HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեծամորում անգործությունը կործանում է ընտանիքներին

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի «Մենք պարտավոր ենք ապրել» ծրագիրը ստեղծվել եւ հիմնադրամի կազմում գործել է 2001թ.:  2007թ. հունվարի 1-ից ծրագիրը գրանցվել է որպես «Զանգակատուն» եւ մինչ օրս իրականացնում է Երեւան, Մեծամոր եւ Վանաձոր քաղաքներում: Հուլիսի ութին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում էին հավաքվել Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն Մարգարիտ Հովհաննեսյանը, Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ րիգորյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մարինե Հովակիմյանը, հյուրեր Կրթության եւ գիտության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Մշակույթի նախարարություններից եւ այլն: Հանդիպման նպատակը Մեծամորում խոցելի եւ անապահով ընտանիքների խնդիրների վեր բարձրացումն էր, ինչպես նաեւ «Զանգակատան» կատարած աշխատանքներն ու հետագա անելիքները ներկայացնելը: «Զանգակատուն» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Մեծամորում գործազրկությունը բավականին շատ է, դրանից ելնելով էլ խոցելի ընտանիքների թիվն է քաղաքում շատ: «Շատ են ընտանիքներ, որտեղ հայրը գնացել է Ռուսաստան գումար աշխատելու եւ մոռացել է ընտանիքի մասին ու չի եկել: Այդ եւ նմանատիպ այլ ընտանիքների երեխաները, չափահաս անդամները, երբ հաճախում են մեզ մոտ, պարզում ենք, որ նրանց մոտ այդքան էլ չի արժեւորվում կրթությունը եւ աշխատանքը: Բազմաթիվ դեպքեր ունենք Մեծամորում, երբ երեխաները տարբեր պատճառներով դուրս են մնում դպրոցից: Շատ է պատահում նաեւ, որ մեր աջակցությամբ դպրոց են վերադառնում»,-ասաց Կարինե Գրիգորյանը: Նրա ասելով, Մեծամորում այս տարի 7 երեխա էր դպրոցից դուրս մնացել, որոնցից 5-ն արդեն դպրոց է վերադարձել: «Զանգակատունը» Մեծամոր է եկել Արմավիրի թեմի առաջնորդի հրավերով: «Մեծամորում չկար որեւէ ծրագիր, որ կաշխատեր երեխաների հետ, կարելի է ասել անտեսված քաղաք է` մոտ գտնվելով Երեւանին: Եթե Մեծամորը սահմանամերձ լիներ կամ հեռավոր մի քաղաք  լիներ, անուշադրությունը կհասկանաինք, բայց Երեւանից ընդամենը 40 կմ է հեռու եւ կարելի էր քաղաքում աշխուժություն մտցնել, բայց ցավոք տխուր է վիճակը»,-ավելացրեց Կ. Գրիգորյանը: Ներկայումս կազմակերպությունը գործում է Մեծամորի սբ. Ղազար եկեղեցուն պատկանող կառույցում: Այդտեղ խոցելի ընտանիքների համար իրականացվում է սոցիալական, հոգեբանական, հոգեւոր, ուսուցողական եւ կրթական, ժամանցի եւ այլ ծրագրեր: Կան երգի, թատերական, նկարչության եւ այլ խմբեր: Կենտրոնի սոցիալական աշխատողները մեզ ներկայացրեցին մի ընտանիքի պատմություն, ասելով, որ սա իրենց պատահած ամենալավ վիճակում գտնվողներից է եւ ունեն ավելի ծայրահեղ վիճակում հայտնվածները: 1968թ ծնված Պետրոսյան Փառանձեմը ամուսնու` Արարատի հետ փաստացի համատեղ ապրել է շուրջ 5 տարի: Նրանց ամուսնությունը գրանցված է, սակայն երեխաները կրում են մոր ազգանունը: Ունեն 3 երեխա` Հովհաննեսը` 10 տարեկան, 8-ամյա Մարինեն եւ Իռան` 5տարեկան: Ընտանիքում միշտ առկա են եղել հոգեբանական և ֆիզիկական բռնություններ` ամուսինը հաճախ է ծեծել կնոջը: Փառանձեմի ասելով, ամուսինն ունի դատվածություն` գողության մեղադրանքով եւ 2004թ. լքել է Հայաստանը խուսափելով նորից դատապարտվելուց: Առանց Փառանձեմից ամուսնալուծվելու ՌԴ-ում Արարատը կազմել է նոր ընտանիք ռուս կնոջ հետ: Պարբերաբար նա  զանգում է եւ փորձում է կապ պահպանել երեխաների հետ, սակայն Փառանձեմն արգելում է երեխաներին հաղորդակցվել հոր հետ` այդպիսով վրեժ  լուծելով ամուսնուց: Փառանձեմը նույն բնակարանում ապրում է ամուսնու մոր հետ: Նա  ծանր կաթված է տարել եւ վերջերս է վերադարձել Ռուսաստանից: Նրանց հարաբերությունները խիստ լարված են, երբեմն հարսը սկեսրոջը ենթարկում է հոգեբանական եւ ֆիզիկական բռնությունների: Բնակարանը  երկսենյականոց է, կիսադատարկ, քանդված պատերով, պոկված պաստառներով, տեղ-տեղ էլ քանդված է հատակը: Բնակարանը կեղտոտ է, ծանր հոտով: Ունեն հին և խարխուլ կահույք: Բնակարանի սեփականատերը Փառանձեմի սկեսուրն է, իսկ հարսն ու թոռները այդ բնակարանում գրանցված չեն: Ընտանիքի եկամուտի միակ աղբյուրը Փառանձեմի աշխատավարձն է մոտ 30.000 դրամ: Նա բացարձակ անգրագետ է, խոսելիս չի կարողանում մտքերը հստակ կապակցել: Չի կարողանում բավարար չափով ապահովել երխաների խնամքը, հիգիենան, դաստիարակությունը եւ կրթությունը: Երեխաները նրա կողմից հաճախ ենթարկվում են ֆիզիկական եւ հոգեբանական բռնության, սակայն շատ կապված է եւ սիրում է երեխաներին: Marine-11.07.09Փառանձեմի բառապաշարը հարուստ է անպարկեշտ և հայհոյալից խոսքերով, որոնք կրկնում են նաև երեխաները` հատկապես Մարինեն: Մարինեն «Զանգակատան» ծրագրում ընդգրկման պահին խիստ հուսալքված է եղել, ունեցել է  ինքնասպանության մտքեր: Hovhannes-11.07.09Հովհաննեսն ունի շեղվող վարք` գողության հակումներ, հաղորդակցման և կենտրոնանալու դժվարություններ: Եթե այլ ընտանիքներում կրթության նկատմամբ անուշադրությունը գալիս է ծնողներից, ապա Փառանձեմի դեպքում, խնդիրը բոլորովին այլ է` նա ամեն ինչ անում է, որ իր երեխաները ուսում ստանան: «Վատ ենք ապրում, դա է կրթությունից ետ մնալու պատճառը, բայց ուզում եմ երեխաներս իմ պես անգրագետ չմեծանան».-ասում է Փառանձեմը: Հ/կ-ի սոցիալական աշխատողները իրականացվում են  հաճախակի տնայցեր և հանդպումներ Փառանձեմի հետ : Նրան խորհուդներ են տալիս երեխաներին հաճախակի գրկելու, շոյելու, համբուրելու, ինչպես նաև ծեծը որպես պատժամիջոց և հայհոյալից բառեր չկիրառելու վերաբերյալ: Խորհուրդ է տրվել  չարգելել երեխաներին հաղորդակցվել հոր հետ: Իսկ երեխաներն ընդգրկված են հոգեբանի խմբային աշխատանքներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter