HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Բոնուսային ծրագիրը կկանխի, արդյոք, գործադուլը

10_07-Faleta

Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ տեղյակ է հուլիսի 13-ից աշխատակիցների գործադուլ սկսելու մասին: Հերթական բողոքի ալիքը գուցե չբարձրանա, քանի որ գլխավոր տնօրենը պատրաստվում է աշխատակիցներին ներկայացնել աշխատավարձի վճարման բոնուսային ծրագիր:

Սա աշխատավարձերի վճարման տոկոսային հարաբերակցությամբ ծրագիր է, ու բոլորը կարող են լավ վարձատրվել, եթե պահպանեն անվտանգության կանոնները: Բացի սրանից, կապ կունենա նաեւ արտահանվող հանքանյութի պարունակությունը, սահմանված նորմատիվները գերակատարելը: «Ինձ թվում է` կկարողանանք համաձայնության գալ մեր աշխատակիցների հետ»,- ասաց Ռ. Ֆալետան: Ձեռնարկությունում կրճատումներն անխուսափելի են, ու առաջիկայում կշարունակվի գործընթացը: «Իհարկե, մենք մտածում ենք մեր աշխատակիցների մասին, ուստի եւ կրճատումների դեպքում նրանցից ոմանց այս բաժնից այն բաժինն ենք տեղափոխում, որպեսզի աշխատանք ունենան»,-նշեց Ռ. Ֆալետան: Վերջինիս խոսքով` ձեռնարկությունում այսօր 1200 մարդ է աշխատում, սակայն աշխատանքները լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ է 950 աշխատող: «Պատկերավոր, բայց կոպիտ օրինակով բերեմ. ստացվում է` մենք վճարում ենք այն մարդկանց, որոնց աշխատանքը մեզ պետք չի»,- ասաց գլխավոր տնօրենը: Այն հարցին, թե երբ ինքը կհայտարարի, որ կոմբինատում աշխատում է 950 մարդ, ու այլեւս կրճատումներ չեն լինելու, Ռ. Ֆալետան դժվարացավ պատասխանել: «Ես չեմ կարող նման հստակ հայտարարություն անել: Դրանք ձեռնարկության բարեփոխումների արդյունքում պետք է լինեն»,- ասաց տնօրենը: Նախագծերից Ռ. Ֆալետան առանձնացրեց բաց հանքի շահագործումը, որի հետազոտման-ուսումնասիրման աշխատանքները արդեն սկսվել են: Սա կապված է ներդրումների հետ ու, հավանաբար, մոտ մեկ տարի հետո արդեն կսկսվի շահագործումը: «Այս դեպքում արդեն աշխատուժի կարիք կունենանք»,- ասաց Ֆալետան: Ինչ վերաբերում է կառավարության կողմից տրվող հակաճգնաժամային վարկերին, որոնցից օգտվել են Ագարակի լեռնահարստացման ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատները, ապա գլխավոր տնօրենը նշեց, որ դա իր իրավասության մեջ չի մտնում ու սեփականատերերի գործն է: Ռ. Ֆալետայի կարծիքով` «կառավարությունը կարող է այդ վարկային միջոցները ներդնել այլ ոլորտներում, քանի որ Հայաստանում շատ խնդիրներ կան: «Եվ հստակ մի բան էլ նշեմ, որ երբեք մենք չենք դիմել կառավարություն` վարկ ստանալու համար: Այնպիսի կարծիք չստեղծվի, որ առաջարկ ենք ներկայացրել ու մերժում ենք ստացել վարկ ստանալու համար»,- ասաց Ֆալետան: Բնապահպանության նախարարության կողմից ձեռնարկությունում անցկացված ստուգումների մասին լուրը գլխավոր տնօրենը չհերքեց: Իհարկե, խախտումներ եղել են, բայց տնօրինությունը որոշ փաստերի հետ համաձայն չէ, ու նախնական եւ վերջնական արձանագրություններն իրարից տարբերվում են: «Ես Երևանում հանդիպել եմ բնապահպանության նախարարի, նրա աշխատակիցների հետ, ճշտվել են որոշ հարցեր: Շնորհակալությունս եմ ուզում հայտնել վարչապետին ու նախարարին, որ աջակցեցին մեզ»,- հայատարարեց Ֆալետան: Տուգանքների մի մասը կառավարության համաձայնությամբ նպատակաուղղվելու է համայնքի զարգացմանը` լինեն դրանք սոցիալական ծրագրեր կամ այլ աշխատանք: Ինչ վերաբերում է գումարներին, ապա Ռ. Ֆալետան առայժմ չհրապարակեց, քանզի դրանք ճշտման փուլում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter