HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխըմբռնման հուշագիր՝ գլխավոր դատախազության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոս այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը պայմանավորվել են համագործակցել դատախազության համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները գնահատելու հարցում: 

Ըստ այդմ՝ ԵԱՀԿ-ն կաջակցի 2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի, դատախազությանը վերապահված գործառույթների, պարտականությունների ու լիազորությունների մասնագիտական վերլուծությանը՝ հրավիրելով միջազգային փորձագետի:

Գնահատման միջոցով փորձագետը կմշակի դատախազության աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը բարելավելու նպատակով համապատասխան առաջարկություններ եւ դրանց իրականացման մեխանիզմներ:

Իսկ դատախազությունը պատշաճ կարգով կկազմակերպի փորձագետի հանդիպումները կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ, ինչպես նաեւ նրա այցելությունները մարզեր՝ տեղերում ծանոթանալու իրավիճակին: 

Դատախազության համակարգում իրականացված բարեփոխումները ուսումնասիրելու նպատակով միջազգային փորձագետ հրավիրելու առաջարկությամբ հանդես էր եկել ՀՀ գլխավոր դատախազը դեռեւս՝ 2010 թվականի սեպտեմբերին՝ դեսպան Սերգեյ Կապինոսի հետ ունեցած հանդիպման ժամանակ:

«Հայաստանի դատախազության համակարգը երեք անգամ ենթարկվել է բարեփոխումների: Վերջին բարեփոխման հիմքը դրվել է 2007 թվականին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, որի կիրառման ընթացքում արդեն իսկ ի հայտ են եկել որոշ խնդիրներ, բացթողումներ, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ: 

Միջազգային փորձագետ հրավիրելու նպատակը հենց դա է՝ միջազգային փորձի հիման վրա  կատարելագործել օրենսդրական դաշտը, շարունակել բարեփոխումները»,- հայտարարել է Աղվան Հովսեփյանը եւ ավելացրեց. «Գործառույթներն ու լիազորությունները պետք է համահունչ լինեն: Յուրաքանչյուր լիազորություն ենթադրում է պատասխանատվություն եւ պարտականություն, իսկ յուրաքանչյուր գործառույթ պետք է ենթադրի նաեւ որոշակի լիազորություն՝ ստանձնած գործառույթները պատշաճ իրականացնելու համար»: 

Հուշագրով նախատեսվում է, որ ուսումնասիրությունների արդյունքում փորձագետը կներկայացնի փորձագիտական գրավոր եզրակացություն՝ իրականացված բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաեւ առաջարկությունների փաթեթ՝ առկա խնդրահարույց հարցերը կարգավորելու նպատակով՝ հաշվի առնելով եվրոպական չափորոշիչները:

Հուշագրի ստորագրմամբ ձեւավորվել է իրավական հիմք՝ դատաիրավական բարեփոխումների համատեքստում ՀՀ դատախազության եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցությունը շարունակելու համար: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter