Հայաստանն ու Չինաստանը կխորացնեն համագործակցությունը հումանիտար ոլորտում
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Շենժենում հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետխորհրդի փոխվարչապետ Լյու Յանդունի հետ:
Ա. Գեւորգյանը շնորհակալություն է հայտնել ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ խաղերի փակման արարողությանը մասնակցելու հրավերի եւ խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Անդրադառնալով երկկողմ համագործակցությանը`զրուցակիցները հիմնականում քննարկել են հումանիտար ոլորտում հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է, որ այս ոլորտում փոխգործակցության սերտացումը կնպաստի մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը, փոխըմբռնման խորացմանը:
Կողմերը մասնավորապես գոհունակություն են հայտնել բուհական ոլորտում փոխգործակցության առնչությամբ` կարեւորելով նոր ծրագրերի իրականացումը:
Ա. Գեւորգյանը ողջունել է միջազգային պայմանագրերի հիման վրա Չինաստանում հայ ուսանողների համար տեղերի ավելացումը. 2012-2013թթ. ուսումնական տարվանից սկսած նրանց թիվը կկրկնապատկվի` կրթաթոշակ կտրամադրի 40 հայ ուսանողի: Հաջող է գնահատվել Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում Կոնֆուցիուսի ինտիտուտի մասնաճյուղի գործունեությունը, անդրադարձ է եղել նաեւ ԵՊՀ-ում նման մասնաճյուղի բացման, Երեւանի որոշ դպրոցներում չինարենի ուսուցման, բուհական դիպլոմների փոխադարձ ճանաչման հարցերին:
Մշակութային ոլորտում առկա համագործակցությունը եւս դրական է գնահատվել: Ողջունելի է համարվել, որ երկու երկրներում պարբերաբար կազմակերպվում են մշակութային օրեր, իսկ հայ-չինական մշակութային համագործակցության 2012-2016թթ. ծրագիրը լավ հիմքեր է ստեղծում ոլորտում շփումների հետագա խորացման համար:
Երկու երկրների փոխվարչապետները կարեւորել են հայ-չինական բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնմանն ուղղված քայլերի իրականացումը:
Ա. Գեւորգյանը երեկ նաեւ հարացազրույց է ունեցել Շենժենի հեռուստառադիոընկերության հետ` անդրադառնալով հայ-չինական համագործակցությանը, ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ խաղերին:
Փոխվարչապետը երեկոյան Շենժենում հանդիպել է հայ համայքնի ներկայացուցիչների հետ, ովքեր հյուրընկալել էին նաեւ հայ մարզիկներին: Փոքրաթիվ համայնքի ներկայացուցիչները հաջող գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում: Ա.Գեւորգյանը պատասխանել է նրանց մի շարք հարցերին, որոնք վերաբերվել են Հայաստանում իրականացվող ծրագրերին, Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը:
Արդեն այսօր նախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները Պեկինում: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել