
Այսօր Ստեփանակերտում մեկնարկեց Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ արցախյան հիմնախնդրին նվիրված համահայկական երկօրյա խորհրդաժողովը, որը նախաձեռնել է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը` ԼՂՀ նախագահի հովանավորությամբ եւ «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ:
Խորհրդաժողովին մասնակցում են 25 երկրներից շուրջ 130 հրավիրվածներ:
Բացման արարողությանը մասնակցում էր նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով իր խոսքում ողջունելով նախաձեռնությունը, շեշետել է, որ կարեւորում է միջոցառման անցկացումն Արցախում, «որտեղ հետեւողականորեն ամրապնդում են բազում զոհերի եւ զրկանքների գնով նվաճած մեր անկախությունը»:
Նա անդադարձել է նաեւ Ղարաբաղի անկախության հռչակման թեմային`հիշեցնելով 1991 դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեն, որով արցախցիներն ազդարարեցին անկախ եւ ինքնիշխան երկրում ապրելու իրենց որոշման մասին:
«Մեր դիրքորոշումը հստակ էր, եւ այն մնացել է անփոփոխ: ԼՂՀ անկախությունը կայացած փաստ է եւ ենթակա չէ քննարկման: Վերապրելով պատերազմի արհավիրքներն ու կորուստների դառնությունը` արցախցին լավ է գիտակցում խաղաղության արժեքն ու կարեւորությունը տարածաշրջանի համար, սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, թե մենք պատրաստ չենք արժանի հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության»,-ընդգծել է ԼՂՀ նախագահը:
Անդրադառնալով խորհրդաժողովի մյուս թեմային` հայ-թուրքական հարաբերություններին, նա նշել է, որ այդ հարաբերություններում որեւէ տեղաշարժ չպիտի եւ չի կարող իրականացվել ի վնաս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման: Երկու տարբեր հարթություններում գտնվող հիմնախնդիրների նման փոխկապակցվածության փորձերը, ըստ նախագահի, անպայմանորեն տանելու են փակուղի:
«Այսօր մենք առավել եւս պարտավոր ենք ունենալ միասնական ճակատ` համազգային նպատակների իրականացման գործում: Դա վերաբերում է թե Հայաստանին, թե Սփյուռքին, եւ թե Արցախին»,-հավելել է Բակո Սահակյանը:
Բացմանը ներկաներին ողջունել եւ իր ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնանքն է բերել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել