HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վ. Օսկանյան. «Թուրքիան ամեն կերպ ձգտում է շուտափույթ լուծում տալ ղարաբաղյան հարցին»

27_04-oskanyan1ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ եւ ԼՂՀ նախագահի հովանու ներքո Ստեփանակերտում երեկ մեկնարկած խորհրդաժողովի ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը խոսել է Արցախի շուրջ համահայկական նոր զորաշարժի անհրաժեշտության մասին: Հայտնելով իր մտահոգությունները վերջին 2 տարում ստեղծված իրավիճակի եւ զարգացումների վերաբերյալ` նա շեշտել է, որ այսօրվա Հայաստանի իշխանություններն իրենց վարած քաղաքականության արդյունքում ստեղծել են մեզ համար ավելի բարդ իրավիճակ, որից դուրս գալն այսօր բավականին դժվար է, իսկ դիմագրավելը` լրացուցիչ ռեսուրսներ է պահանջում: Այդ քաղաքականությունը, ըստ Վ. Օսկանյանի, իր կուլմինացիան ունեցավ ապրիլի 22-ի հայտարարությամբ, որով սեպ խրվեց Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Վարդան Օսկանյանի կարծիքով, մեկ այլ մտահոգիչ հանգամանք էլ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է` ժողովրդավարության բացակայությունը, վատ ընտրությունները, մարտի 1-ը: «Այս ամենը բարդ իրավիճակ է ստեղծել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Հասարակությունը բաժանված է, այսօր կա վստահության խնդիր` հասարակության եւ իշխանությունների միջեւ»,- նշել է նա: Այս պայմանների բացակայության դեպքում, ըստ նախկին արտգործնախարարի, առավել քան անհրաժեշտ է միասնականություն ստեղծելը` գոնե մեզ համար կարեւոր նշանակություն ունեցող ազգային խնդիրների շուրջ. «Խնդիրն այն է, որ նշված պատճառները, որ պետք է խթան լինեն միավորվելու, զորաշարժի մասին մտածելու համար, հիմնական խոչընդոտներն են այդ զորաշարժի համար»: Վարդան Օսկանյանի կարծիքով, հայկական կողմի համար մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում նաեւ` կապված ռուս-ամերիկյան հարաբերությունների սրտացման հետ, ինչի արդյունքում սովորաբար բոլոր խնդիրները սեղանի վրա են դրվում, ինչը նաեւ առեւտրի հավանականություն է ենթադրում: Եվ նա մտահգոված է, որ այդ հարցերի շարքում է Ղարաբաղի հարցը, որը կարող է առեւտրի առարկա դառնալ էներգետիկ խնդիրների եւ այլ հարցերի պատճառով, ուստի պետք է շատ զգույշ լինել: Ըստ Վարդան Օսկանյանի` վտանգ է նաեւ Ղարաբաղյան հարցում Թուրքիայի նոր դերակատարությունը, որի պատճառով ճնշումը Հայաստանի վրա հայ-թուրքական հարաբերություններից տեղափոխվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր: Քանի որ սահմանի բացումը հնարավոր չէ առանց ղարաբաղյան հիմնախնդրի լուծման, Թուրքիան ամեն կերպ ձգտում է շուտափույթ լուծում տալ այդ հարցին: Եւ դրա վառ ապացույցը հենց երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների նախագահների համատեղ հայտարարությունն է, որով Թուրքիան, ըստ Վ. Օսկանյանի, նախատեսում է հնարավորն անել մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 24-ը հայ-թուրքական սահմանի բացման համար: Վարդան Օսկանյանը թյուրիմացություն է համարում նաեւ Մայնդորֆյան հռչակագիրը, մասնավորապես մի կետը, որտեղ նշվում է, որ ԼՂ-ի հարցը պետք է լուծվի միջազգային կազմակերպությունների սկզբունքների եւ այդ կազմակերպություններում ընդունված որոշումների հիման վրա: Այդ կազմակերպություններում, նախկին արտգործնախարարի խոսքերով, չկա որոշում, որը ի օգուտ Հայաստանի է, բոլորը հօգուտ Ադրբեջանի են: Այս պայմաններում, ըստ Վ.Օսկանյանի, արդեն իսկ անհրաժեշտություն է դառնում ռեսուրսների մոբիլիզացումը եւ հայկական կողմի պահանջների հստակեցումը, քանի որ տարիներ առաջ դրված պահանջները չեն համապատասխանում այսօրվա իրողություններին: «Մենք պետք է հստակեցնենք մեր պահանջը` համահունչ այսօրվա իրականությանը, Արցախի 17 տարվա անկախությանը»,-ավելացրել է նա: Ղարաբաղյան կարգավորման ներկայիս վիճակի եւ զարգացումների մասին խոսել է նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` նշելով, որ մեր դիվանագիտության ամենամեծ ձախողումն է, որ մենք չունենք այսօր մի փաստաթուղթ, որտեղ արձանագրված են մեր տեսակետներն ամբողջությամբ: Արմեն Ռուստամյանը շեշտել է, որ բանակցությունների ներկայիս ընթացքը հայերին ձեռնտու չէ, այդ իսկ պատճառով էլ, ըստ նրա, արտաքին քաղաքականությունում բեկում պետք է լինի: «Եթե անհրաժեշտ է` նաեւ բանակցությունների դադարեցման ճանապարհով, որովհետեւ այս ընթացքը լավ տեղ չի տանում մեզ»,- համարում է նա: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների ներկա ընթացքի մասին` նա ասել է, որ անվտանգության հարցերը քննարկելիս պետք է շեշտը դրվի նրա վրա, որ անվտանգություն ասվածը չի կարող անջատված լինել կարգավիճակից: «Կարգավիճակը միջազգային ամենամեծ անվտանգությունը երաշխավորող հանգամանքն է: Եթե սուբյեկտ ես` ոչ մեկն իրավունք չունի ոտնձգություն կատարել քո սուվերենության վրա: Մենք չենք կարող ընդունել որեւէ անվտանգության նոր ծավալ, որն ավելի պակաս լինի, քան այն, ինչ մենք փաստացի այսօր ունենք` սա ամենագլխավոր թեզն է»,- ընդգծել է նա: Արմեն Ռուստամյանը, Ղարաբաղի անկախության ճանաչման համապատասխան համարժեք է համարում ՀՀ կարգավիճակի ճանաչումը` որպես ԼՂՀ անկախության եւ անվտանգության երաշխավոր: Նա նաեւ ընդգծել է, որ վաղուց ժամանակն է խոսել Հայաստան-ԼՂՀ տանդեմի մասին: Ըստ նրա, չգիտես ինչու, մենք ընդունում ենք, որ գոյություն ունի Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, բայց չենք ուզում հրապարակ բերել Հայաստան-ԼՂՀ տանդեմը, որն այսօր աշխարհի համար գոյություն չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter