Ի՞նչ անի ծիրանի հետ գյուղացին
Ծիրանի առատությունը գյուղացիներին այնքան էլ չի ուրախացնում: Հոկտեմբեր գյուղի բնակիչներ, եղբայրներ Կարապետ և Մարտին Մարտիրոսյանները, որոնցից յուրաքանչյուրը 1 հա ծիրանի այգի ունի, չեն կարողանում իրացնել ծիրանը:
«Ծիրանը շուտ փչացող ապրանք է, հավաքելն ու հանձնելը պետք է մեկ լինի: 10 արկղ լավ ծրիան հավաքեցի, տարա ՄԱՊ: Մի ամբողջ օր կանգնած մնացի դրանց դռանը, երբ հերթը ինձ հասավ`ապրանքս չընդունեցին, ասեցին՝ լավը չի: Բա որտեղից լավը կլնի, երբ ամբողջ օրն արևի տակ է եղել: Էս տապին մարդն է փչանում, ծիրան կմնա՞»,-բողոքեց Կարապետ Մարտիրոսյանը:
Նա փչացած ծիրանները հասցրել էր գյուղ ու զայրացած սկսել դատարկել առուն: Հարևանուհին` Ալվարդ Սահակյանը, երկրորդ արկղից հետո հասցրել էր կանխել Մարտիրոսյանին: «Փրկված» ութ արկղ ծիրանը հարևանուհին էր գնել 25 դրամով` օղի թորելու նպատակով:
«Դրա համար պետք էր նախապես պայմանավորվեին ընկերության հետ, որ չգնային ու կանգնած մնային: Ոչ միայն ՄԱՊ-ը, այլև մյուս մթերող ընկերությունները նույնպես այս տարի ծիրանի սահմանափակ քանակություն են ընդունում: Իսկ դա նշանակում է, որ ընդունելու են միայն նրանցից, ում հետ պայմանավորվածություն ունեն»,-ասաց Արմավիրի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության բաժնի պետի պաշտոնակատար Սանասար Բաղդասարյանը:
Եղբայրներից մյուսն էլ`Մարտինը, շրջիկ ծիրանավաճառ է դարձել:
«Ապրանքը բարձում եմ մեքենաս ու գնում Գյումրու կողմերը: 60 դրամ եմ ասում: Դրանից էժան էլ եմ տալիս, պատահում է, որ փոխանակում եմ ուրիշ ապրանքի հետ, բայց, մեկ ա` եկամուտ չի բերում: Մխիթարանքս մենակ էն ա, որ քիչ եմ փչացնում- թափում»,-ասաց Մարտին Մարտիրոսյանը:
Էջմիածնի բնակիչ Մնացական Թովմասյանն ունի 1,5 հա ծիրանի այգի: Նա պատմեց, որ շատ գիշերներ չի քնել, որպեսզի ցրտահարությունից ծառերը պաշտպանի:
«Ամեն ծառի տակ ծուխ էի անում, որ ցուրտը չտանի: Չնայած, գիտեի, որ այգին ընտանիքիս եկամուտ չի բերելու, բայց անտերության մատնել էլ չէի կարողանում: Ամեն տարի որոշում եմ, որ էս տարին վերջինն ա լինելու ծիրանի համար. կտրելու եմ, փոխարենը դեղձ կամ խաղող դնեմ, բայց հենց ձմեռը դուրս ա գալիս, փոշմանում եմ. ձեռքս չի բարձրանում, որ ծառը կտրեմ»,-ասում է Մնացական Թովմասյանը:
Ծիրանաբուծության 50-ամյա փորձ ունեցող Մ.Թովմասյանը մթերող ընկերությունների հետ հույսեր չի կապում: Ասում է, որ նրանց ուզածը հատընտիր ծիրան է, այն էլ` 1 կգ-ը 30-50 դրամով:
«Էդ որակի ծիրանը, որ էդ գնով իրենք են ուզում, շուկայում երկու-երեք անգամ ավելի թանկ ա: Ինձ ավելի ձեռ ա տալիս 40-50 դրամով տամ վերավաճառողին, քան օրերով հերթ կանգնեմ մթերողի դռների մոտ, ապրանքս փչանա, վերջում էլ ասեն, թե` ծիրանդ անորակ ա, չենք ընդունում»,-ավելացնում է Մ.Թովմասյանը:
Էջմիածինը 40 հա ծիրանի այգի ունի, որից նախորդ տարի 90 տոննա բերք էին ստացել: Նման ակնկալիք կա նաև ընթացիկ տարում, բայց ինչ օգուտ, երբ իրացման հարցը չի լուծվում:
Էջմիածնի քաղաքապետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Աշոտ Ասլանյանը, թեև կիսում է գյուղացիների մտահոգությունը, բայց օգնել առայժմ չի կարողանում:
«Եվ մարզպետարանին ենք դիմել, և մթերող կազմակերպություններին: Մթերողներն իրենց պայմաններն են դնում. ամեն տեսակ ծիրան չեն վերցնում: Իսկ վերցնելուց էլ` ընտիրը և էժան` գյուղացուն ոչ ձեռնատու գնով»-ասաց գյուղբաժնի պատասխանատուն: Նա փոխանցեց, որ Էջմիածնի միակ մթերող կազմակերպությունը պահածոների գործարանն է, որն այս տարի ի վիճակի է մթերել ընդամենը 30-40 տոննա ծիրան, այն էլ` 30-60 դրամով:
Արմավիրի մարզպետարանն ամիսներ առաջ Եկատերինբուրգի ղեկավարության հետ պայմանավորվածություն ձեռք բերեց հայկական գյուղմթերքը, մասնավորապես ծիրանը Եկատերինբուրգ արտահանելու ուղղությամբ: Ղեկավարների ու գործարարների մակարդակով նույնիսկ փոխայցելություններ եղան:
«Բայց, առայժմ ոչինչ չի ստացվում: Մեր տեղեկություններով` նրանք ավելի էժան գնով Միջին Ասիայից են ներմուծում, որովհետև միայն տեղափոխման ծախսը Հայաստանից ավելի թանկ է, քան ապրանքի վաճառքի գինը»,-ասաց մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության բաժնի պետի պաշտոնակատար Սանասար Բաղդասարյանը:
Հայկուշ Ասլանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել