
Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հանդիպելով ավելի քան երկու տասնյակ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ, քննարկման է ներկայացրել զբոսաշրջությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում` «Ցածրաբյուջե հանգիստ եւ շրջապտույտներ Արցախում» փաթեթը, ըստ որի, նախատեսվում է ակտիվացնել զբոսաշրջիկների հոսքը Ղարաբաղ:
Ղարաբաղի զբոսաշրջության ոլորտին եւ զարգացման հեռանկարներին ծանոթանալու նպատակով, ինչպես ավելի վաղ պայմանավորվել էին, եռօրյա ճանաչողական այցով Արցախ են ժամանել հայաստանյան զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներ` ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանի գլխավորությամբ:
Երեկ պատվիրակության անդամները հանդիպել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ: Հանդիպման ժամանակ Արա Հարությունյանը նշել է, որ երկու պետությունների կառավարությունների ղեկավարների պայմանավորվածության համաձայն` զբոսաշրջային ուղեգրերը պետք է լինեն մատչելի եւ հասցեագրվեն նախեւառաջ Հայաստանի բնակիչներին:
Նա միաժամանակ նկատել է, որ Հայաստանի բնակիչների 90 տոկոսը ծանոթ չէ Արցախին, ուստի պետք է նրանց այցելության համար ավելի մատչելի պայմաններ ստեղծել: Այս ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում, եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունը քննարկման է ներկայացրել համապատասխան փաթեթ, ըստ որի, զբոսաշրջիկները կարող են իրենց հանգիստը Ղարաբաղում անցկացնել ավելի մատչելի գներով:
Հանդիպման ժամանակ վարչապետը տեղեկացրեց, որ 6-7 օր հանգստանալու եւ Արցախին ծանոթանալու համար զբոսաշրջիկից կպահանջվի 90-110 հազար դրամ: Այս գումարն իր մեջ ներառում է գիշերավարձը, սնունդը, տրանսպորտային ծախսերը եւ այլն:
Արա Հարությունյանի խոսքերով, այսպիսի պայմաններով հանգստի կազմակերպման արդյունքում ղարաբաղյան հյուրանոցներն ու համապատասխան օբյեկտները գրեթե եկամուտ չեն ստանում, սակայն այս քաղաքականությունը հիմքեր է ստեղծում` 2-3 տարի հետո զբոսաշրջության համար նորմալ պայմաններ ստեղծելու եւ եկամուտներ ունենալու համար:
Հյուրերն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում ուսումնասիրությունների հիման վրա կամփոփեն իրենց նկատառումներն ու առաջարկությունները, որոնք կներկայացնեն ԼՂՀ վարչապետին:
Ընդհանուր առմամբ, Ղարաբաղում հանգիստ անցկացնելը շատ թանկ հաճույք է, եւ ներկայացված փաթեթի գները բավականին ցածր են օրինակ ղարաբաղյան հյուրանոցների գների համեմատ:
Ղարաբաղի հյուրանոցներում 1 տեղանոց սենյակներն արժեն 16-21 հազար դրամ, 2 տեղանոցները տատանվում են 20-27 հազար դրամի սահմաններում, 3 տեղանոցները` 25-45 հազար դրամի եւ այլն: Ղարաբաղում կան նաեւ առանձնատներ, որտեղ նույնպես վարձով սենյակներ են տրամադրվում. այստեղ 1 հոգու գիշերավարձն արժե 5-7 հազար դրամ:
Որոշակի աշխատանքներ են տարվում նաեւ Արցախի տեսարժեն վայրերը տանող ճանապարհների վերանորոգման եւ բարեկարգման ուղղությամբ. վերջին տարում վերանորոգվել է Ամարասի վանք տանող ճանապարհը, սակայն հարկ է նկատել, որ եղածներն են շարքից դուրս գալիս: Ստեփանակերտից Գանձասարի վանք տանող ճանապարհը, որը Հյուսիս-Հարավ մայրուղու մի մասն է կազմում, արդեն հատվածներով շարքից դուրս է եկել, չնայած վերանորոգվել է ընդամենը մի քանի տարի առաջ:
Զբոսաշրջության ոլորտում անելիքները դեռ շատ են, սա խոստովանում են նաեւ ոլորտի մասնագետները: Աշխատանքներ պետք է տարվեն ինչպես ճանապարհների բարեկարգման, պատմամշակութային արժեքների պահպանման, այնպես էլ հյուրանոցների` հատկապես շրջաններում, սննդի օբյեկտների կառուցման ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել