HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հին Աղինը շուտով կվերածվի արոտավայրի

13_07-aghin Շիրակի մարզի Աղին բնակավայրն այն եզակիներից էր, որ Ախուրյանի ջրամբարի կառուցման ժամանակ տեղափոխման խնդիր չունեցավ, թեպետ մասնատվեց երեք մասի` Աղին, Աղին կայարան եւ Աղին ավան: Գյուղի 17 տուն հայտնվեցին լիճը շրջափակող փշալարից ընդամենը 30-40 մետրի վրա: Աղինցի Վաչագան Պետրոսյանի գոմը 4 մ է հեռու սահմանից, իսկ տունը` 25 մ: Երկու կառույցն էլ խոնավությունից փլվելու եզրին են: Վաչագանի պատմելով` ինչ ջրամբարը կառուցել են, իրենք դրա «խերը» չեն տեսել: Ո'չ ձուկ են բռնում, որովհետեւ լիճը փշալարից այն կողմ է, ո'չ էլ հողերն են ոռոգում: Աղինցիների համար ամենաանհասկանալին գյուղի եզրով անցնող փշալարն է: Լճից Պետրոսյաններին միայն խոնավությունն է բաժին հասել: Ունեցած մի քանի անասունը Վաչագանը տեղափոխել է հարեւանի գոմ, իսկ 5 անձից բաղկացած ընտանիքը 30 տարի է չի կարողանում դեռեւս խորհրդային տարիներին կիսատ-պռատ շահագործման հանձնած նորակառույց տեղափոխվել: 13_07-aghin-1«Երկու հարկանի տուն են սարքել, թե գյուղացու ինչին է պետք երկու հարկը, էղավ 30 տարի է` չեմ կրնա կիսատ-պռատները պրծնի, որ տեղափոխվիմ: Սովետի վախտով պատերը հանին, դուռն ու լուսամուտը դրին մենակ, տվին ձեռքս, թե` մնացածն էլ դու էրա: Հետո էլ ժաժքն ելավ, գիտեք, էլի, հետո էլ պատերազմ, փող չկար, հազիվ հացի փող կհասցնեինք, ուրտեղից սարքեի: Ես էլ հիմի 2-րդ կարգի հաշմանդամ եմ ու հեչ չիտեմ, թե էդ հարցերն ինչ ձեւով պիտի լուծեմ: Սովետի դրած էն լուսամուտներից բռնած` արդեն փոխելու է»,- ասում է Վաչագանը: Աղինի գյուղապետ Գագիկ Հակոբյանը պատմում է, որ դեռեւս 1979 թ.-ին որոշում էր ընդունվել Աղին բնակավայրից 2 կմ հեռու 17 երկհարկանի տներ կառուցել սահմանին շատ մոտ բնակվող ընտանիքների համար: Երկրաշարժի հետեւանքով նորակառույց թաղամասի ծրագիրը կիսատ էր մնացել: 88-ի աղետից հետո, երբ Շիրակի մարզի բնակավայրերի մեծ մասում շինարարություն էր ընթանում, ղազախ շինարարներն էլ Նոր Աղինում էին տիպային բնակելիներ կառուցում: Օգտվելով առիթից` կառավարությունը որոշում էր ընդունել Աղինի մասնատված հատվածների փոխարեն սահմանից 2 կմ հեռավորության վրա ունենալ մեկ ամբողջականը, այսինքն` ավարտին հասցնել դեռեւս խորհրդային տարիներին որդեգրած քաղաքականությունը: Ախուրյանի ջրամբարին հարող 35 հա տարածքի վրա հին Աղինն է: Վերջին երեք տարիներին հազիվ 20 տան պատուհանից է լույս երեւում: Գյուղը դատարկվում է շատ արագ, հնաբնակները շտապում են տեղափոխվել Աղին ավան, որտեղ գտնվում են գյուղի դպրոցը, ծննդատուն-բուժամբուլատորիան, գյուղապետարանը: 13_07-aghin-281-ամյա Ժենյա Մելքոնյանը 4-րդ տարին է աղջիկների մոտ է ապրում, Աղին ավանի նորակառույց տանը: «Հորական տունս քանդին, բալա ջան, քարը-քարին չթողին աղջիկներս,- դժգոհում է Ժենյա տատը,- բայց դե, իրանք էլ մեղավոր չեն: Տունը մենակ ես էի, ջուրը կրելով, կամ էլ որ կուտաին` ուրեմն կես ժամով: Կողք ու բոլորիս հարեւանները սաղ գնացել էին, վերջը համոզին, ինձ էլ բերին իրանց քովը»: Ժենյա տատի հայրական տունը, որտեղ ծնվել է ինքը, այժմ գոյություն չունի: Քարերը բերել նոր տան բակն են սալարկել: Տատը հին տնից կոմոդը, զգեստի ու սպասքեղենի պահարանն է փրկել, խալի-խալիչեքով էլ աղջիկները հատակն են ծածկել: «Ըսպես էլ բան կեղնի, բալա ջան, կըսեն` հմի մոդա չէ խալին պատին զարկելը, կռվով-դավով, վերջը էս մե խալին իմ սենյակիս պատին եմ կախել տվել»,- ասում է Ժենյա տատը: Հնի հաշվին նորի շենացման մեջ Աղինի գյուղապետը վատ բան չի տեսնում: Մեկ-մեկ ինքն իրեն, իհարկե, հարց տալիս է, թե այդքան փողը կարող էին, արդյոք, տրամադրել ու պահանջվող ջրագիծը, դպրոցն ու մանկապարտեզը հին Աղինում կառուցել: Հարց, որի պատասխանը գյուղապետը չունի: «Բայց դե, սաղս էլ գիտենք, որ սովետի ժամանակ բուն նպատակը գյուղը ջրամբարի ափից հեռացնելն է եղել,- ասում է Աղինի գյուղապետ Գագիկ Հակոբյանը,- դե հիմի էլ տարիների ընթացքում էնպես ստացվավ, որ մարդիկ, ուզեին չուզեին, պիտի տեղափոխվեին: 24-ժամյա խմելու ջուր ունենք Աղին ավանում, էս տարի էլ գազիֆիկացնելու են: Հին մասում ոչինչ չկա ու ոչ մի ծրագիր էլ չի արվելու»: Աղին ավանում հիմա 27 կիսակառույց կա: Գյուղապետն ասում է, որ եթե դրանք էլ կառուցեն-վերջացնեն, ապա 17 ընտանիք հին Աղինից, 10-ն էլ` Աղին կայարանից կտեղափոխվեն, ու հարցը կփակվի: Մարդիկ սեփական միջոցներով չեն կարողանում ավարտեն, ինքն էլ անընդհատ գրում է կառավարություն: Վերջին` ամենաթարմ պատասխանը եղել է. «Ճգնաժամ է, կառավարությունը միջոցներ չունի»: «Հին Աղինում խմելու ջուրը պոմպով է, էս քանի օրը վառել էր, 150 հազար դրամ եմ տվել, որ տանեն Հոկտեմբերյան, սարքեն, բերեն, ավելորդ ծախս,- դժգոհում է գյուղապետը,- որ էդ մի քանի ընտանիքն էլ տեղափոխված լինեին, ես էլ էդ փողը ուրիշ նպատակներով կօգտագործեի»: Ինչ է սպասվում Հին Աղինին, երբ այդ 27 ընտանիքն էլ տեղափոխվի: «Դե, արոտավայրի կվերածվի, էլի,- պարզաբանում է գյուղապետը,- եկողները հիմնականում տները քանդում են, շինանյութը բերում են, որ գոմ-բան սարքեն: Կարող է մի երկուսը իրենց հին տները թողնեն, չգիտեմ»: Աղինը 930 հա արոտավայր ունի, աղինցիները հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, այնպես որ` հավելյալ 35 հա-ը որ առաջանա հին Աղինի դատարկվելու հաշվին, որեւէ մեկին չի խանգարի: Ջրամբարի ափին գտնվող դատարկվող բնակավայրում կմնա միայն Սբ. Հակոբ եկեղեցին` կառուցված 1800-ականներին: 13_07-aghin-3 «Դե, եթե պետք լինի, եկեղեցին էլ կտեղափոխենք, ջրափեցիների չափ էլ չկանք»,-վստահեցրին աղինցիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter