HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Քարվաճառում չեն պատրաստվում տարածքներ հանձնել

13_07-karvajarԵրեկ ԼՂՀ Նոր Շահումյանի շրջկետրոն Քարվաճառում ազատագրումից հետո առաջին անգամ դրվեց բազմաբնակարան շենքի հիմքը: Սա, թերեւս, պատասխանն էր օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների` Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությանը եւ տարիներ շարունակ քննարկվող «մադրիդյան սկզբունքներին», որոնք նախատեսում են նաեւ «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը»: Քարվաճառցիներին այնքան էլ չեն մտագոհում վերոնշյալ հայտարարությունները, եւ դրանք նրանց համար ոչ մի նշանակություն չունեն, քանի որ, ինչպես մեր զրույցի ժամանակ շատերը նշեցին, այդ հողն իրենցն է եւ չեն պատրաստվում որեւէ մեկին հանձնել: Շրջանի բնակիչ, «Վայկունիք» համույթի ղեկավար Սոնյա Հովակիմյանն ասում է, որ այդ տարածքներն ազատագրված տարածքներ են, այլ ոչ թե գրավված: «Սա մեր հողն է, եւ մենք այստեղ ապրելու իրավունք ունենք, ինչպես աշխարհի բոլոր երկրներում բնակվողները»,- նշում է նա: Քարվաճառի մեկ այլ բնակիչ Գրիգոր Գրիգորյանն անիմաստ է համարում տարածքների հանձնման մասին խոսելը. «Ես կտրականապես դեմ եմ հողերի հանձնմանը, քանի որ շատ լավ գիտեմ այդ հողի գինը: Այս տարածքներն իմ ընկերների արյամբ են ազատագրված: Ո±վ կհամարձակվի դրանք հանձնել: Հանձնելու մասին խոսք անգամ չպիտի գնա, ընդհակառակը` պետք է շարունակենք այն, ինչ անում ենք` շենքեր կառուցենք, աշխատենք ու արարենք»,- գտնում է Գրիգորը: Նա կնոջ եւ երեք երեխաների հետ է ապրում Քարվաճառում: Լյուդա Դավթյանը Քարվաճառի առաջին բնակիչներից է եւ այստեղ ապրում է երեխաների, թոռների, ինչպես ինքն է հպարտությամբ նշում` ամբողջ գերդաստանի հետ: «Կյանքս էլ կտամ, բայց մի թիզ հող չեմ տա ադրբեջանցիներին»,- ասում է տիկին Լյուդան: «Իմ երեք որդիները 16-17 տարեկանից են մասնակցել այս տարածքների ազատագրմանը, ահագին զոհեր ենք տվել դրա համար, ինչպե±ս կարող ենք հանձնել դրանք: Ոչ մի ղարաբաղցի մի թիզ հող չի տա, թող ոչ մեկը դրանում չկասկածի, իսկ ով փորձի ստորագրել տարածքների հանձնման փաստաթուղթը, ես ինքս կբռնեմ նրա ձեռքը եւ թույլ չեմ տա: Մեր տղաների արյամբ ազատագրված տարածքներում ադրբեջանցիները չպիտի ապրեն»,-այս կարծիքին է տիկին Լյուդան: 13_07-karvajar-1 Տեղեկացնենք, որ Քարվաճառում կառուցվող շենքը, որի հիմնարկեքին մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, շրջանի ղեկավարությունը, շինարարներ եւ հյուրեր, կլինի 18 բնակարանանոց` 2 եւ 3 սենյականոց բնակարաններով: Քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանի խոսքերով` շենքը կառուցվում է պետական միջոցների հաշվին: Քարվաճառում բնակարանաշինության գործում քաղաքաշինության նախարարությունը ցուցաբերելու է միկրոշրջանային մոտեցում, որը ենթադրում է եւս մի քանի շենքերի կառուցում: Իսկ թե ովքեր կլինեն առաջին շենքի բնակիչները` քաղաքաշինության նախարարը չգիտի, քանի որ, ինչպես ինքը նշեց, դա բնակարանային հանձնաժողովի որոշելիքն է: Նա միայն տեղեկացրեց, որ Պաշտպանության բանակից 6 հայտ են ստացել, միաժամանակ հավաստիացրեց, որ ոչ մի բնակարան վաճառքի չի հանվելու: «Իմ կարծիքով` սա գեղեցիկ եւ շատ կարեւոր մեկնարկ է, քանի որ առավել կարեւոր է մարդիկ հավատան, որ այստեղ ապագա ունեն»,- ավելացրեց Քաղաքաշինության նախարարը, ով երեկ այցելել է նաեւ Քարվաճառում կառուցվող դպրոցի նոր մասնաշենքի տարածք` ծանոթանալու շինարարության ընթացքին: Նորակառույց դպրոցը, որը նույնպես պետական միջոցներով է կառուցվում, 2 մասնաշենքից է բաղկացած լինելու: Այն նախատեսված է 240 աշակերտի համար, ովքեր հնարավորություն են ունենալու ուսում ստանալ ժամանակակից չափանիշներին համապատասխանող դպրոցում: Դպրոցն ունենալու է նաեւ բացօթյա մարզահրապարակ, իսկ եղանակային ոչ բարենպաստ պայմանների դեպքում օգտագործվելու է նաեւ դպրոցի շենքի մոտակայքում տեղակայված սպորտդպրոցի դահլիճը: Դպրոցի ներկայիս շենքը վերանորոգվելուց հետո օգտագործվելու է որպես մանկապարտեզ»,- տեղեկացրեց Անահիտ Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter