ, որի անունը առայժմ չենք հրապարակում: HJԼՂ-ի վերաբերյալ հայտարարություն կլինի Ներկայումս խորհրդակցություններ են ընթանում Աքվիլայում տեղի ունեցող` «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հնարավոր հայտարարության շուրջ: Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը: «Հնարավոր է, որ Աքվիլայում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն ընդունեն»,- ասել է նա և ավելացրել, որ հայտարարության բովանդակության շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող, ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների միջև համաձայնություն կա: «Լեռնային Ղարաբաղի շուրջ հայտարարության ձևի վերաբերյալ խորհրդակցություններ են անցկացվում: Ըստ էության, համաձայնություն կա: Մենք ակնկալում ենք, որ նման հայտարարություն կարող է հրապարակվել: Սակայն այն, ամենայն հավանականությամբ, լինելու է եռյակի` Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, հայտարարություն, այլ ոչ թե «ութնյակի»: Գագաթնաժողովի շրջանակներում նման պրակտիկա կիրառվում է»,- նշել է Դվորկովիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter