Քաղաքում ապրող «գյուղացիների» հիմնական խնդիրը տրանսպորտն է
Լիլիթ Նուրիջանյան, Արման Ղարիբյան
Երեւանի Շենգավիթ համայնքի վարչական տարածքում հաշվառված «Անուշ այգեգործական միություն» կոչվող տարածքը գյուղ է հիշեցնում. այստեղ ապրում են մոտ 100 ընտանիքներ, որոնց մեծամասնությունը գոյատեւում է հողագործությամբ եւ անասնապահությամբ:
Խարբերդից դեպի այս «գյուղ» տանող երկար ճանապարհը ոտքով անցնելուց հետո սպասում ես, թե մարդկանց կհանդիպես փողոցում, սակայն ո'չ մարդիկ են երեւում, ո'չ էլ` փողոցներ: Այստեղի ճանապարհներն ասֆալտապատ չեն, իսկ մարդիկ առավոտից երեկո զբաղված են կենցաղային խնդիրները հոգալով:
«Ճանապարհներն այնքան վատ են սարքած, որ նույնիսկ Շտապ օգնությունը չի ուզում գալ այստեղ, դրա պատճառով էլ 2 ամսական աղջիկս մահացավ,- արցունքն աչքերին` պատմում է Անուշ Հունանյանը,- երեխան վատացել էր, զանգահարեցինք Շտապ օգնություն, ժամը 8-ին, բայց եկան ժամը 4-ին, մինչ այդ երեխաս գրկումս մահացավ: Գաղտնի թոքաբորբ էր տարել, չենք իմացել»: «Պատճառը հեռավորությունն ա, հասցե չկա, տեղ չկա, որ բացատրես, ասես` այսինչ ուղղությամբ եկեք, եթե մեզ բժիշկ ա պետք լինում, պետք ա գնանք մեքենայով բերենք,- ասում է մահացած երեխայի հայրը` Արսենը, եւ հիշում բժշկի խոսքերը:- Երեխայի «յոթին» բժիշկը եկավ մեր տուն, ասաց` եթե իմանայի ձեր երեխան է (Արսենի հայրը միության նախագահն է, որին գյուղապետ են համարում- խմբ.), ոտքով էլ կգայի: Ես էլ իրեն ասացի` եթե մի աղքատ ընտանիքի երեխա լիներ, պետք է թողնեիք, որ մեռնի՞»:
Ընտրությունից ընտրություն են հիշում

Մարուսյա տատիկը վաղուց Շտապ օգնության հետ հույսեր չի կապում. «Մեկ ա` չեն գալու, ես դրա համար էլ չեմ զանգում իրենց, քանի անգամ եմ վատացել ընկել, հարեւաններս են օգնել: Իմ բժիշկներն իմ հարեւաններն են»: «Պաշտոնյաները մեզ ընտրությունից ընտրություն են հիշում, այդ ժամանակ ընկնում են դռնեդուռ, տրանսպորտ են խոստանում, բուժկետ են խոստանում, բայց ոչինչ էլ չեն անում: Հենց ընտրվան-պրծան, մեզ մոռանում են,- ասում է Սոֆիա տատիկը,- ամուսինս իր մեքենայով գյուղի երեխաներին տանում է դպրոց, բայց մի մեքենայով չի կարող բոլորին տանել»:
Երեխաները դպրոց չեն գնում

«Մեր հիմնական խնդիրը տրանսպորտն է, դպրոցն այստեղից շատ հեռու է, երեխաները ստիպված են 8 կիլոմետր ոտքով գնալ, դրա համար էլ արդեն մեկ տարի է` 5 երեխաներս դպրոց չեն գնում»,- պատմում է 11 երեխաների մայրը` Արմենուհի Մանուկյանը: Արմենուհու ամուսինը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է, 2-րդ կարգի հաշմանդամ: «Մենք դիմել ենք պաշտպանության նախարարին, որպեսզի նա մեքենա հատկացնի ինձ, որ կարողանամ իմ եւ գյուղի մյուս երեխաներին դպրոց տանել, մայիսի 13-ից ինձ խոստացել են, որ կտան, բայց մինչ օրս չեն հատկացրել»,- ասում է ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանը: «Մենք շատ ենք դիմել պետական այրերին, որ օգնեն մեքենայի հարցը լուծենք, ոչ ուտելիք ենք իրենցից ուզում, ոչ էլ` հագնելիք, մեր միակ խնդիրն այն է, որ օգնեն` երեխաներն ուսում ստանան: Ճիշտ է, առաջին հերթին ես ինձ համար եմ 11 երեխա ունեցել, բայց նաեւ պետության պարծանքն է, որ մի ընտանիքում կան այսքան երեխաներ: Ես չեմ ուզում, որ իմ երեխաները թերհաս լինեն»,- ասում է Արմենուհին: Նրա դուստրը` 17-ամյա Քնարիկը, 8-ամյա կրթություն է ստացել, որից հետո դուրս է եկել դպրոցից եւ այժմ իր փոքրիկ եղբայրներին ու քույրերին է խնամում: «Մաման ու պապան չեն ուզում, որ ես սովորեմ, իսկ ես երբեք նրանց չեմ ասել` էս եմ ուզում, էն եմ ուզում, իրենք ոնց ասում են, ես այդպես եմ անում»,- անկեղծանում է Քնարիկը: «Քնարիկն էլ թերի ուսում է ստացել, մի տարի դպրոց չի հաճախել, հիմա էլ 17 տարեկան է, չգիտեմ... երեւի էլ չի սովորի»,- ասում է մայրը: Արմենուհու եւ Գագիկի երեխաները ստիպված են 2-րդ տարին նույն դասարանում սովորել, քանի որ մեկ տարվա ընդմիջումից հետո ստացած գիտելիքները մոռացվել են: 14-ամյա Սեւադան սիրում է քանդակել, սակայն չի կարող արհեստի դպրոց հաճախել տրանսպորտի բացակայության պայմաններում: «Օրինակ` եթե ստեղից քաղաք գնամ, մենակ կանգառ հասնելու համար պետք է 500 դրամ տաքսու փող տամ, վերադարձին` նորից 500, ստացվում է, որ օրական 1500 դրամ մենակ տրանսպորտի փող պիտի տամ, որ գնամ քաղաք սովորելու»,- ասում է Սեւադան: Նախկինում 104 համարի երթուղին մի կարճ ժամանակահատված աշխատել է «Անուշ այգեգործական միության» բնակիչների համար, սակայն ուղեւորների սակավության պատճառով դադարել է սպասարկել քաղաքում ապրող «գյուղացիներին»: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ տրանսպորտի խնդիրը մասնակիորեն լուծվել է, քանի որ 33 եւ 38 համարի ավտոբուսները սպասարկում են Խարբերդի տարածքը: «Հատկապես 38 համարի ավտոբուսը բավականին մոտ է գնում «Անուշ այգեգործական միությանը», այդտեղի բնակիչները պետք է մի օպտիմալ կետ գտնեն, որտեղից կարող են նստել տրանսպորտը, թող վարորդի հետ ժամ պայմանավորվեն, մի քիչ էլ ոտքով թող քայլեն: Պետք է իրատես լինել. այգեգործական միությանը չենք կարող առանձին տրանսպորտ տրամադրել, որովհետեւ ոչ մի սեփականատեր չի համաձայնի վնասով աշխատել»,- ասաց Կարեն Հակոբյանը:
Երեխաներին երբեմն ոռոգման ջրով են լողացնում

10-ամյա Անուշը, 8-ամյա Արամը եւ 7-ամյա Նադյուշիկն ամեն օր զառիթափ ճանապարհներով 5 լիտրանոց տարաներով ջուր են կրում: «Ծանր չի, ես էնքան եմ բերել, ուժեղացել եմ»,- ժպտալով ասում է Անուշիկը: «Չեք պատկերացնում` ինչ դժվար է առանց ջրի ապրելը, ամեն օր երեխաների հետ ջուր ենք կրում, երբեմն էլ ոռոգման ջրով ենք երեխաներին լողացնում»,- ասում է 5 անչափահաս երեխաների մայրը` Նունեն: Նրա ամուսինը մշտական աշխատանք չունի, հող մշակելով, հարեւանների համար աշխատելով` 9 անձից բաղկացած այս ընտանիքը դժվարությամբ է հայթայթում իր օրահացը: «Ջուր քաշելու համար 1000 դոլար պետք է տանք, որ գիծը մեր տուն բերենք, բայց մենք փող չունենք, 55000 դրամ նպաստ ենք ստանում, հազիվ ենք ապրում: Աշխատանք չկա, որ տղաս աշխատի»,- ասում է ընտանիքի ավագ անդամը` տիկին Նադեժդան: Թոռներին դպրոց ուղարկելու համար Նադեժդան ստիպված է տաքսի վարձել` վճարելով ամսական 7000-10.000 դրամ: «Շատ դժվար է, բայց ինչ արած, հո երեխեքին դպրոցից չենք զրկելու»:
Երիտասարդներն անգործ են
Նադեժդայի փոքր դուստրը` 17-ամյա Դիանան, 8-ամյա կրթություն ստանալուց հետո անգործության է մատնվել: «Այստեղ ոչ մի հետաքրքիր բան չկա, ոչ աշխատանք կա, ոչ` ջահելություն կա: Ուսումս չեմ շարունակել, որովհետեւ տրանսպորտ չկար»,- ասում է Դիանան: «Ես ուզում եմ վարսավիր դառնալ, դրա համար պիտի սովորեմ, բայց չեմ կարող քաղաք գնալ-գալ, փող չկա... Այստեղ ջահելներ քիչ կան, հասակակիցներիս հետ քիչ եմ շփվում, օրս անցկացնում եմ տան աշխատանքներով, հարսիս եմ օգնում, որ 5 երեխաներին պահի»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել