HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի մաքսային ծառայությունը եւ Օվիրը` խոչընդոտ Հայաստանի զարգացման և սփյուռքի հայրենադարձության համար

Մշտական բնակության համար Հայաստան ժամանող մարդիկ կարող են իրենց անձնական կարողությունը ներմուծել` առանց վճարելու մաքսատուրքեր: Սա ամրագրում է Հայաստանի մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածը: Առաջին հայացքից սա, կարծես, սովորական օրենսգիրք է` նման նրանց, որոնք ունեն ամերիկյան և եվրոպական երկրները` իրենց երկրներ տեղափոխվող անձանց համար:

Այնուամենայնիվ, այն մանրուքները, որոնց Հայաստանի օրենսգիրքը չի անդրադառնում, ինչպես նաև Հայաստանի մեծապես բյուրոկրատական մաքսային ծառայության ընթացակարգը, որը հարմարեցված է առավելագույն կաշառք ստանալուն, մղձավանջային սցենար է ապահովում հայրենադարձի համար, երբ ընդամենը իրերը ստանալու և դրանք օգտագործելու համար շաբաթներ պետք է կորցնել: 13_07-maksain

Այս հոդվածում, հենվելով իմ անձնական, ինչպես նաև մի քանի այլ հայրենադարձների փորձի վրա, որոնց հետ խոսել եմ, կփորձեմ մանրամասն ներկայացնել այն սարսափելի գործընթացը, որի միջով սովորաբար անցնում է հայրենադարձը: Ձեր անձնական իրերը Հայաստան առանց տուրքի բերելու համար պետք է ձեր հայկական հասցեն գրանցեք 10 տարվա կացության հայկական անձնագրում, և ձեր հասցեի գրանցմանը հաջորդող միայն առաջին 6 ամսվա ընթացքում է ձեզ թույլատրված անձնական իրերը ներմուծել առանց տուրքի:

Արտասահմանի հայկական դեսպանություններից սփյուռքահայերը կարող են ստանալ 10 տարվա կացության հայկական անձնագիր, որը տալիս է Օվիրը (Անձնագրերի և վիզաների վարչությունը)` մեկ բացառությամբ` սփյուռքահայերի անունները, ինչպես նաև հայկական անձնագրում տեղ գտած, օտար գրություն ունեցող անունները «սպանդի են ենթարկվում»:

Օվիրը վարում է հայկական անունների ճիշտ և սկզբնական գրությունն արհամարհելու քաղաքականություն. փոխարենը նրանք ուղղակիորեն հայկական անձնագիր են փոխանցում օտար գրությամբ գրված հայկական անունները: Օրինակ` եթե դուք ծնվել եք Հայաստանում և տեղափոխվել Միացյալ Նահանգներ ու քաղաքացիություն ստացել այնտեղ, և ձեր անվան մեջ կան հայերեն տառեր, որոնք գոյություն չունեն անգլիական այբուբենում, ապա Հայաստան հայրենադարձվելու դեպքում դուք կստանաք մեկ այլ անուն, քան այն մեկը, որը ծնվելիս էիք ստացել Հայաստանում:

Որպեսզի ձեր հասցեն գրանցեն անձնագրում, դուք պետք է գնաք Երևանում Օվիրի 5 հարկանի խորհրդային տխրահռչակ շենքը, որի յուրաքանչյուր հարկում բազմաթիվ դռներ կան, բայց դրանցից անգամ մեկի վրա ցուցանակ չկա, որը ցույց կտար յուրաքանչյուր գրասենյակի նպատակը, ոչ էլ ընդունարանի գոնե մեկ քարտուղար կամ ցուցանակ նախասրահում, որը մարդուն ճիշտ տեղը կուղղորդեր:

Հաջողություն կարելի է համարել, եթե ձեզ հաջողվի գտնել մեկ բարյացակամ աշխատակից, որը գիտի և ուզում է ձեզ ցույց տալ ճիշտ գրասենյակի դուռը, և է՛լ ավելի մեծ հաջողություն պետք է համարել, եթե ձեզ պետք եղած սենյակի աշխատակիցը ձեզ բացատրի, թե ինչպես պետք է գրանցվել` առանց ձեզ վրա գոռալու, որ «պետք է գնալ ոստիկանական բաժանմունք` հասցեի հաստատումը ստանալու համար, հետո վերադառնալ»:

Ավելորդ է ասել, որ որպեսզի ձեր հասցեն գրանցեն անձնագրում, ձեզանից կպահանջվի առնվազն երկու շաբաթ և չորս անգամ գնալ-գալ Օվիր: Երբ արդեն ունեք 10 տարվա կացության անձնագիր, որում գրանցված է ձեր հասցեն, պետք է սպասեք, մինչև ձեր իրերը Հայաստան հասնեն, որից հետո պետք է դիմեք դրանք առանց տուրքի ստանալու համար, ինչն ամրագրված է 105-րդ հոդվածով: Եթե դուք դիմեք մինչ ձեր իրերի հասնելը, այն նպատակով, որ հասնելուց անմիջապես հետո դրանք ետ ստանաք, ապա ձեր դիմումը կմերժվի:

Այն բանից հետո, երբ ձեր իրերն արդեն հասած կլինեն, դուք պետք է մաքսատան` Խորենացու փողոցում գտնվող գլխավոր գրասենյակում ձեռագիր դիմում գրեք` 105-րդ հոդվածով ամրագրված իրավունքից օգտվելու համար: Մոտավորապես 1 շաբաթ է տևում, մինչ մաքսատան գործակալը կզանգահարի ձեզ և կպատասխանի:

Մինչ արձագանքը դուք չեք կարող ստանալ ձեր անձնական իրերը, ու թեև ձեր ավտոմեքենան կարող եք ստանալ հասնելուց անմիջապես հետո, սակայն համարանիշ չեք ստանում, և ձեզ թույլատրվում է 10 օր մեքենան վարել առանց համարանիշերի, ինչը նշանակում է, որ դրա պատճառով ոստիկաններն անընդհատ կկանգնեցնեն ձեզ: 105-րդ հոդվածի առնչությամբ ձեր դիմումին Մաքսայինից պատասխան ստանալուց հետո շատ մեծ հաջողություն կլինի, եթե նրանք միանգամից, առանց որևէ պրոբլեմի հաստատեն այն:

Ինձ, օրինակ, մաքսային գործակալը հարցաքննեց իմ ծագման և հայկական անձնագրի վավերականության վերաբերյալ (ինձ հետ վարվում էին այնպես, կարծես ես ավելի շուտ հանցագործ էի, քանի մեկը, որը վերադառնում է Ամերիկայից` իր հայրենիքում բնակվելու համար), որից հետո իմ դիմումը ո'չ մերժեցին և ո'չ էլ ընդունեցին: Փոխարենը ինձ «30 օրվա ժամանակավոր ներմուծման իրավունք» տվեցին, մինչ իրենք «Օվիրի հետ հավելյալ հետազոտություն կանեն իմ անձնագրի վերաբերյալ»:

Պարզ ասած` «30-օրյա ժամանակավոր ներմուծման իրավունքը» բյուրոկրատական մղձավանջ է նշանակում. աշխատանքը կրկնապատկվում է, մինչ այդ ձեզ 30 օրով արգելվում է մեքենան վարել, մինչև իր «հետազոտությունն» անող մաքսային գործակալը վերջնական պատասխան կտա ձեր դիմումին` 105-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ:

Ըստ էության, մի ամիս շարունակ դուք մաքսային մի գործակալությունից պետք է մաքսային մեկ այլ գործակալություն վազվզեք (որոնք իրարից մոտ 20-40 րոպե հեռավորության վրա են գտնվում, և յուրաքանչյուր տեղանքում 1-6 ժամ պետք է ծախսել), մինչ բացակայող փաստաթղթերը կամ կնիքները, պակասող թվերը կամ ձեռագիր փաստաթղթերի լեզվական սխալ ձևակերպումները կդառնան ձգձգման, հետագայում ևս գնալ-գալու պատճառ, ինչպես նաև կաշառք վերցնելու հնարավորություն մաքսային գործակալների համար` որևէ «սխալ» անտեսելու դիմաց:

Ավելին, ինչ վերաբերում է ուղարկված անձնական իրերին, դուք պետք է հիշեք, թե որ երկրում է արտադրվել յուրաքանչյուր ապրանքը, ինչքան է այն կշռում, ինչ չափ ունի և ինչ նյութից է պատրաստված, որպեսզի ձեր վարձած բրոկերը ճիշտ լրացնի հատուկ ձևաթուղթը, և ձեր իրերը ձեզ տրվեն:

Եթե, օրինակ, ձեր դիմումի մեջ սխալ նշեք այն երկիրը, որտեղ արտադրվել է ձեր հնգամյա վաղեմության համակարգիչը կամ տպիչը, ապա այդ իրը ձեզ չի տրվի Աբովյանի մաքսային պահեստից, մինչև, իհարկե, կաշառք չտաք կամ հետ չգնաք Արարատյան մաքսային գործակալություն` ձեր դիմումի մեջ փոփոխություններ կատարելու:

Չերկարացնելու համար նշեմ, որ իմ ավտոմեքենան և անձնական իրերը Հայաստան եկան 2009 թ. մայիսի 27-ին (առաջին օրը ինձ հետ կատարվածի մասին կարող եք կարդալ  Հայաստանի մաքսատունը իսկապե՞ս լուրջ է, թե երգիծական ներկայացում է բեմադրում), և պահանջվեց ընդհանուր առմամբ 20 այցելություն մաքսային չորս տարբեր գործակալություն, ինչպես նաև բազմաթիվ բողոքներ` ուղղված մաքսային գործակալներին, Հայաստանի միգրացիայի գործակալությանը և Սփյուռքի նախարարությանը, մինչև հունիսի 6-ին ես ստացա իմ անձնական իրերը, հունիսի 22-ին` հավանություն` օգտվելու 105-րդ հոդվածից, իսկ հունիսի 24-ին` մեքենան վարելու իրավունք:

Ստորև ներկայացնում եմ, թե ինչ նպատակ է ունեցել մաքսային չորս տարբեր գործակալություն արված 20 այցելությունից յուրաքանչյուրը:

6 այցելություն Խորենացու փողոցում գտնվող մաքսային - 1-ին անգամ` մինչ իրերի հասնելը 105-րդ հոդվածի համար դիմում ներկայացնելու համար, 2-րդ անգամ` 105-րդ հոդվածի համար դիմում ներկայացնելու համար, երբ ավտոմեքենան և իրերը հասել էին, 3-րդ անգամ` հարցազրույցի համար, 4-րդ անգամ` ժամանակավորապես հավանություն ստացած փաստաթուղթը վերցնելու համար, 5-րդ անգամ` 105-րդ հոդվածից օգտվելու առթիվ վերջնական հավանություն ստանալու համար դիմում ներկայացնելու համար, 6-րդ անգամ` վերջնական հավանություն ստացած փաստաթուղթը վերցնելու համար:

5 այցելություն Նորագավթի մաքսային - 1-ին անգամ` բերվելուց անմիջապես հետո ավտոմեքենան վերցնելու համար, 2-րդ անգամ` ներմուծված իրերի ժամանակավոր մաքսազերծման համար` բրոկեր վարձելու միջոցով, 3-րդ անգամ` ներմուծված իրերի վերջնական մաքսազերծման համար (բայց ինձ հետ ուղարկեցին, որովհետև Խորենացու փողոցում գտնվող Գլխավոր մաքսատնից փոստով ուղարկված փաստաթղթերը չէին հասել), 4-րդ անգամ` ներմուծված իրերի վերջնական մաքսազերծման համար` դարձյալ բրոկեր վարձելու միջոցով, 5-րդ անգամ` ուղղելու համար ավտոմեքենայի մակնիշի նկարագրության շարադրանքի մեջ եղած սխալը, ինչպես նաև ավտոմեքենայի մոդելի համարի (ըստ Հայաստանի պետավտոտեսչության` «ԳԱԻ»-ի) չբավականացնող երեք թիվը:

5 այցելություն Աբովյանի մաքսային - 1-ին անգամ` անձնական իրերի ցուցակը վերցնելու և Արարատյան գործակալություն տանելու համար, 2-րդ անգամ` Արարատյան գործակալությունից ստացված, պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու և պահեստի վարձը մուծելու համար, 3-րդ անգամ` բերվելուց 8 օր հետո իրերը վերցնելու և պահեստի հավելյալ վարձ մուծելու համար, 4-րդ անգամ` վերցնելու համար այն փաստաթուղթը, որը նրանք մոռացել էին տալ, և որը պահանջում էր Արարատյան գործակալությունը, 5-րդ անգամ` 105-րդ հոդվածից օգտվելու իրավունքը վերջնականապես հաստատող փաստաթղթերը բերելու համար:

4 այցելություն Արարատյան մաքսային - 1-ին անգամ` դիմում ներկայացնելու համար, որ իրավունք ունենաս անձնական իրերդ պահել Աբովյանի մաքսային պահեստում, 2-րդ անգամ` բրոկեր վարձելու համար, որպեսզի նա Աբովյանում պահեստավորված իրերը ժամանակավորապես ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստի, 3-րդ անգամ` բրոկեր վարձելու համար, որպեսզի նա իրերը վերջնականապես ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստի, 4-րդ անգամ` բացակայող փաստաթուղթը Աբովյանի մաքսայինից բերելու և վերջնականապես հաստատված թղթերը վերցնելու համար:

Անկախ նրանից` խնդիրը պարզ բթամտությու՞նն է, «երկաթե վարագույրի» խորհրդային մտածելակե՞րպը, թե՞ փող աշխատելու հնարավորությունը մաքսային գործակալների/բրոկերների համար, որոնց պատճառով Հայաստանի օրենքները և դրանց կիրառումը այդքան ետ են ընկել, հետևանքն այն է, որ դա թույլ չի տալիս այս երկրին առաջ շարժվել և դառնալ ավելի ուժեղ (լավ) կազմակերպված ազգ: Լինելով մի երկիր, որի ժողովուրդը ավելի շատ դրսում է ապրում, քան ներսում` Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ արգելապատնեշներ կանգնեցնել սեփական անվան նկատմամբ ունեցած մարդկանց իրավունքների առջև կամ հնարավորություն չտալ սեփական իրերին մոտենալ:

Որպեսզի Հայաստանը դառնա մի վայր, որտեղ ավելի մեծ թվով հայեր կցանկանան ապրել, պետք է մի պարզ բան անել` ազատվել այն օրենքներից և դրանց կիրառումից, որոնք տանջում են մարդկանց, և ողջամիտ օրենքներ կիրառել, որոնք մարդկանց կյանքը կդարձնեն հեշտ և արդյունավետ: Ի վերջո, ցանկացած կառավարության գործն իր քաղաքացիների կյանքն ավելի լավը դարձնելն է և ոչ թե հակառակը, ինչը և է Հայաստանում ներկայումս:

Դրո Ծառուկյան

Մեկնաբանություններ (1)

Adam Aghazarian
Dear Sir. I am trying to call Ovir,i have an question and i hope i will get the answer from your kind, Iam holding an Iranian Passport , and i will come to Armenia to receive my passport ,they need from me an Army service paper or something regarding the Army from Iran????? Thanks & Best Regards

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter