
Երեկ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատոնը, որին հյուրընկալվել են միջազգային կինոյի վարպետների մի ամբողջ խումբ` Ֆրանսիայի պրոդյուսերների ասոցիացիայի նախագահ, Կաննի միջազգային կինոփառատոնի համանախագահ, ֆրանսահայ պրոդյուսեր Ալեն Թերզյանը, ֆրանսիացի ռեժիսոր Լորան Տյուելը, ռուս հանրահայտ ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը եւ նրա կինը` հանրահայտ դերասանուհի Տատյանա Դրուբիչը, ամերիկացի ռեժիսոր Ռոբ Նիլսոնը, փառատոնի ժյուրիի անդամներ` ճապոնացի Կոհեյ Օգուրին, դերասանուհի Արսինե Խանջյանը եւ այլ հանրահայտ կինոգործիչներ:
Երեկ «Սուրբ Զորավոր» եկեղեցում տեղի ունեցավ ծիրանի օրհնությունը: Ներկա գտնվողները հյուրասիրվեցին օրհնաված ծիրանով եւ ծիրանի օղիով:
Իսկ երեկոյան արդեն «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացումը: Փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը բացման խոսքում նշեց, որ իրենք արդեն պատրաստվում են «Ոսկե ծիրան-2010»-ին:
Բացմանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Որպես բացման ֆիլմ ներկայացվեց Լորան Տյուելի «Մերձավոր շրջապատ» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժան Ռենոն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել