
Առասպել եղվարդցի տղաների մասին
Հայաստանի տարբեր քաղաքներում ընկերներ ունեմ: Ամեն անգամ նրանց հետ շփվելով սկսում եմ համեմատել Եղվարդ քաղաքի տղաների հետ: Քաղաք, որտեղ ես ծնվել, մեծացել եմ և դեռ շարունակում եմ ապրել:
Համեմատել և փորձել գտնել նմանություններ, հավատացեք՝ այդքան էլ չի ստացվում, քանի որ միանգամից հասկանում ես, որ եղվարդցի տղաները «թանգարանային նմուշներ են»: Երբեմն մտածում եմ, որ եղվարդցի տղա լինելը հատուկ պաշտոն է, որին ձգտում և հասնում է յուրաքանչյուր իրեն հարգող եղվարդցի տղա:
Հավատացեք՝ այստեղ իշխանություն և ընդդիմություն չկա. բոլորը հավասար են: Մերոնց դեպքում ոչ միայն իրավունքներն են հավասար, այլև ճկույթի եղունգի երկարությունը. դե, գոնե 2 սմ պետք է լինի՝ չնայած, որքան երկար, այնքան հարգված տղա ես: Հաճախ ճկույթի եղունգին ավելի են ուշադրություն դարձնում, քան իրենց կողքի աղջկան:
Դե, հագուստը, կոշիկները՝ պարտադիր սև գույնի: Առաջին հայացքից մտածում ես՝ երևի ուրիշը չունի: Բայց, չէ, թաղի տղերքն իրեն այլ հագուստով չեն ընդունում, պպզելուց էլ համարյա կոշիկի սուր ծայրերից են բռնվում:
Լսած երաժշտությունն էլ ուղղակի անտանելի էլ, որովհետև ռաբիսն էլ չափ ունի: Նրանց լսածն իսլամական ոռնոցի է նման: Եթե դուք մի փոքր աչքի ընկնող պահվածք կամ հագուստ ունեք եւ մերոնցից ինչ-որ ռեպլիկ եք ակնկալում, ասեմ, որ իզուր. նրանք ալարում են ավելորդ անգամ շարժել ձայնալարերը, ինչպես որ ալարում են իրենց համար աղջիկ ընտրել. դե, մաման կգտնի: Դեպքի եմ ականատես եղել, որ ասել են՝ դե, դուք մեկին գտեք, ես կամուսնանամ:
Չէ՞ որ իր պատվից հեռու է մոտենալ որևէ աղջկա և հայտնել սեփական զգացմունքների մասին: Բա որ մերժի, էդ էր պակաս. թաղի տղերքն ի՞նչ կասեն: Լավագույն դեպքում ասում են՝ մի անգամ կմոտենամ, եթե չեմուչում արեց, ուրիշին կգտնեմ:
Եթե կան աղջիկներ, որոնք նախնտրում են այս կերպարի տղաների, խնդրեմ, համեցեք: Նրանք ձեզ են սպասում: Գուցե ձեզ հետ հանդիպման գնալիս որոշեն, որ կարելի է սափրվել, թե չէ տպավորություն է, թե բոլորի դեպքում էլ հարազատներից մեկը մահացել է, և ակամայից ցավակցելու ցանկություն ես ունենում:
Շատ կցանկանայի, որ գրածս հասցեատերերին հասներ, բայց մի փոքր մտավախություն ունեմ, քանի որ թերթ կարդալու ժամանակ չունեք, ինտերնետն էլ սկսվում և ավարտվում է «Օդնոկլասնիկ» սոցիալական կայքէջով:
Նաիրա Հարությունյան
Մեկնաբանություններ (67)
Մեկնաբանել