Մհերյանի սպանությունը կապված է Նաջարյանների գործի հետ
Գևորգ Մհերյանի սպանության մեջ կասկածվում են Իգիթյան եղբայրները, որոնցից Գրիգորը ժամանակին մեղադրվում էր Ջորջ և Քերոլայն Նաջարյանների նկատմամբ խարդախություն անելու մեջ: Գ. Իգիթյանին դատապարտելու գործը ղեկավարել է Գ. Մհերյանը:

Ըստ լուրերի` Վահե Իգիթյանը, եղբոր նկատմամբ անարդարացի դատավճռի հիմնական մեղավոր համարելով Գևորգ Մհերյանին, փորձել է վրեժ լուծել` սպանելով նրան:
«Հրապարակի» աղբյուրներն ասում են, որ սա քննիչ Հեկտոր Սարդարյանի առաջ քաշած վարկածն է, որը շատ հնարավոր է` «փչվի» կամ էլ ջրվի: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հենց նա էր քննում հարկային վարաչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործը, և նրա որոշմամբ անձիք էին կալանավորվել, որոնց ալիբին չէր ստուգվել: Հետագայում այդ անձիք ազատ արձակվեցին:
Նրա քննած աղմկահարույց գործերից մեկը` վանաձորցի հեղինակություն Գոգայի սպանության բացահայտումը ևս տապալվեց, թեպես ինքնախոստովանքով ներկայացած անձ կար: Այնպես որ, դեռ վաղ է պնդելու համար, թե այս վարկածն ինչքանով է հավաստի:
«Դաշնակցական խաղեր»
«Դաշնակների համաժողովի հիմնական նպատակը Ռոբերտ Քոչարյանին` Ղարաբաղի նախագահ բերելն է, որպեսզի Ղարաբաղը հրաժարվի Հայաստանին որպես միջնորդ ընդունելուց և ինքը դառնա ինքնուրույն բանակցող կողմ»,-ԼՂՀ-ում ՀՅԴ-ի կազմակերպած համաժողովի մասին «Առավոտին» կարծիք հայտնեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Մեկ տարի անց էլ բանից անտեղյակ է
Ոստիկանապետի տեղակալ, 2008 թ. մարտի 1-ին Ազատության հրապարակում վաղ առավոտյան տեղի ունեցած գործողությունները համակարգող և ստեղծված օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդր Աֆյանն այս տարվա ապրիլին հանդիպել էր Փաստահավաք խմբի անդամներին ու պատասխանել նրանց հարցադրումներին:
Օրինակ` ամսի 1-ին հրապարակում զննություն եք կատարել, ի՞նչ եք հայտնաբերել, կնկարագրե՞ք:
«Ես չեմ կարող նկարագրել, որովհետև ես ընթացիկ ծառայությունն եմ կազմակերպել: Բայց ասեմ` հայտնաբերվել է երկու հետ նռնակ...»:
Որտե՞ղ եք հայտնաբերել: «Չեմ կարող կոնկրետ տեղերն ասել»: Բայց մենք խոսում ենք օպերատիվ շտաբի ղեկավարի հետ:
Ազատության հրապարակում վրանները զննության ենթարկվեցի՞ն, թե՞ մի անգամից հավաքվել են:
«Ես այդ տեղեկությանը չեմ տիրապետում»,- իր ղեկավարած «օպերացիայի» մասին անտեղյակ Աֆյանի այս պատասխանին խմբի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը միայն հավելել էր. պարզվում է` ոչինչ չգիտեք:
Ադրբեջանցիները դժգոհ են «Մադրիդյան սկզբունքներից»
«Մադրիդյանի սկզբունքները» պաշտոնապես քողազերծվել են. Սպիտակ տան հրապարակած փաստաթղթում առկա են այն վեց կետերը, որոնք հայտնի են որպես «Մադրիդյան սկզբունքներ»:
Բանակցայի գործընթաի հետընթաց դիտարկումը ցույց է տալիս, որ մինչև Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրությունը, պաշտոնական Բաքուն, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևը, արտգործնախարարը, տարբեր տրամաչափի գործիչներ խոսում էին «Մադրիդյան սկզբունքների» մասին ու համոզիչ տոնով պնդում, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի սահմաններից դուրս լուծումը ոչ ընդունում են, ոչ էլ, առավել ևս` բանակցում դրա շուրջ:
Սակայն փաստաթղթի հրապարակումը ցույց տվեց, որ մոտ երկու տարի Ադրբեջանը բանակցում էր հենց դրա շուրջ, սակայն երկրի ներսում բանակցային գործընթացի տրամաբանությանը հակասող ձևակերպումներ էր շրջանառում:
Պատահական չէ, որ ադրբեջանական կայքերում սկսել են այս առնչությամբ մտահոգություններ հայտնել: Հավանաբար ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում և Սպիտակ տան կողմից «Մադրիդյան սկզբունքների» գաղտնազերծումը պայմանավորված էր նաև այս հանգամանքով:
Հասկանալի է, որ «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածն առանձնապես չի էլ բխում մեր շահերից, սակայն մի բան պարզ է, որ եթե հաշվի չառնենք շեշտադրումները, Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այս հարցի շուրջ և գաղտնազերծված փաստերն իրար նույնպես չեն հակասում:
Փաստորեն միայն Թուրքիան չի
«Չկա առանձին Ղարաբաղի հարց: Կան առանձին պատմական հարցեր, չկա առանձին հայ-թուրքական հարաբերություն, չկա առանձին ներքին քաղաքականություն»,- հայտարարել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«ՉԻ» - Որպես կենաց` այս ամենը բավականին գեղեցիկ է հնչում, բայց խնդիրն այն է, որ իրական քաղաքականությունը բոլորովին այլ է:
Դատեք ինքներդ. ուղիղ մեկ տարի է, ինչ հայկական պաշտոնական դիվանագիտությունն ամեն ինչ անում է, որ հայ-թուրքական հարաբերություններն ու Ղարաբաղի խնդիրն իրարից տարանջնատվեն, և մեկը մյուսով չպայմանավորվի, իսկ Թուրքիայի իշխանությունները, ճիշտ հակառակը, այդ երկու խնդիրները «կպցնում են իրար»:
Ու հիմա հանկարծ պարզվում է, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչն ասում է այն, ինչ արդեն 18 տարի է, Թուրքիան է ասում. այն է` «չկա առանձին ղարաբաղի հարց, չկա առանձին հայ-թուրքական հարաբերություն» և այլն:
Տեսնես Հրանտ Մարգարյանը պատկարցնո՞ւմ է, թե ինչ կլինի, եթե հանկարծ որոշենք բոլոր հարցերի շուրջ բանակցել «փաթեթով»: Թե՞ նրա համար կարևորը «գործընթացն» է և այդ ընթացքում ցուցաբերված խրոխտ կեցվածքը:
Հերթական էկզոտիկ ծրագիրը
«Արի տուն» ծագրից հետո Սփյուռքի նախարարությունը հիմա էլ նախաձեռնում է «Ամուսնություն Հայրենիքիս օգնությամբ» ծրագիրը, որի նպատակը սփյուռքահայ երիտասարդների պսակադրության արարողությունը Հայաստանում կազմակերպելն է:
«ՉԻ» - «Արի տուն» ծրագիրը, ինչպես հայտնի է, առայժմ որևէ արդյունք չի տվել. «տուն եկողներ» չկան: Բայց մեկ էլ տեսար` հայրենիքի օրհնությամբ պսակադրությունները «կպան»:
Եթե ավելի լուրջ, ապա այդ ամենի փոխարեն կարելի էր Հայաստանը նորմալ երկիր դարձնել, այդ դեպքում նման էկզոտիկ ծրագրերի կարիք չէր զգացվի: Պարզապես մարդիկ հաճույքով կգային Հայաստան: Ընդ որում` ոչ միայն սփյուռքահայերը:
Ակտիվացել են
Ադրբեջանի լրագրողների փորձագիտական կենտրոնն իշխանություններին առաջարկել է ադրբեջանցի լրագրողների այց կազմակերպել Լեռնային Ղարաբաղ:
Կենտրոնի ղեկավար Ջեյհուն Մուսաօղլուն հայտնել է, որ իրենք «պաշտպանում են ԼՂՀ հակամարտության կարգավորման ուղղությամբ հատուկ ակտիվությունը և քաղաքական հարթության մեջ, և ժողովրդական դիվանագիտության շրջանակում»:
Ադրբեջանի ղեկավարությանն ուղղված դիմումում կազմակերպությունը հանդես է եկել յոթ լրագրողներից կազմված խմբի`ԼՂ այց կազմակերպելու նախաձեռնությամբ:
Թաքնված օլիգարխ` Արկադի Ղուկասյան
Սևանի փողոցի վրա («Վստրեչի» կամրջից մի փոքր հեռու) գտնվող օբյեկտը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է ԼՂՀ երկրորդ նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանին: Ու թեև այս օբյեկտի ապագան դեռևս հայտնի չէ, սակայն առաջին հայացքից անգամ ակնհայտ երևում է, որ խոսքը խոշոր ներդրումներ պահանջող գործի մասին է, ինչը ենթադրում է նաև խոշոր եկամուտներ:
Այսինքն` գործի բերումով Երևան տեղափոխված Ղուկասյանը Երևանում հիմնում է խոշոր ձեռնարկություն: Ու քանի որ սեփականատերը Ղուկասյանն է, այսինքն` ԼՂՀ երկրորդ նախագահը, ապա, բնականաբար, նրա պարագայում երկու տրամաբանական հարց է ծագում. ի՞նչ գումարներով է Ղուկասյանը նման շինություն կառուցում, և ինչո՞ւ իր այդ բիզնեսը սկսում է Երևանում, և ոչ թե Ղարաբաղում:
Իսկ նման հարցեր բարձրացնելու համար կա երկու հիմնավոր պատճառ: Առաջին պատճառն այն է, որ Ղուկասյանը` որպես նախկին նախագահ, պաշտոնապես ապրում է միայն «ԼՂՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված թոշակով և իր նոր պաշտոնից ստացվող աշխատավարձով: Սա ենթադրում է, որ Ղուկասյանը պետք է որ բավականին համեստ ֆինանսական միջոցներ ունենա, եթե, իհարկե, նա իր պաշտոնավարման տարիներին չի հասցրել դառնալ ստվերային օլիգարխ, ինչի մասին, ի դեպ, ժամանակին Ղարաբաղում շատ էին խոսում:
Իսկ երկրորդ հիմնավորումն այն է, որ դեռևս նախագահ աշխատած տարիներին Ղուկասյանը մի քանի անգամ (ամենավերջին դեպքը` 2006-ի հունիսին էր` Քաշաթաղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ) բողոքել էր հայ օլիգարխներից, թե «օլիգարխները չեն աջակցում ազատագրված տարածքների վերականգնմանը, և այդ հոգսը մնացել է միայն փոքրիկ Ղարաբաղի վրա, որն ունի շատ այլ կենսական հարցեր»:
Եվ ահա այժմ, նույն Ղուկասյանն ինքը, չի հետևում իր իսկ խոսքերին և Ղարաբաղում ներդրումներ կատարելու փոխարեն նախընտրում է բիզնեսներ բացել Երևանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել