
Սահմանամերձ Բարեկամավան. որ գյուղը գյուղատեղ չդառնա
Բարեկամավանը հնում Թաքնագյուղ են կոչել: Այն կարծես թաքնված է լեռների գրկում՝ փոսի մեջ: Սարից այն կողմ ադրբեջանական մեծ գյուղեր են: Բարեկամավանի բարձունքում հստակ լսվում է հավատակիցներին նամազի հրավիրող մոլլայի ծորուն ձայնը: Փոքրիկ գյուղը վերջին 20 տարում ավելի է փոքրացել: Հիմա բարեկամավանցին ամենուր է` Նոյեմբերյան քաղաքում, Իջեւանում, Երեւանում, Ստավրոպոլում, Մոսկվայում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում:
1976թ. Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ: Այժմ դպրոցը միջնակարգ է, սակայն այստեղ սովորում է 34 աշակերտ:
«Էն օրն էլ մի ընտանիք գնաց Ռուսաստան: Մենք՝ թոշակառուներս, գոնե թոշակով յոլա ենք գնում, բա 30-40 տարեկաններն ի՞նչ անեն. աշխատանք չկա: Դժվար ենք ապրում, թուրքը մեր հողատարածքներում է, ոչ ինքն է օգտվում, ոչ` մենք»,- ասում է 82-ամյա Հովհաննես Չիթչյանը:
Նրա հիշատակածն Արմեն Եսայանի ընտանիքն է, որ օրերս մեկնել է Անապա: Արմենի գնալով Բարեկամավանի դպրոց հաճախող երեխաների թիվը պակասեց եւս երկուսով: Արտագաղթը շարունակվում է, որովհետեւ մարդիկ գոյատեւելու հնարավորություն չունեն:
«5 տարուց հետո որ գաք, կտեսնեք՝ այստեղ բնակչության չի մնացել»,- ասում է 80-ամյա թոշակառու Վոլոդյա Ղարաքեշիշյանը: Նա ականի վրա պայթել է, ոտքերը վնասել, սակայն ընդամենը 28 հազար դրամ թոշակ է ստանում:
Սահմանամերձ, վտանգավոր գոտում գտնվելու պատճառով շուրջ 500 հա վարելահող չի մշակվում: Նույն պատճառով բարեկամավանցիները չեն կարողանում օգտվել շուրջ 50 հա խոտհարքներից, 170 հա արոտավայրերից: Համեմատաբար ապահով է գյուղի բարձրադիր մասը, որտեղ հող են մշակում, անասուններ արածեցնում:
«Գյուղում գրանցված 400 մարդ կա, փաստացի բնակվում են շուրջ 300-ը: 22 ընտանիք ընտանեկան նպաստ, 3 ընտանիք էլ միանվագ դրամական աջակցություն է ստանում»,- ասում է 30-ամյա գյուղապետ Գարիկ Աբազյանը: Նա ամուսնացել է անցյալ տարվա աշնանը: Մոսկվայից հարս է բերել իր հարեւանուհուն, ով 16 տարի Ռուսաստանի մայրաքաղաքում է բնակվել:
Բարեկամավանում գործող երկու խանութներից մեկը գյուղապետինն է, մյուսը` նախկին գյուղապետինը: Գյուղի կենտրոնի կիսավեր շենքի առաջին հարկում գործող Գարիկ Աբազյանի խանութն այնքան փոքր է, ապրանքներն այնքան սակավ են, որ կրպակ կոչելն էլ շռայլություն է:
Առեւտրական երկու կետերում էլ ապառիկ վաճառքը` «նիսյան», մեծ տոկոս է կազմում. բարեկամավանցու ձեռքը միայն թոշակի կամ նպաստի օրն է փող ընկնում, որով կարողանում է կանխիկով առեւտուր անել:
Գյուղում ոռոգելի հող չկա: ԻՖԱԴ կազմակերպության 2.9 միլիոն դոլար ֆինանսավորմամբ կառուցվել է Նոյեմբերյանի սարերից սկիզբ առնող ինքնահոս ջրագիծը, որը կոռոգի սահմանամերձ 4 գյուղերի տարածքները:
Կոռոգվեն նաեւ Բարեկամավանի հարեւան Կոթիի հողերը: Ջրագիծը եւս 7-8 կմ ձգվելով` Բարեկամավան կհասներ, սակայն նախագծում Բարեկամավանը ներառված չէր:
Սահմանամերձ համայնքում նաեւ խմելու ջրի խնդիր կա, գյուղացիներն հիմնականում օգտվում են 2-3 բնական աղբյուրներից:
Գյուղի կենտրոնում մշակույթի կիսավեր, հրետակոծված տունն է եւ գրադարանը: Շենքն այնքան ավերված է, որ մշակույթ բառն ավելորդ է թվում: 2011թ. Օգոստոսի 19-ին դրանց հարեւանությամբ հոգեւոր օջախ օծվեց: ՌԴ Ստավորոպոլ քաղաքում բնակվող բարեկամավանցի Ցոլակ Միքայելյանի միջոցներով ֆելզիտից կառուցվել է հոյակերտ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» մատուռը: Գյուղացիները երախտապարտ են համերկրացուն, ում շնորհիվ աղոթատեղի ունեցան:
Բարեկամավանի անտառում՝ Քուռ գետից ուղիղ գծով ընդամենը 12 կմ հեռավորությամբ, հառնում է «կրկնակի վիրավոր» հնամենի մատուռը: Բարձրյալ Խաչը նախաքրիստոնեական շրջանի բազմանիստ աշտարակաձեւ դամբարան է: Միջնադարում կոթողը քրիստոնեական է դարձել, լուսամուտին խաչ ագուցվել, ներսում՝ որպես բեմի սեղան, կանգնեցվել է խաչքար, եւ դամբարանը վերածվել է մատուռի:
2004թ. պետբյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել հուշարձանի հիմնանորոգման համար: Այն իրականացրել է Ալավերդուց շինարարական մի կազմակերպություն: 2004-ի դեկտեմբերին նշանավոր կոթողի նորոգումն ավարտվել է, սակայն տանիքը նախկինի պես բաց է մնացել: Ալավերդցի շինարարները «եվրոռեմոնտ» են արել: Վերանորոգման ընթացքում փոխանակ օգտագործելու դամբարանի կողքին թափված կոթողի հին, դրվագազարդ քարերը, նրանք Նոյեմբերյանի ֆելզիտից պատի երեք նոր շար են կառուցել: Բարեկամավանում տարբեր խնդիրները կուտակվել, թնջուկ են դարձել:
ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը 2010-ը հայտարարել էր Բարեկամավանի տարի: Գյուղապետին հարցրի, թե «Բարեկամավանի տարում» գյուղի համար ի՞նչ է արվել: Համայնքի ղեկավարի խոսքերով` 2010թ. աշնանը Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով 60 հա աշնանցան է արվել: Դրա բերքն այս տարի բաժանվել է գյուղացիներին. ընտանիքներ են եղել, որ մեկ տոննա հացահատիկ են ստացել:
Գ. Աբազյանը որպես Բարեկամավանի բարեկամ է նշում ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանին, ով գյուղտեխնիկայի աջակցության ծրագրում համայնքի փոխարեն 1.2 միլիոն դրամի ներդրում է կատարել: Դրա շնորհիվ համայնքը ձեռք է բերել տրակտոր եւ գյուղատնտեսական այլ տեխնիկա:
Հայաստանի ամենահեռավոր, վտանգավոր գոտում գտնվող Բարեկամավանն իր դիրքով պաշտպանում է սահմանամերձ տարածաշրջանի թիկունքը: Սակայն հայրենիքի պաշտպանին թիկունք կանգնել է պետք:
«Այ, եթե մի հարուստ մարդ այստեղ արտադրություն հիմներ: Ես հանդիպել եմ նման մարդկանց: Նրանք եկել, երկար նայել են սահմանին եւ ասել`եթե թուրքը կրակի, իմ ներդրումն օդ է ցնդելու: Շատերն էլ բարձունքից տեսնելով գյուղի դիրքը, սարից այն կողմ գտնվող ադրբեջանական գյուղերը, այդպես էլ Բարեկամավան չմտնելով`հետ են դարձել»,- դառնությամբ ասում է բարեկամավանցի Հովհաննես Չիթչյանը:
Վերջին տարիներին Բարեկամավանում քանդվել են մի քանի ամուր, չվնասված տներ: Գյուղից հեռու ապրող դրանց տերերը կամ նրանց ժառանգները պապենական օջախը 1000 դոլարով վաճառել են՝ որպես շինանյութ: Բարեկամավանին համալիր պետական աջակցություն է հարկավոր, որպեսզի հնամենի գյուղը գյուղատեղ չդառնա:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել