Արտաքին թշնամուց եկող վտանգի դեպքում հրեաները մոբիլիզացվում են` դառնալով բանակ, իսկ հայերը արտագաղթում են
Հրեաները ամուր կառչում են իրենց տարածքներից, բնակեցնում դրանք և երբեք չեն թերագնահատում արտաքին վտանգը
Հայաստանը և Իսրայելը շատ նման են այն աշխարհաքաղաքական բարդ պայմաններով, որոնցում կայանում են:
Սակայն այդ աշխարհաքաղաքական պայմանները բնավ չխանգարեցին Իսրայելին ստեղծել կենսունակ և հզոր պետականություն, և պետք է մանրամասն ուսումնասիրել և հասկանալ, թե ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքներից անմիջապես հետո հրեա ժողովուրդը կարողացավ կազմակերպվել և կայանալ իբրև հզոր, պետականակիր ազգ: Այս մասին այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ռազմական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Դավիթ Ջամալյանը: Ըստ նրա` Իսրայելի կենսունակության առաջին գործոնը հրեաների պետական մտածողությունն է, որը նրանք ունեցել են պետություն ունենալուց դեռ շատ առաջ, ինչը բավականին հետաքրքիր երևույթ է:
«19-րդ դ. վերջից կազմակերպվել է հրեաների ներգաղթը այսօրվա Իսրայելի տարածք և այն ժամանակ դեռ Օսմանյան կայսրության տարածքի մի մասը համարվող Պաղեստին, ապա նաև Առաջին համաշխարհային պատերազմից հետո բրիտանական մանդատի մի մաս կազմող տարածքը: Անբնակ, կյանքի համար անպիտան տարածքների վրա վերաբնակները ստեղծել են մի իսկական օազիս: Ոչ միայն վերաբնակեցրել են, այլև տարածքը հիմնականում գնել են արաբներից: Այ սա էլ պետական մտածողության դրսևորումներից մեկն է: Օրինակ` այսօրվա իրենց մայրաքաղաքը` Թել Ավիվը, արաբներից գնված հողի վրա է կառուցված»,- ասաց Դավիթ Ջամալյանը: Երկրորդ գործոնը, որը Իսրայելին օգնել է կայանալ, արտաքին վտանգի զգացումն է: Հրեական հասարակությունը երբեք չի թերագնահատում վտանգը և երբեք չեն ընկճվում դրանից: «Ավելին` արտաքին վտանգն այսօր վերածվել է Իսրայելի կենսունակության հիմանական գործոններից մեկի: Արդեն հիմա հոգեբանական առումով Իսրայելի հզորության գրավականն այն է, որ Իսրայելի ազգաբնակչությունը շատ արագ կարողանում է աշխատանքային խաղաղ կյանքը, խաղաղ կենցաղը թողնել և մի անգամից անցում կատարել դեպի ռազմական կենցաղը, այսինքն` դեպի երկրի պաշտպանությունը: Շատ քիչ ժամանակ է պետք, որ հասարակությունը մոբիլիզանա»,- ասաց Դավիթ Ջամալյանը` հավելելով, որ Իսրայել-Լիբանան վերջին պատերազմի ժամանակ պահուստայիններն այնքան արագ մոբիլիզացան, որ իրենց վրա վերցրին պաղեստինյան ամբողջ տարածքի պաշտպանության ողջ գործը, իսկ կանոնավոր զորքն անցավ Լիբանանի սահմանի վրա իրականացվող գործողություններին: Դավիթ Ջամալյանը համեմատեց Հայաստանն ու Իսրայեը: Նմանությունն արտաքին վտանգն է, որը ցավոք, միակ նմանությունն է: Ռազմական հոգեբանը հայերի և հրեաների հոգեկետվածքի այս տարբերությունը պայմանավորեց, թերևս, մեր նորաստեղծ պետականությամբ: «Օրինակ` մեզանում պարբերաբար հնչում են միակողմանի զիջումների մասին կարծիքներ: Երբեմն դրանք դառնում են տիրապետող: Իսրայելում մերթ ընդ մերթ ինչ-որ զիջումների մասին դիսկուսիա նույնպես ծավալվում է: Բայց, ի վերջո, հաղթում է այն տեսակետը, որ պետք է ռազմական գերազանցությունը և այն ձեռքբերումները, որոնց Իսրայելը հասել է արաբական աշխարհի նկատմամբ, պահպանել»,- ասաց ռազմական հոգեբանը: Ընդգծենք, որ այստեղ սկզբունքային տարբերություն կա. հայերը ազատագրել են իրենց պատկանող հայկական տարածքները, որոնց վերաբնակեցումը, Դավիթ Ջամալյանի խոսքերով, միշտ դժվարությունների է հանդիպում: Մինչդեռ Իսրայելը գրավել է Հոլանի բարձունքները, որն իրավական առումով իր տարածքը չէ, բայց դա չի խանգարում Իսրայելին, որ «այդ տարածքը վերածի իսկական դրախտի: Այստեղ տուրիզմն է զարգանում, ներդրումներ կան: Իսկ մեզանում նոր-նոր (եթե ես չեմ սխալվում) խոսվում է Քարվաճառի հիմնական ճանապարհները բարեկարգելու մասին: 15 տարի է անցել, ինչ Քարվաճառը մերն է»: «Մեր հոգեկերտվածքի մի մասն է, կարծես թե` եթե վտանգ կա, թողնել-հեռանալ: Հրեական ընկալման մեջ այդպիսի բան լինել չի կարող: Իրենց բնակավայրերը կառուցում են սահմանամերձ` ամենավտանգավոր հատվածներում և կառչած մնում են: Այդ բնակավայրերը ռմբահարվում են, այստեղ երբեմն նաև զոհեր են լինում, բայց դա պատճառ չէ, որ մարդիկ թողնեն-գնան»,- ասաց Դավիթ Ջամալյանը: Հայաստանի և Իսրայելի մեկ այլ տարբերություն, որը դարձյալ խոսում է հօգուտ վերջինի, այն է, որ Իսրայելն ակնհայտ խնդիր ունի միավորել բազմաբղետ հանրույթը «Մեկ ընդհանուր իսրայելություն» ինքնագիտակցության մեջ. Իսրայելը վերաբնակների երկիր է, և բնակչության մի ստվար հատված տարբերվում է մշակութային, անգամ անտրոպոլոգիական հատկանիշներով: Իսկ այդ համազգային միասնականության գրավականներից մեկն է արաբներից եկող վտանգը: «Իրենց նախավերջին նախագահ Մոշե Կացավը ծագումով եթովպացի հրեա էր: Խոսվում էր, որ իրենց այդ պաշտոնն առաջարկել են այն բանի համար, որ հրեականության եթովպական հատվածն իրեն անտեսված չզգա երկրում. երկրի կառավարման մեջ իր ներկայացուցիչն ունենա, որ ավելի ինտեգրվի: Պառակտում ասվածը (ընդ որում` ակնհայտ տարբերություններ կան, հոգեբանորեն պարարտ հող կա այդպիսի պառակտման համար) այնտեղ ուղղակի բացառված է: Այնտեղ սուր բանավեճեր, իհարկե, լինում են քաղաքական ինչ-որ տարբեր հարցերի վերաբերյալ: Բայց որ համազգային կարևորության հարցերը դառնան ներքաղաքական շահարկման առարկա` Իսրայելի պարագայում բացառվում է: Սա էլի պետական մտածողության դրսևորումներից մեկն է»,- ասաց Դավիթ Ջամալյանը` որպես հրեաների միասնականության հակադրություն բերելով հայաստանցի-ղարաբաղցի պառակտումը, որը ակնհայտ քաղաքական ռեսուրսի է վերածվել:
Իսրայել-Ադրբեջան. խաղի ներքին կանոններ 
Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը, նշեց, որ կարծրատիպ և անգամ անեկդոտներ կան, թե հրեաները խորամանկ, հաշվենկատ, շահամոլ ազգ են: «Բայց իրականում դա այնքան էլ այդպես չէ: Այնպիսի խորը հոգեկերտվածք` իրենց ինքնության, եսի և պատմության նկատմամբ, ինչպիսին ունեն հրեաները, երևի աշխարհում ոչ ոք չունի»,- ասաց Արտակ Գրիգորյանը: Անդրադառնալով Իսրայելի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին` Արտակ Գրիգորյանը նշեց, որ դրանք են Իրանը, ինչպես նաև ԱՊՀ, հատկապես Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ նոր տիպի փոխհարաբերությունների հաստատումը: «Իսրայելը հակված է տարածաշրջանում նոր դաշնակիցների ձեռքբերման: Եվ, բնականաբար, նախկին ԽՍՀՄ իսլամական երկրներից առ այսօր որպես բաց դաշտ են մնացել. Հարավային Կովկասի երկրներից Ադրբեջանն է, և հատկապես միջինասիական իսլամական երկրները: Սրանով Իսրայելը ձգտում է ցույց տալ ամբողջ աշխարհին և հատկապես արաբական աշխարհին, որ իրականակում հրեաներ և մուսուլմաններ` Իսրայել և արաբական աշխարհ հակամարտություն գոյություն չունի, իսկ եթե գոյություն ունի` ապա ոչ իր մեղքով»,- ասաց ՀՀԿ խորհրդի անդամը: Նրա խոսքերով` չափավոր իսլամական երկրների հետ զարգացող հարաբերությունները կարող են Իսրայելի և ցանկացած մահմեդական երկրի համագործակցության ցուցամնուշ ծառայել` ի տարբերություն խոր իսլամականացման գնացող երկրների կամ քաղաքական շարուժումների: Նախկինում նման համագործակցության մոդել Իսրայելի համար ծառայում էր Թուրքիան: Սակայն ներկայումս Իսրայելում համարում են, որ Թուրքիան չի ձգտում արդիականացման և վերադառնում է մահմեդականացման: Նման պայմաններում Իսրայելը ստիպված է փնտրել նոր գործընկերներ, և ընտրությունը կանգ է առնում հատկապես Ադրբեջանի վրա: Վերջինս համարվում է Իսրայելի հետ ամենաինտեգրված երկիրը ողջ ԱՊՀ տարածքում: «Թեև ձմռանը` Գազայի պատերազմի ժամանակ, ամբողջ ԱՊՀ երկրների շարքում ամենակոշտ հակաիսրայելական հայտարարությունն արեց Ադրբեջանը: Բայց, ամենայն հավանականությամբ, նրանք ունենք նաև ներքին խաղի կանոններ, որովհետև դրանից անմիջապես հետո շատ արագ բոլորը մոռացան դրա մասին, իսլամական երկրներում ծափ տվեցին Ադրբեջանին, նրանք հետ եկան համագործակցության նույն ռելսերին»,- ասաց Արտակ Գրիգորյանը` հավելելով, որ մինչ ապրիլ-մայիս Ադրբեջանի ԱԳՆ-ից ակնարկում էի, որ գուցե և չընդունեն Շիմոն Պերեսի այցն Ադրբեջան, բայց այնուհետև ասացին, որ պատրաստ են Շիմոն Պերեսին ընդունել ամենաբարձր մակարդակով: «Այսինքն` Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ Իսրայելն իրենց ավելի շատ բան կարող է տալ, քան Իրանը»: Իսրայելը ադրբեջանական նավթի հիմնական գնորդներից է: Արտակ Գրիգորյանի խոսքերով` որպեսզի Իսրայելը, հանձին Ադրբեջանի` Հարավային Կովկասում, Իրանի հյուսիսային հատվածում, ունենա հենման կետ, պետք է լուրջ բան առաջարկեր, ինչը զենքի արտադրությունն է: «Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Իսկ Իսրայելում որոշ զինատեսակների արտադրությունը բավական լուրջ մակարդակի է հասել: Հատկապես անօդաչու հետախուզական ինքնաթիռների մասին է խոսքը»,- ասաց Դավիթ Ջամալյանը: Նա հավելեց, որ Հայաստանն էլ ունի ռազմական արդյունաբերություն և հավասարակշռության իմաստով չի զիջում Ադրբեջանին:
Իսրայել-Հայաստան. համայնք, հարստություն, միաբանություն
Արտակ Գրիգորյանի խոսքերով` իսրայելցիները զգուշավոր են վերաբերվում Հայաստանին, քանի որ վերջինս ունի սերտացող հարաբերություններ արաբական աշխարհի հետ, հայկական համայնքներ կան Սիրիայում, Լիբանանում, Իրանում: Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե Իսրայելն ինչպիսի ռազմավարական համագործակցության մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, պատրաստակամ է համագործակցել նաև Հայաստանի հետ: «Մեզ շահավետ է և՛ Իրանի, և՛ Իսրայելի հետ ունենալ զարգացող դինամիկ փոխհարաբերություններ»,- ասաց Արտակ Գրիգորյանը: Նրա խոսքերով` Հայաստանն Իսրայելում ունի լուրջ շահեր` հայկական թաղամաս Երուսաղեմում, հայկական համայնք, վանական միաբանություն, պատրիարքարան, պատկառելի հարստություններ, որոնք վտանգված են: Անդրադառնալով «Հետքի» հարցին, թե ի՞նչ վտանգ է սպառնում հայկական հարստությանը Իսրայելում` ՀՀԿ խորհրդի անդամը նշեց, որ Իսրայելում եղած միաբանություններից թույլ օղակն այսօր հայկական պատրիարքությունն է: Կաթոլիկ միաբանությանը «որևէ բան ասել» հրեաները չեն համարձակվում, քանի որ աշխարհի հզոր երկրները հիմնականում կաթոլիկ են: Հույն ուղղափառ եկեղեցին ևս պաշտպանված է, քանի որ հսկայական Ռուսաստանը ևս ուղղափառ է: Մահմեդականների հարցը ևս պարզ է: Մնում են հայկական միաբանությունը և թաղամասը: «Լացի պատին հասնելու համար հրեաները անցնում են հայկական թաղամասի միջով: Այնտեղ կարող է հայտնվել մի արաբ կամ ինչ-որ մեկը` ձեռքին մի 300 տարվա սուլթանական հրովարտակ, և ասել. «Էս 5 հա հողակտորը եղել է իմ պապինը: Տեսեք` սուլթանից ենք ստացել: Դուք հետո խլել եք իրենց»: Ու դիմի դատարան: Եթե մերոնք չկարողանան գզրոցներից գտնել մի հատ ուրիշ նմանատիպ թուղթ, թե «որ պապից հետո են առել էդ հողը», դատարանը որոշում է կայացնում և բավարարում նրանց խնդրանքը: Այ, այս կտրվածքով հարստությունը վտանգի տակ է, որովհետև մաս-մաս նրանք փորձում են բեկորներ պոկել և հայերից, և հույներից»,- ասաց Արտակ Գրիգորյանը: Ըստ բանախոսի` եթե մենք փորձենք ավելի սերտացնել մեր հարաբերություններն Իսրայելի հետ, դա խանդոտ կամ ամբիցիոզ ռեակցիա կառաջացնի Իրանի կողմից: Եվ այստեղ ուղղակի պետք է հավասարակշռել, կարողանալ գտնել ոսկե միջինը: Անդրադառնալով նույն խնդրին` Դավիթ Ջամալյանը նշեց. «Հատակապես Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության խնդրի լուծումից հետո մենք կհայտնվենք միանգամայն այլ որակական վիճակում թե՛ Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում, թե՛ ուղղակի տնտեսության զարգացման լայն իմաստով: Իրանի հետ հարաբերությունները կենսական են: Բայց մյուս կողմից էլ մենք պետականություն ենք. չենք կարող մեր հարաբերությունները կառուցել` նայելով, թե ում դուր կգա, ում չի գա»: Արտակ Գրիգորյանի համոզմամբ` Իսրայելն էլ իր հերթին որոշակի խնդիրներ կլուծի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելով: Հայաստանը լուրջ դերակատարություն ունի Հարավային Կովկասում, որը Իսրայելի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է, ինչպես նաև Իրանի ու Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Իսրայելին ձեռնտու է մտնել Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքի մեջ: «Երկրորդ` գոյություն ունի Հայաստան-Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան քառանկյուն` շատ խառն ու պայթյունավտանգ իրավիճակ պարունակող փոխհարաբերություններով: Այս պայմաններում նույն Թուրքիայի, վաղը մյուս օրը նաև Ադրբեջանի վրա երբեմն զսպիչ գործոն լինելու կտրվածքով, բնականաբար, Իսրայելը շահագրգռված է մեզ հետ հարաբերությունները զարգացնել»,- ասաց Արտակ Գրիգորյանը: Նրա կարծիքով` այսօր ԱՄՆ-ում գործող հրեական լոբբիստական կառույցները, թեև բավականին ուժեղ են, բայց հայկական լոբբինգի կարիքն ունեն, քանի որ ԱՄՆ-Իսրայել փոխհարաբերությունները բավականին բարդանում են:
Իսրայել և Հայոց ցեղասպանություն. կրթության հանձնաժողով
Արտակ Գրիգորյանի համոզմամբ` մոտ ժամանակներս Իսրայելը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նրա խոսքերով, թեև թուրք-իսրայելական հարաբերությունները սկսել էին սառել դավոսյան հայտնի միջադեպից առաջ, սակայն որքան էլ հարաբերությունները սառեն, «դրանք տասնամյակների ընթացքում արդեն թրծված փոխհարաբերություններ են և երկուստեք բազմաթիվ ոլորտներում` խիստ շահեկան»: Արտակ Գրիգորյանն ասաց, որ դավոսյան միջադեպից մի քանի օր անց իսրայելական իշխանության վերահսկողության տակ գտնվող կայքերից մեկում բավականին ծավալուն հոդված է հրապարակվել Հայոց ցեղասպանության մասին, որում ուղղակի մեղադրվել է Թուրքիան: Այնուհետև Հայոց ցեղասպանությանն են անդրադարձել Իսրայելի ռազմական գործիչները` ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարն իր հարցազրույցում: Նրա համոզմամբ, սակայն, այս ամենն արվել է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու և նրան կարգի հրավիրելու համար: Իսկ Հայաստանն արդեն փորձ ունի, թե ինչպես են աշխարհի հզորները Թուրքիային կարգի հրավիրում: Անդրադառնալով 1,5 տարի առաջ Իսրայելի Քնեսեթ մտած Հայոց ցեղասպանության խնդրին` ՀՀԿ խորհրդի անդամն ասաց, որ այն արտաքին հարաբերությունների օրակարգից հայկական լոբբիի շնորհիվ տեղափոխվել է կրթության հանձնաժողով, ինչը դրական փոփոխություն է: «Մեր Ցեղասպանության հարցում Իսրայելի գիտական և քաղաքական շրջանակները բոլորովին այլ կարծիքներ ունեն: Այսինքն` հարցը տեղափոխվեց ավելի պրոհայկական միջավայր»,- ասաց Արտակ Գրիգորյանը: Դավիթ Ջամալյանն էլ նշեց, որ Իսրայելի գիտական շրջանակները հոյակապ գիտեն Հայոց ցեղասպանության իրողությունը և ընդունում են այն: «Իրենք հղումներ են անում Հիտլերի հայտնի խոսքերին: Անգամ ասել են, որ որոշ դպրոցներում անցնում են Հայոց ցեղասպանությունը` որպես ուսումնական կուրսի մի մասը»:
Իսրայելը և հայկական բրենդը
Արտակ Գրիգորյանի համոզմամբ` Երուսաղեմը հրաշալի միջավայր է ժամանակակից հայկական բրենդ ձևավորելու համար: «Երուսաղեմ տարեկան մտնում է մի քանի միլիոն զբոսաշրջիկ ամբողջ աշխարհից: Եվ նրանք, մտնելով Հին քաղաք, որը թերևս աշխարհի հոգևոր մայրաքաղաքը կարելի է համարել (Մեքքայից հետո երկրորդ սրբատեղին Երուսաղեմն է համարվում) աշխարհի հզորների կողմից տեսնում են հայկական ներկայությունը` հավասարը հավասարին: Թերևս աշխարհում միակ տեղն է, որտեղ մենք ներկայացված ենք այդ ձևով: Եվ մենք պետք է կարողանանք շատ ճկուն օգտագործել այս հանգամանքը` մեր ազգային բրենդը նորովի կառուցելու համար»,- նշեց ՀՀԿ խորհրդի անդամը:
Բանակ. հայկական ֆիդայական պատերազմը և իսրայելական մոբիլիզացիան
Ասուլիսի ժամանակ բանախոսներն անդրադարձան նաև հայկական և իսրայելական բանակներին: Արտակ Գրիգորյանը նշեց, որ մենք մեր պետական բանակը պրոյեկտել ենք խորհրդային բանակի մոդելի վրա: Այս մոդելը պրակտիկ չէ Հայաստանի դեպքում, քանի որ այն իրեն արդարացնում է ԽՍՀՄ-ի նման հսկայական երկրի դեպքում: «Ղարաբաղյան պատերազմը մենք հիմնականում հաղթեցինք ֆիդայական պատերազմի շնորհիվ: Մեր կանոնավար բանակը մարտական գործողություններին սկսեց մասնակցել վերջին 5-6 ամսվա ընթացքում: Իսկ մինչ այդ մենք Ղարաբաղն ազատագրեցինք մեր կամավորական երկրապահ ջոկատների շնորհիվ: Սա մեր ուրույն, պատմական բանակաշինության փորձն էր: 70-80 տարվա ընդմիջումից հետո մենք կարողացանք ցատկ կատարել դեպի 10-ական թթ. և այդ փորձը կիրառել 90-ական թթ., ինչը ստացվեց: Ադրբեջանն այդ փորձը չուներ»,- ասաց Արտակ Գրիգորյանը` հավելելով, որ ՆԱՏՕ-ի փորձն էլ միանշանակ կիրառելի չէ Հայաստանի համար, քանի որ ամերիկյան մոդել է` նախատեսված դարձյալ մեծ պետության համար: Մինչդեռ Իսրայելի դեպքում, նրա խոսքերով, բանակ-պետություն, բանակ-ազգ հարաբերության դինամիզմն ակնհայտ է: «Ամբողջ Իսրայելը մի րոպեում կարող է վերածվել բանակի»,- ասաց նա: «Իսրայելի պաշտպանության համակարգը լիովին հիմնվում է հրեական հոգեկերտվածքի վրա: Դրա ակնառու դրսևորումը այն է, որ աղջիկները գնում են բանակ: Դա իրենց համար այնքան բնական է, ինչքան մեզ համար այն, որ չեն զորակոչվում: Նրանք մարտական ստորաբաժանումներում չեն ընդգրկվում, ըստ օրենքի` իրենք թիկունքային ստորաբաժանումներում են: Անկախ սեռից` Իսրայելում յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ հասկանում է, որ իր անձնական պաշտպանվածության միակ գրավականը բանակն է: Եթե մեզ մոտ արտագաղթը հանդես է գալիս երբեմն իբրև հարմարվելու, պաշտպանվելու ռազմավարություն, ուղղակի թողնում-գնում ենք, հրեայի համար թողնել-գնալը չի ընկալվում»,- ասաց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքերով` Իսրայելում բանակից տարկետում հասկացությունը ընկալելի չէ, և հրեա աղջիկներն ու տղաները բանակ են գնում դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Ի տարբերություն մեզ` այնտեղ ուսման շարունակականության խնդիր չկա: Դավիթ Ջամալյանի համոզմամբ, երբ մարդ որոշում է գիտությամբ զբաղվել բանակում ծառայելուց հետո, «որակապես այլ կադրեր ենք ունենում», քանի որ ասպիրանտուրան դարձել է բանակից խուսափելու տեղ: «Ի դեպ, Արցախում էլ դպրոցն ավարտում են, գնում են բանակ, գալիս են, բուհ են ընդունվում: Արցախը` որպես պետականություն, իմ համոզմամբ, շատ ավելի կազմակերպված և ավելի մոտ է կանգնած իսրայելյան մոդելին, քան Հայաստանը: Իմ կարծիքով` արտաքին վտանգի գիտակցումից է, որ Արցախն ավելի կազմակերպված է ու կարգուկանոնն այստեղ ավելի է աչքի զարնում»,- ասաց Դավիթ Ջամալյանը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ավելի լավ չէ՞ ունենալ 10 գրագետ զինվոր, քան 18 տարեկան 100 զինվոր` նա ասաց, որ ցանկալի է կիրթ զինվոր ունենալ, սակայն մոբիլիզացիայի հետ կապված խնդիրներ կան: Ռազմական հոգեբանի համոզմամբ` առաջին գիծը պետք է պայմանագրային զինծառայողները պաշտպանեն, և մեր բանակի զարգացումը գնում է պայմանագրայինի և զորակոչայինի համատեղման ճանապարհով: «Հիմա մեր բանակում ինտնենսիվ զարգանում է պայմանագրային ծառայությունը, այսինքն` 18 տարեկան երեխաները մի որոշ ժամանակ հետո առաջին գծում չեն լինելու. նրանք պատրաստվելու են, ռեզերվում են մնալու»,- ասաց Դավիթ Ջամալյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել