HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Արսինե Խանջյան. «Հայաստանը տագնապի մեջ է, բայց իշխանությունները չունեն այդ տագնապի զգացումը»

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքին հետեւելիս ի՞նչ առաջընթաց եք գրանցել Ձեզ համար:

Ամենակարեւորն այն է, որ փառատոնը առանց ընդհատումների ամեն տարի իր տեղն է գտնում: Եվ այս հաջող ձեռնարկը վկայում է այն մասին, որ «Ոսկե ծիրան»-ը ուժեղ է եւ ունի իր տեղը, իր բնական ձեւը: Ամեն տարի ձեռնարկը հարստանում է իր երազներու կոնտեքստով, հետաքրքրություն է ստեղծվում ոչ միայն Հայաստանի, Եվրոպայի եւ Ամերիկայի շրջանակներում` իբր կարեւոր կինոփառատոն:

Մենք մեզ պետք է հիշեցնենք, որ աշխարհում այսօր շատ փառատոներ կան: Եվ եթե կրնանք ապահովել օտար փառատոների ներկայությունը «Ոսկե ծիրանում», ուրեմն մեր փառատոնի հաջողությունը կրնանք ապահովել:

Ի՞նչ նոր նախագծեր ունեք:

Երբ վերադառնամ Տորոնտո, պետք է արդեն լրջորեն զբաղվեմ թատրոնի արտադրությամբ: Պետք է ներկայացում բեմադրվի, «Պիկասոյի կանայք» անունով մի ներկայացում, որի սցենարի հեղինակը իռլանդացի մի գրող է, որը, հավանաբար 2010 թվականին, պետք է ներկայացնենք 8 դերասանուհիներով:

Իսկ այդ ներկայացումը Հայսատան բերվելո՞ւ է: Ինչու՞ չէ:

Եթե կարելիություն ըլլա, հավանաբար կուգա: Թատրոնը քիչ մը ավելի դժվար է ճամփորդելու համար: Բայց հարցը միշտ նյութական կողմում է: Թատրոնը նյութականի առումով կինոյի պես մեծ դժվարություններ ունի: Երբ մենք կսկսինք այնտեղ բեմ հանել, եթե հաջողություն լինի, կուզիմ բերվի Հայաստան: Պիտի անձնապես փափագեմ դրա համար:

Ձեզ համար կինոն եւ թատրոնը ի՞նչ նմանություններ եւ տարբերութուններ ունեն:

Բնականաբար, դրանք շատ տարբեր են: Բայց թատրոնը կմնա մի րիտուալ, թատրոնը նաեւ դերասանին կտա այն ուժը, որը կինոն առավել նվազ կարող է տրամադրել: Կինոյում դերասանը նույնքան մեծ պատասխանատվություն չի կրում րոպեների եւ մանրուքների համար, ինչպես թատրոնում: Կինոն տարբեր իրողություն է: Կինոյում խաղարկության հմտությունն է կարեւոր, այստեղ նվազ արտահայտչականություն է պահանջվում: Իսկ թատրոնը ավելի էմոցիոնալ է: Ինձ համար մեծ ուրախություն է, որ կյանքիս մեջ երկուսն էլ ունեմ: Կինոն օբյեկտիվ ձեւով ավելի շատ է կարողանում ճամփորդել աշխարհով մեկ: Այնքան արտադրում կա կինոյում, որ շուկան հագեցած է, եւ շատ հրաշալի կինոներ մնում են անտեսանելի: Իսկ թատրոնը ավելի ազատ է, չնայած այն ավելի ռեգիոնալ է:

Հայաստանում որեւէ պրոեկտ նախաձեռնու՞մ եք:

Ոչ, բայց այս վերջին օրերուն Հայ յեղափոխական դաշնակցությունից հրավեր մը ստացա. մասնակցություն ցեղասպանությանը վերաբերող խորհրդաժողովներեն: Ասիկա շատ բուռն եւ կարեւոր հարց է թե՛ սփյուռքի, թե՛ Արցախի համար: Եւ անհատապես ինձի համար այն շատ կարեւոր է: Իհարկե, իմ մասնագիտական գործունեությունից զատ, ես ուզում եմ նաեւ մասնակցել այդ մեծ կարեւորության գործերուն մեջ: Մանավանդ, այնպիսի տպավորություն ունեմ, որ հայկական իշխանությունները աս վերջերս կմտահոգեն ինձի: Սփյուռքի, Հայսատանի եւ Արցախի այս երրորդության մեջ հարցեր կան, որ պիտի կարենանք ավելի բացահայտ եւ մատչելի մեջտեղ բերենք, եւ ոչ թե իշխանությունը իր ինքնագլուխ որոշումները ստանձնի մեր ազգի ընդհանուր շահերի նկատմամբ:

Մի փոքր ավելի կմանրամասնե՞ք` ի՞նչն է Ձեզ հատկապես մտահոգում ՀՀ իշխանության արտաքին քաղաքականության մեջ:

Եւ ոչ միայն արտաքին քաղաքականությունը: Այն միայն զենք է Հայաստանի ներքին իրողությունը ապահովելու: Հայաստանի մեջ մենք այսօր լուրջ տնտեսական պրոբլեմ ունինք: Ես անձնապես չեմ հավատում, որ Թուրքիան կբացի սահմանը: Որովհետեւ Հայաստանի կողմից սահմանը միշտ բաց է եղել: Ես անձնապես չեմ հավատում, որ դա կծառայե Հայաստանի շահերուն: Թուրքիան հսկա իշխանություն է եւ մեկ թաթով կարող է լուծել Հայաստանի տնտեսական եւ գոյության խնդիրը մեկ շաբաթվա մեջ, եթե ոչ` մեկ օրվա: Ան չէ, այդ իմ կարծիքը այդքան էլ կարեւոր չէ: Այս պահին կարեւոր է այն, որ մեր իշխանությունները առանց պայմանների են ուզում Թուրքիո հետ հարաբերություններ ունենալ: Պայմաններու հարցն է, որ մեր իշխանությունները բացարձակապես կանտեսեն: Կարծես դա ըլլա մի անկարեւոր հարց մը: Եւ մտահոգությունս ինչ է. մտահոգությունս սփյուռքի վիճակը եւ պատմությունը չէ, մենք այսօր 100 տարի մեր գործունեությունը կանինք առանց Հայաստանի: Մենք կրցանք մենք մեզ լուծել բազում հարցեր, մենք ենք բարձրացնում ամբողջ աշխարհով ցեղասպանության հարցը: Հայաստանը այսօր չի հասկանում, որ ցեղասպանության զենքը ամենակարեւոր զենքն է, որով Հայսատանը կարող է աշխարհի հետ խոսիլ: Ես 2 օր առաջ այցելեցի Արցախ եւ հասկացա, որ թափված արյունը տակավին թարմ է: Եւ եթե մենք Արցախը չապահովինք որպես բոլոր հայերու պատմական մի վայր, այն կդառնա մեր ամենամեծ մեղքերեն մեկը: Այդ արյունը իմաստ ուներ հայերի համար:

Դուք մտավախություն ունե՞ք, որ ՀՀ իշխանությունները կհանձնեն Արցախը:

Կարող է նրանք Արցախը չհանձնեն: Բայց այն բանակցություններում, որ տեղի կունենան, հստակ կոնտեքստ չկա, ափեղ-սփեղ արտահայտություններ կանեն, որից բան մը հասկանալ չի կարելի: Ճնշումներուն տակ նրանք ասում են, թե սփյուռքը խանգարում է նրանց հարաբերություններին, սա անկարելի լուծումներ են:

Ի՞նչ կարող եք Դուք անել այդ ամենը փոխելու համար:

Ես կփափագեմ, որ հայ ժողովուրդը շատ ավելի հարց տա իշխանություններին… Իսկ կարողանու՞մ է ժողովուրդը իշխանությանը առնչվել:

Ինչու՞ չէ: Եթե ժողովուրդը համախմբվի, կարող է իր ձայնը լսելի դարձնել իշխանություններին: Ես գիտեմ, Հայաստանը այսօր մեծ տագնապի մեջ է: Սփյուռքահայ ըլլալու կամ իտալացի ըլլալու պետք չունիմ, որ դա հասկնամ: Եթե պարզ խոսենք, այսօր Հայաստանը տագնապի մեջ է, բայց իշխանությունները չունեն այդ տագնապի զգացումը, որ մի ձեւով այն լուծեն: Ո՞վ պիտի տուժե` իհարկե, հայ ժողովուրդը. սկզբում Հայաստանի, այնուհետեւ` Արցախի, իսկ հետո` սփյուռքի: Այսօր Հայաստանի իշխանությունը պետք է անդրադառնա, որ առանց սփյուռքի Հայաստանը, իսկապես, տկար վիճակի մեջ կըլլա:

Սփյուռքի դեմ ուղղված քայլեր տեսնու՞մ եք ՀՀ իշխանությունների գործունեության մեջ:

Եթե իշխանություններն այսօր ասում են, որ մի կողմ են դնելու սփյուռքի խնդիրները, ցեղասպանության խնդիրը, դա ի՞նչ կնշանակե: Իմ կարծիքով, սա արդեն հստակ կեցվածք է: Այսօր սփյուռքը լոբբինգի հսկայական գործ կանե, Հայաստանը` ոչ: Հայաստանը, ցավոք սրտի, այդ կարողությունը չունի, բնական է: Եթե չլիներ մեր սփյուռքը, դուք կկարծեք, որ Ամերիկան մեզ նյութական օժանդակություն կտա՞ր, հենց այնպես: Ո՛չ: Ես չեմ ըսալ այս ամենը սփյուռքի համար: Որովհետեւ, ի վերջո, իմ ուրախությունը Հայաստանն է, իմ մտահոգությունը Հայաստանի վիճակն է: Այս ամենը քաղաքական կարճատեսության պատճառով է: Դուք լսեցիք Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի համաձայնությունը. աս որոշումը ինչու՞ առանց Արցախի մասնակցության պիտի ըլլա: Ինչո՞ւ միայն Հայաստանի կամ Ադրբեջանի մասնակցությունը պիտի ըլլա, Արցախինը` ոչ: Ինչո՞ւ: Ադիկա բնակա՞ն է…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter