HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արջուտին մեծ բարձրախոսն է պակասում

Արջուտը Վանաձորից հեռու է շուրջ 3 կիլոմետր: Գյուղ տանող ճանապարհը թեեւ կարճ է, բայց քանդված է ու անանցանելի: Ասֆալտով այն պատելը թանկ հաճույք է ընդամենը 3 մլն դրամ սեփական եկամուտ ունեցող համայնքի համար, ու, փաստորեն, Արջուտում բավարարվում են ամեն տարի գյուղ տանող, ինչպես նաեւ գյուղամիջի ճանապարհները խճաքարերով հարթեցնելով: Այս տարվա հորդառատ անձրեւները դա էլ են քարուքանդ արել:

Արջուտը 1500 բնակիչ ունի: Այստեղ ապրուստի միջոցն անասնապահությունն ու հողագործությունն է: Համայնքապետարանի ընդարձակ շենքում տեղակայված է նաեւ գյուղատնտեսությանն աջակցող միջազգային մի ծրագրի գրասենյակ: Համայնքապետարանի պատին ամրացված ցուցատախտակը ոչ թե համայնքինն է, այլ միջազգային ծրագրի գրասենյակինը: Հայտարարություններ կամ համայնքի ղեկավարի ու ավագանու որոշումների պատճեններ չկային ոչ համայնքապետարանի պատերին, ոչ էլ ցուցատախտակի վրա: Համայնքապետ Վարդան Մկրտչյանը հավաստիացնում է, թե ավագանու որոշումները ընդունման պահից մոտ 1 շաբաթ տեղ են գտնում ցուցատախտակին: Մեկ շաբաթ հետո ցուցատախտակը դատարկվում է, բայց եթե գյուղացիները ցանկություն հայտնեն, անարգել կարող են դրանց ծանոթանալ: Ավագանու վերջին նիստը մայիսին է տեղի ունեցել: Թե ինչու՞ համայնքապետն ավագանու որոշումների պատճենները մինչեւ հաջորդ նիստը փակցված չի թողնում ցուցատախտակին, պատճառաբանում է բնակիչների պասիվությամբ: «Եգվ գյուղացիները, եգւ ավագանին հետաքրքրված չեն դրանով, մեկը մյուսից հարցնելով ավելի շատ են իմանում, քան թե գան, տեղեկություն ստանան համայնքապետարանից»,- ասում է նա: Որեւէ արջուտցի, ինչպես նշում է համայնքապետը, մինչ այժմ չի եկել ու հետաքրքրվել տեղական բյուջեով, դրա ծախսման ուղղություններով եւ իրենց իսկ վճարած հարկերի ճակատագրով: Հարցին, թե երբեւէ հետաքրքրվե՞լ եք բյուջեի գումարներով, Արջուտի բնակչուհի Լեյլին ասում է` «բացառվում է»: Նրա ամուսինը` Արամայիս Իսրայելյանն էլ հավելում է. «Մենք մեզ թույլ չենք տվել գնալ, հետաքրքրվել»: Չնայած «ամոթխածությանը»՝ սեփական հարկերից գոյացող համայնքի ֆինանսատնտեսական փաստաթղթի շուրջ հարցեր բարձրացնելու վերաբերյալ, Արամայիս Իսրայելյանը միշտ էլ տեղյակ է ավագանու գործունեությունից: Պատմում է, թե հարկ եղած դեպքում անգամ մասնակցում է «ժողովներին»: «Գիտենք, որ ավագանու ընդունած որոշումները կարող ենք վերցնել, կարդալ»,- թեեւ երբեք առիթ չի եղել գնալ մի քանի մետր հեռու գտնվող համայնքապետարան ու սեփական աչքով կարդալ ինքնակառավարման մարմնի որոշումները: Արջուտի ավագանու որոշմամբ` նորածին ունեցող ընտանիքներին դրամական խրախուսում է տրվում: Իսրայելյանների ընտանիքում չգիտեին, որ համայնքի բյուջեից նորածին երեխաներին 10.000 դրամ է տրվում: Չգիտեին, որովհետեւ չէին ստացել. անցած տարվա դեկտեմբերին նրանց որդին աղջիկ է ունեցել, բայց համայնքապետարանը նրանց հասանելիք 10.000 դրամը չի հատկացրել:

13_07-arjut-2Համայնքապետ Վարդան Մկրտչյանը ցույց տվեց այս հունիսին մի ընտանիքի հատկացված 10.000 դրամի աջակցության փաստաթղթերը՝ նորածնի հոր ստորագրությամբ: Իսրայելյանների ընտանիքը միայնակ չէր իր անիրազեկության մեջ: Վարդան Մկրտչյանի հավաստմամբ` համայնքում անցած տարի երեխա չի ծնվել: Այնինչ, մեր դիտարկմամբ, առնվազն երկու երեխա է ծնվել 2008 թ., ու նորածնի ընտանիքները դրամական խրախուսում չեն ստացել: Ոչ միայն Իսրայելյանները տեղյակ չէին հատկացվող աջակցության մասին, այլեւ նրանց երիտասարդ հարեւանուհին, ով եւս անցած տարի է ծննդաբերել: Համայնքապետն ասում է, թե մինչեւ իրենց չդիմեն, իրենք աջակցություն չեն ցուցաբերում: Այնինչ բնակիչներին այս ու աջակցության մնացած տեսակների մասին համայնքապետարանն ինքն է պարտավորել իրազեկել: Արջուտի տեղական բյուջեով այս տարի 900.000 դրամ է նախատեսված նորածին ունեցող ընտանիքներին, միայնակ ծերերին, նյութական կարիք ունեցողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար: Սոցիալական աջակցության համար բյուջեից տրվող գումարի չափը հաստատել է ավագանին, իսկ այն ընտանիքները, որոնք դիմում են համայնքապետարան, ոչ թե ավագանու, այլ համայնքի ղեկավարի որոշմամբ են ստանում գումարը:

13_07-arjut-1Արամայիս Իսրայելյանն, օրինակ, հիշում է, որ համայնքի բյուջեից իրենց 50.000-100.000 դրամ էին հատկացրել: 55-ամյա արջուտցին կարծում է, թե գյուղում հրապարակայնությունն ապահովելուն մեծ բարձրախոսն է պակասում. «Հաղորդեին, թեկուզ թոշակառուների թոշակ ստանալու պահը, հաշմանդամներ, ծերեր կան, որ ի վիճակի չեն էդքան տարածքը գնան, իմանան` թոշակ կա՞, թե՝ ոչ»,- ասում է նա: Արջուտի այս տարվա բյուջեն, որը պետական հավելավճարի հետ միասին կազմում է 16 մլն դրամ, մեծ գումարներ է նախատեսել 7 հոգանոց աշխատակազմի պահպանման համար՝ 1,5 մլն դրամ: 2 մլն դրամից ավելին, այսինքն՝ մոտ այնքան, որքան սեփական եկամուտներն են, նախատեսվում է ծախսել ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման ուղղությամբ, օրինակ՝ տեղեկատվական ծառայությունների համար՝ 110.000 դրամ, աշխատակազմի վերապատրաստման համար՝ 40.000 դրամ: Ինչպես այս, այնպես էլ Լոռու մարզի մնացած գյուղական բնակավայրերում հարկերի հավաքագրման մակարդակը ցածր է: Անցյալ տարվա այս ժամանակահատվածի համեմատ Արջուտում սեփական եկամուտների հավաքագրումը նվազել է. անցալ տարվա 72 %-ի դիմաց այս տարի 65 % է հավաքագրվել: «Մեր սեփական եկամուտների հույսին եթե մնանք, գոյատեւել էլ չենք կարող»,- ասում է համայնքապետ Վարդան Մկրտչյանը:

Նա նույնպես անցյալից մնացած պարտքեր ունի՝ շուրջ 3 մլն դրամի հասնող ապառքներ, որոնց մեծ մասը, նրա ասելով, գոյացել են գյուղից հեռացածների չվճարած հողի հարկից: Անցյալ տարի Արջուտի ավագանին համայնքապետի աշխատանքը գնահատել է բավարար:

«Հա, բավարար եմ աշխատում, բա սա բավարար աշխատանք չի՞»,- իր աշխատանքը գնահատում է համայնքապետ Վարդան Մրտչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter