HY RU EN

Հայկուշ Ասլանյան

Բժշկական թափոնների վնասազերծման գործարան Էջմիածնում

12_07-taponnerԷջմիածնում շահագործման է հանձնվել բժշկական թափոնների ոչնչացման հայ- գերմանական համատեղ գործարանը, որն իր տեսակի մեջ միակն է Հարավային Կովկասում: Գործարանը կառուցել է«Էկոլոգիա Վ.Կ.Հ.» ՍՊԸ-ն:  Վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիա ընկերությունը ստացել է 2009 մարտի 26-ին կառավարության 449-Ա որոշմամբ: Ընկերության տնօրեն Անժելա Մովսիսյանը  ասում է, որ Հայաստանում նման  գործարանի անհրաժեշտությունն առաջացավ 88-ի երկրաշարժից հետո:

12_07-medical_taponner«Տոննաներով դեղ ու բժշկական այլ պարագաներ ներմուծվեցին Հայաստան: Այնքան շատ էին, որ ամբողջությանբ չսպառվեցին: Տարբեր կազմակերպությունների պահեստներում կուտակվեցին-մնացին: Դրանց ոչնչացումը դարձավ մեծ խնդիր. չկային վնասազերծման նվազագույն պայմաններ անգամ, որպեսզի ոչնչացումից հետո էկոլոգիային հասցրած վնասը հնարավորինս քիչ լիներ: Հիմա, մեր գործարանն արդեն կլուծի այդ խնդիրը»,- ասաց Ա.Մովսիսյանը: Գործարանի վայրի ընտրությունը գերմանական կողմինն է եղել: Ըստ Անժելա Մովսիսյանի` տեղի ընտրության հարցում գերմանացիներն  ուսումնասիրել են ոչ միայն Հարավային Կովկասի երկրները, այլ` Թուրքիան եւ Իրանը: «Իսկ 2006-ի նոյեմբերին, երբ առաջին անգամ եկան Հայաստան և ուսումնասիրեցին մեր տեղանքը, որոշեցին, որ հենց այստեղ էլ կառուցելու են թափոնների գործարանը: Գաղափարը հավանության արժանացավ նաեւ Հայաստանի կառավարության կողմից. փաստաթղթային ձևակերպումներին հաջորդեցին շինարարական աշխատանքները»,- պատմում է Անժելա Մովսիսիյանը: Գործարանն Էջմիածնի վարչական տարածքում է, քաղաքից 3-4 կմ հեռավորության վրա: Շենքի կառուցումն իրականացրել է հայկական կողմը, 3 մլն եվրոյի ներդրում էլ արել է գերմանական J&Z  ընկերությունը: Գործարանն աշխատում է մեկ վառարանով, որը 1500-1600 աստիճանի տակ, այրման եղանակով վնասազերծում է մետաղական եւ ոչ մետաղական թափոններից առաջացած գազերը: Տնօրենի ասելով` առաջիկայում նախատեսվում է նաեւ 2-րդ վառարանի տեղադրումը: Ընկերությունը բժշկական 12 կազմակերպությունների հետ արդեն  պայմանագրեր ունի: «Սկսել ենք մայրաքաղաքից ու Էջմիածնից, շուտով նաև մարզային հիվանդանոցներ կայցելենք»,-ասաց ընկերության պատասխանատուն: Էջմիածնի ծննդատան գլխավոր բժիշկ Աշոտ Սամսոնյանն ասաց, որ գործարանն իրենց համար փրկություն է: «Թափոնների հարցում  խայտառակ վիճակ էր: Դրանցից ազատվելու որեւէ տարբերակ չունեինք: Ստիպված խնդրում էինք քաղաքի աղբատար բանվորներին, որ տանեին-թափեին: Նրանք էլ անընդհատ դժգոհում էին, պատմություններ սարքում: Մշտապես վիճաբանության մեջ էինք իրար հետ: Հիմա լավ է, գործարանից օրումեջ գալիս-տանում են: Կարեւոր հոգսից ազատվեցինք»,-ասաց ծննդատան տնօրենը: «Թափոնների համար հիգիենիկ, մեկանգամյա օգտագործման տարաներ ենք տրամադրում բուժհիմնարկներին եւ հատուկ մասնագիտացված մեքենաների միջոցով դրանք տեղափոխում գործարան»,-ասաց Անժելա Մովսիսյանը: Հին դեղորայքից բացի, թափոններ ասվածի մեջ ներառվում են նաև վիրակապերը, գիպսակապերը, մեկանգամյա օգտագործման սպիտակեղենը, ներարկիչները, հերձադանակները, մարմնի մասերը, օրգանների մնացորդները, արյան պարկերն ու պահածոյացված արյունը, գունավոր մետաղ պարունակող քիմիական միջոցները, հանքային յուղերը... Ընկերության ղեկավարի տեղեկացմամբ`մինչեւ գործարանի շահագործումը, բուժհիմնարկությունները թափոննեը ոչնչացրել են ամենապարզ ու վտանգավոր եղանակով. իրենց հաստատության տարածքում առանձնացրած մի վայրում փոս են փորել ու թաղել դրանք: «Թափոնները քայքայվելով, գրունտային ջրերի հետ խառնվելով, հետագայում պտուղ-բանջարեղենի միջոցով նորից վերադարձել են մեզ: Վնասազերծման այդ ձեւը խիստ վտանգավոր է»,- ասաց ընկերության տնօրենը: Նրա փոխանցմամբ` շատ հաճախ էլ բուժաշխատողները հիվանդի անդամահատած օրգանը հանձնել են հարազատներին, որոնք էլ կամ ոչնչացրել են թաղելու միջոցով, կամ` գցել աղբարկղը: «Էկոլոգիա Վ.Կ.Հ » ՍՊԸ-ի ղեկավարը փարատեց մտավախությունը, թե գործարանի արտանետած  ծուխը կարող է վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար: «Տեխնոլոգիական սարքավորումներ արտադրող գերմանական JFZW  ընկերությունն աշխարհի առաջատարներից է: Ընկերության արտադրած գերհզոր ֆիլտրերը կրկնակի մշակման են ենթարկում, որից հետո վնասազերծված ծուխը արտանետում մթնոլորտ: Բացի դա, վառարանն ունի նաև ջերմափոխանակիչ, որը սառեցնում է մթնոլորտ դուրս եկող ծուխը»,-ասաց Անժելա Մովսիսյանը: