Տարեց կինը չի կարողանում վաճառել իր պատրաստած իրերը
Ալավերդցի 75-ամյա Ռիմա Վարոսյանն ապրում է հոգեկան խնդիրներ ունեցող 45-ամյա որդու հետ: Նրանք գոյատեւում են 29000 դրամ կենսաթոշակով: Ռիմա տատը նշում է, որ այն չի բավականացնում անգամ կենցաղային խնդիրները լուծելուն` գազի, լույսի ու ջրի վարձերը վճարելուն:
ՙ
«Հլա իրանք էդքանը ստանան ու յոլա գնան: Հիվանդ տղես բանակից կիսածառայել ազատվեց, երկու անգամ ամուսնացավ, կնանիքը պիտանի չէին, իմ րեխի ընտանիքը քայքայվեց ու ինքն էլ անբախտացավ: Հիմա էլ իրա դեղը խմիչքնա դառել, իմ տաննա մնում ու իմ հույսին»- ասում է Ռիմա Վարոսյանը:
Տնից դուրս գալու, նյարդերը հանգստացնելու համար նա զբաղմունքի միջոց է գտել, ասում է՝ ոչինչ չձեռնարկելու դեպքում ինքը հաստատ կգժվեր չորս պատի մեջ, իսկ օրը հաջող լինելու դեպքում իր այս զբաղմունքը կարող է եկամուտ էլ բերել:
«Գիշերը չեմ կարողանում քնեմ. վեր եմ կենում, կարի մեքենան դնում, հին դեյրեքս քանդում ու թաթուջաղ, գոգնոց, ասեղի բարձիկ կարում: Ղասնյաղով էլ եմ գործում: Մի սվիտր էլ աղջիկս ա առել, ասի ծախեմ, երկու կոպեկի տամ, որ յոլա գնամ, ի՞նչ անեմ»,-ասում է Ռ.Վարոսյանը:
Իր «ցուցահանդես-վաճառքը» կազմակերպում է հենց ճամփեզրին: Ծառից-ծառ թել է կապում ու վրայից կախում իր աշխատանքները: Դրանով գրավում է անցորդների ուշադրությունը, բայց առեւտուր հազվադեպ է ունենում:
Դրանից չի նեղանում. գիտի, որ ալավերդցիները շատ վատ են ապրում, շատերն իր նման օրվա հացի խնդիրը չեն կարողանում լուծել, դրա համար էլ, չի էլ դժգոհում կամ նեղանում, որ անցորդները ոչինչ չեն գնում: Շատ անգամ էլ տեսնելով, որ մարդիկ ուզում են, բայց փող չունեն, նվիրում է իր աշխատանքներից:
«Մարդ կա փող, կամ ասենք, կարի մեքենա չունի, կան նաեւ, որ գաղափար չունեն, որ կարեն: Հարցնում են՝ ի՞նչ արժե, էդ ի՞նչ լավն ա», ու թողնում-գնում: Էսքան վախտ մենակ մի խալաթ եմ ծախել, էն էլ նիսյա են տարել. կտան, թե չեն տա, չգիտեմ, ջաններուն սաղ ըլի»,-ասում է տարեց կինն ու շարունակում շյուղագործը, թեպետ ինքն էլ չգիտի, թե ում համար է գործում ձեռքի գուլպան:
Արմանուշ Նիազյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել