
Ոսկե Ծիրանի բացման մեկնարկին ցուցադրված «Մերձավոր շրջապատ» ֆիլմը մեծ քննարկումների առիթ է դարձել հայ հանդիսատեսի համար: Ֆիլմում հայերը ներկայացված են գանգստերների կերպարով: Մանրամասները` www.sard.hetq.am-ում:Երեկ «Ոսկե Ծիրան» փառատոնի բացումը նշանավորվեց բոլորի կողմից երկար սպասված «Մերձավոր շրջապատ» ֆիլմի ցուցադրությամբ: Ցուցադրությունից հետո դահլիճում հակասական մտքեր արտահայտվեցին: Մի տարեց մարդ էլ, ընդհատելով հանդիսատեսի ծափահարությունները, վրդովմունք հայտնեց, թե հայ մարդու կերպարը ապականել են ֆիլմում:
Ֆիլմի սկզբում թեթեւ ակնարկով ներկայացվում են 1920 թվականին Ֆրանսիա գաղթած հայերը, ովքեր դժվարին պայմաններում սկսեցին գոյատեւել օտար երկրում:
Թերեւս միայն այս հանգամանքը եւ ֆիլմի հերոս հանդիսացող հոր եւ որդու Մալաքյան ազգանունն է, որ «Մերձավոր շրջապատ» ֆիլմն ինչ-որ ձեւով կապվում է հայերի հետ:
Դահլիճում բողոքող մարդկանց վրդովեցրել էր այն հանգամանքը, որ հայի կերպարը մարմնավորող հայր եւ որդի Մալաքյանները ներկայացնում էին մի գանգստերական ընտանիք, որը վերահսկում է հարավային Ֆրանսիայի ընդհատակյա աշխարհը:
Ընտանիքի հայրը` Միլո Մալաքյանը /Ժան Ռենո/ մաֆիոզական շարժման պարագլուխն է, ով եւ կազմակերպում է բոլոր գործարքները: Հոր գործարքներին կուլ է գնում նրա որդիներից մեկը, ում մենք ֆիլմում չենք տեսնում: Մյուս որդին` Անտոնը, փորձում է ընդդիմանալ հոր բռնությանը: Մի դրվագում հայրը սպանում է իր հերթական զոհերին, այդ ժամանակ որդին հորը կշտամբում է` ասելով` կարող էիր խնայել:
Անտոնին փրկելու է գալիս բուժքույր Էլոդին, ում սիրահարված է տղան:
Աղջկա հետ խաղաղ կյանքով ապրելու ցանկությունը ստիպում է Անտոնին ընդդիմանալ հոր կողմից առաջարկվող կյանքին: Անտոնը գնում է վերջին գործարքին հոր հետ` ամենախոշորը եւ փողաբերը, որով, ինչպես հայր Մալաքյանն է նշում, նա կարող է ապրել մինչեւ կյանքի վերջ:
Ոստիկանությունը վաղուց գիտի Մալաքյանների գործունեության մասին, սակայն մաֆիոզների արարքները տեղում բռնացնելու եւ բավարար ապացույցներ չունենալու պատճառով ոչինչ չի կարողանում անել:
Անտոնը իր խոստացած վերջին գործարքն իրականացնում է, սակայն սպանվում է ոստիկանի կողմից:
Էլոիդը կանգնած է ափին` ժամադրության վայրում, որտեղ պիտի ժամանի արդեն մահացած Անտոնը:
Մալաքյանը կորցրեց իր երկրորդ որդուն:
Ֆիլմն ավարտվում է հետաքրքիր լուծմամբ: Մենք չենք տեսնում դիակի վրա ողբացող կնոջը, պարզապես Էլոիդի ձեռքերին տեսնում ենք նորածին մի մանկան, ով սկզբից լալիս է, սակայն շուտով` հանդարտվում: Կարծես ազդարարվում է նոր Անտոնի ծնունդը. նոր Անտոն, ո'չ մարդասպան, ո'չ գանգստեր, այլ հոգով մաքրված եւ ազատ դարձած Անտոն: Եվ մինչ այդ Էլոիդի նկատմամբ թշնամաբար տրամադրված Մալաքյանը գալիս է տեսնելու իր թոռանը:
Ֆիլմի ռեժիսոր, ծագումով իտալացի Լորան Տյուելն ասաց, որ ցանկացել է հատկապես հայերի մասին նկարահանել, քանի որ Հայաստանի եւ հայերի մաին շատ քիչ բան է իմացել:

«Այս ֆիլմի վրա ես աշխատել եմ 2 տարի: Ֆիլմն արտագաղթի մասին է: 1920-ական թվականների արտագաղթից հետո Ֆրանսիայում հայտնված հայերի մասին, ովքեր հիմա արդեն մեծ համայնք են կազմում, բայց Ֆրանսիայում դեռեւս հստակ պատկերացում չկա հայերի մասին: Ես հայ համայնքին այդքան էլ լավ ծանոթ չեմ: Այդ պատճառով էլ որոշեցի ֆիլմ նկարել հենց հայերի մասին: Ինձ սխալ չհասկանաք, ոչ թե նախադեպեր են եղել, որ հայերը ավազակներ են եղել, այլ պարզապես ինձ հետաքրքիր էր այս թեման նկարահանել հայերի պատմության հիման վրա»,- պարզաբանեց ռեժիսորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել