
Ամենաշատ դիմում-բողոքները, որ ստացել է այս տարվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը, եղել են ոստիկանության դեմ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց օմբուդսմեն Արմեն Հարությունյանը` «Հայելի» ակումբում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշեց, որ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ՄԻՊ գրասենյակը ստացել է 1833 դիմում բողոք`ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված 1768 դիմում-բողոքի: Քաղաքացիները, ոստիկանությունից հետո, ամենից շատ դժգոհում են Կրթության և գիտության նախարարությունից: Երրորդ տեղում Երևանի քաղաքապետարանն է, ապա` դատարանները և վերջում`Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Օմբուդսմենը նշեց, որ շատ են պետական մարմինների հետ կապված խնդիրները, և երբեմն իրենք պարզապես աբսուրդային պատասխաններ են ստանում:
«Շատ անգամ մենք մտահոգվում ենք, որ եթե մեզ են այդպես պատասխանում, ապա ինչպե՞ս են աշխատում շարքային քաղաքացիների հետ: Մարաշի կադաստրի բաժանմունքի վերաբերյալ քաղաքացին մեզ բողոք էր ներկայացրել, և մենք տեղեկատվություն էինք պահանջել նրանցից: Մեզ գրել էին, որ իրենք պատրաստ են տեղեկատվություն տալ, բայց մենք պետք է դրա համար վճարենք իրենց: Սա աբսուրդ է արդեն, մարդիկ իրենց նեղություն չեն տալիս անգամ օրենքը կարդալ: Հիմա ստիպված կադաստրի պետին ենք նամակ ուղարկել, որպեսզի նա այդ խնդրով զբաղվի»,- ասաց նա:
Նմանատիպ մեկ այլ խնդրի հետ ՄիՊ գրասենյակը բախվել է նաև ոստիկանության հետ կապված:
«Ոստիկանապետի տեղակալ Հ. Հունանյանը մեզ շատ տարօրինակ պատասխան էր գրել: Քաղաքացին մեզ բողոքել էր, մենք դիմել էինք ոստիկանություն, նա մեզ ուղղակիորեն գրել է` «այդպիսի բողոք նա մեզ չի ուղարկել, այդ բողոքի մեջ էլ տվյալները սխալ են»: Հիմա չենք հասկանում, եթե բողոք չի ուղարկել, էլ ի՞նչ տվյալ: Նա, որպես ոստիկանապետի տեղակալ, պետք է հասկանար, որ օմբուդսմենին բողոք է ուղարկվել, ուրեմն անհրաժեշտ է պարզել, թե դա ինչ բողոք է: Մենք ոստիկանապետին ենք գրել, կարծում եմ, որ նա այդ հարցի պարզաբանումը կտա: Մեր արագ արձագանքման խմբի տղաները ստուգել էին, և պարզվել էր, որ մոտ 57 հոգու ժամկետից երկար Երևան քաղաքի ոստիկանության տարբեր բաժանմուքներում անօրինական կերպով պահել են»,- ասաց օմբուդսմենը:
Նրա խոսքով` շատ դեպքերում քաղաքացին բողոքում է պաշտպանին, իրենք նամակ են գրում իրավապահ մարմիններին, և մի շաբաթ հետո քաղաքացին գալիս, խնդրում է, որ հանկարծ իր գործով չզբաղվեն:
«Երբ մենք ասում ենք` մարդկանց մեջ վախի մթնոլորտ կա, ասում են` փաստեր ներկայացրեք: Հիմա եթե սա փաստ չի, ի՞նչ է: Այսօր Հայաստանում գոյություն ունի չինովնիկների ամենաթողություն, և շարքային քաղաքացիներն այս տեսակետից անպաշտպան են: Սա կարող են իշխանություններն ընդունել որպես ահազանգ օմբուդսմենի կողմից»,- ասաց նա:
Անդրադառնալով ԵԽԽՎ Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևին` Ա. Հարությունյանը նշեց, որ բանաձևի նկատմամբ հասարակության մեջ իրարամերժ կարծիքներ են նկատվել: Սակայն օմբուդսմենի կարծիքով`այդ բանաձևում մի շարք բավականին դրական կետեր կան:
«Իմ գնահատականն ամեն դեպքում այն է, որ բանաձևն օբյեկտիվ է, բայց այնուամենայնիվ չլուծված խնդիրերն ըստ բանաձևի ավելի շատ են, քան լուծվածները: Եվ մենք սա պետք է հաշվի առնենք, ու միգուցե պատճառն էլ սա է, որ Հայաստանը դեռևս մնում է մոնիտորինգի տակ»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել