Պարզաբանում հուլիսի 10-ին ԱԺ արտահերթ նիստում պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի ելույթում հնչած մի փաստի կապակցությամբ
«Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «այսօր ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ու սահմանած օրակարգով հրավիրված Ազգային ժողովի նիստում, երբ ի թիվս այլ հարցերի քննարկվում էր ՀՀ նախագահի ներկայացրած 2009թ. հունիսի 29-ին եւ 2009թ. հունիսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 202.400 մլն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին» նամակների փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը վավերացնելու հարցը, ելույթ ունեցավ նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:
Նա հերթական անգամ քննադատության արժանացրեց ՀՀ կառավարության ներկայացուցչին` ԱԺ քննարկմանը դրվող որոշ վարկային համաձայնագրերի վավերացման նպատակահարմարությունն ապացուցող հիմնավորումներ եւ ծրագրեր չներկայացնելու` ավանդույթ դարձած գործելակերպի համար, որն առկա է նաեւ այս մի համաձայնագրի դեպքում:
Տրամադրված վարկերը անարդյունավետ ծախսելուն նպաստող այդպիսի ռիսկերի ստեղծման մասին խոսելով` պատգամավորը հիշեցրեց, որ, թեպետ դրանց ներարկումը ՀՀ բյուջե անհրաժեշտ է գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետեւանքներին դիմակայելու համար (եւ այդպես էլ փաստարկվում է Կառավարության կողմից), այնուամենայնիվ, վերջին ամիսներին Կառավարության ընդունած մի շարք որոշումների ուղղվածությունը հիմք չի տալիս պնդելու, որ վարկային միջոցները ոչ միշտ են ծախսվում հռչակված հակաճգնաժամային խնդիրները լուծելու համար:
Թվարկված մի շարք փաստերի ու որոշումների թվում պատգամավորը հիշատակեց նաեւ այն, որ վերջին շրջանում շուրջ 30 մլն դրամի միջոցներով Կառավարության շենքի վերանորոգման նպատակով հայտարարված մրցույթում հաղթել է մի կազմակերպություն, որը. «Ժառանգությանը» հասած տեղեկություններով, պատկանում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբոր տղային:
Ելույթից հետո զրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ պատգամավորի միջեւ, որտեղ Կառավարությունը հերքել է այդ կազմակերպության` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարեկամին պատկանելու փաստը: Նաեւ տեղեկացվել է, որ մրցույթում շահած կազմակերպությունը «ԲաղրամյանՇինն» է, որը շինարարության ոլորտում բազմամյա գործունեության փորձ ունի:
Պատգամավոր Սաֆարյանն ակնկալում է. որ ԶԼՄ-ների կողմից իր ելույթի համապատասխան հատվածը լրատվամիջոցներով կլուսաբանվի սույն հաղորդագրության մեջ հիշատակված պատգամավոր-ՀՀ կառավարություն պարզաբանում-զրույցի համատեքստում եւ կպահպանվի լրագրողական անաչառությունը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել