HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վ. Մովսիսյան. «Անհրաժեշտ է Սևանում ձկնորսությունը 3-4 տարով դադարեցնել»

«Քաղցրահամ ջրի խնդիրը լուրջ է, քանի որ աշխարհի բոլոր ջրային պաշարների 2.5 տոկոսն է միայն քաղցրահամ, մնացածը օվկիանոսային աղի ջրերն են: Պատահական չէ, որ ՄԱԿ-ը 21-րդ դարը հայտարարել է քացրահամ ջրերի դար»,- այսօր «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նա նշեց, որ Սևանը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ տարածաշրջանում քաղցրահամ ջրերի նման պաշար չկա: Սևանում քաղցրահամ ջուրը կազմում է 35 միլիարդ խորանարդ մետր, մինչդեռ նախկինում ունեցել ենք 58 մլրդ խմ: «1933թ.-ից օգտագործել ենք այդ պաշարները` հիմնականում էլեկտրաէներգիա արտադրելու և հողերը ոռոգելու համար, այդ պատճառով ջուրն այդքան կրճատվել է: ԽՍՀՄ-ի տարածքում չկա մի կառույց, որի հանդեպ այդքան հոգատարություն է ցուցաբերվել, ու այդքան ծախսեր են կատարվել: Եվ եթե հիմա էլ մենք չշարունակենք նման միջոցառումները, նախկինում կատարված ծախսերը ի չիք կդառնան: Սևանի հետ կապված երեք խումբ հիմնախնդիրներ կան լուծելու. առաջին` լճի մակարդակի բարձրացումը մինչև այն նիշը, որ կարողանանք էկոլոգիական հավասարակշռվածությունն ինչ որ տեղ պահել: Որոշված է Սևանի մակարդակը բարձրացնել ծովի մակերևույթից մինչև 1903.5 նիշ, ընդհանուր պետք է բարձրացվեր 6 մետր, որից մոտ 1,5-ն արդեն բարձրացվել է»,- ասաց նա: Ջրի մակարդակի վեց մետր բարձրացման հետևանքով կունենանք 8 միլիարդ լրացուցիչ ջուր: Վ. Մովսիսյանի հավաստմամբ`գլոբալ տաքացման շրջանում ենք ապրում, Հայաստանում մինչև 2030թ. ջերմաստիճանը բարձրանալու է երկու աստիճանով: Դա նշանակում է` տեղումները կպակասեն 17 տոկոսով, գոլորշիացումը կավելանա 22 տոկոսով, հետևաբար` անհրաժեշտ է ջրի պահուստներ ստեղծել: «Այդ բարձրացումը պետք է արվի մինչև 2031թ.: Կարևոր հարց է նաև լճից ոռոգման նպատակով պակաս ջուր բաց թողնելը: Անցյալ տարի բաց է թողնվել 302 միլիոն խմ ջուր, այս տարի կառավարության որոշմամաբ նախատեսվել է բաց թողնել 142 միլիոն խմ: Ցավոք, Սևանից ոռոգման նպատակով բաց թողնված ջրի 48-50 տոկոսը ոռոգման  ցանցերում, ջրանցքներում կորչում են: Ամենամեծ կորուստները ներքին ցանցերում են: Մենք արդեն առաջարկություններ ենք մշակել` ոռոգման նոր տեխնիկա և տեխնոլոգիա մշակելու համար: Գյուատնտեսության նախարարությունն այդ ուղղությամբ արդեն առաջին քայլերն է անում»,- ասաց նա: Սևանի հետ կապված խնդիրների երկրորդ խումբը լճի մաքրության հարցն է` եթե ջուրը չի մաքրվելու, Վ. Մովսիսյանի խոսքով` մակարդակի բարձրացնելն անիմաստ է: Այժմ հանձնաժողովն աշխատում է մաքրման կայանների ստեղծման վրա: «Ամենածանրը ափամաքրման հարցերն են, ջրի տակ է մնալու 2770 հեկտար անտառ, երբ վեց մետր բարձրացվի ջրի մակարդակը: Ափամերձ անօրինական շինությունները նույնպես պետք է դուրս գան, առանց դրա ջրի մաքրում չի կարող լինել»,- ասաց նա: Խնդիրների երրորդ խումբը կենսաբազմազանության հարցերն են` ֆլորայի, ֆաունայի, ձկնապաշարների: Հանձնաժողովն առաջարկում է ձկնորսությունը 3-4 տարով դադարեցնել, թույլատրել միայն խեցգետնի և կարասի որսը ափամերձ տարածքներում: Ինչ վերաբերում է նրան, որ այսօր Գեղարքունիքի մարզում հիմնականում մարդիկ հենց ձկնորսությամբ են զբաղված, ապա, Վ. Մովսիսյանը հավաստիացնում է որ մոտ 300 000 մարդ է ապրում Գեղարքունիքի մարզում, մինչդեռ Սևանում ձկնորսությամբ, ձկան վերամշակմամբ, առևտրով ու տեղափոխմամբ պաշտոնական  տվյալներով զբաղվում է 1706 մարդ: «Մենք չենք ասում` ձուկ չորսաք, ասում ենք` ստեղծենք, նոր որսանք: Մենք ասում ենք` 3 տարով դադարեցնենք, մինչև ձուկը դառնա սեռահասուն և սկսի ինքն իրեն վերարտադրել: Ու նոր միայն կարելի է գնալ, 10 անգամ ավելին որսալ, քան թե այսօր չեղածը սպառել»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter