HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Յեժի Սկոլիմովսկի. «4 գիշեր Աննայի հետ»

14_07-j_skolimowskiԼեհ ռեժիսոր Յեժի Սկոլիմովսկին վատառողջության պատճառով Հայաստան չէր ժամանել: Սակայն նրա գործընկեր լեհ Անջեյ Կրակովսկին ներկայացրեց ռեժիսորին այնպես, ինչպես Սկոլիմովսկին ինքը երբեք չէր ներկայանա: «60-ականներին Յեժին լեհական կինոյի ամենամեծ դեմքերից էր: Այդ տարիներին բազմաթիվ խնդիրներ էին առաջանում ֆիլմ նկարահանելիս: Յեժին այն մարդկանցից էր, ով մանիպուլյացիայի էր ենթարկում ամբողջ այդ համակարգը եւ այնպես էր անում, որ իր ֆիլմը նկարվեր: Նրա առաջին ֆիլմը պետք է լիներ ընդամենը կես ժամանոց, քանի որ այն դիպլոմային աշխատանք էր: Բայց այդ կես ժամը դարձավ լիամետրաժ ֆիլմ: Պաշտոնյաներն այդ ամենը այդքան էլ լավ չընդունեցին եւ արգելեցին նման բաների կրկնումը: Երկրորդ ֆիլմը երիտասարդ սերնդի զայրույթն էր արտահայտում, եւ Յեժին մի կինոգործչի հետ գրազի պես մի բան կապեց, թե չի կարողանա 10 կադրից բաղկացած ֆիլմ ստանալ: Յեժին այդ ֆիլմը ստացավ ընդամենը 7 կադրով: Լեհաստանում, կարծում եմ, դեռեւս այդպիսիս ֆիլմ չի եղել, որը բաղկացած կլինի 7 կադրից»: Կլիշեների նկատմամբ նման «ըմբոստությունները», պարզ է, որ չէին ընդունվում քարացած կանոններով դաստիարակված մասնագետների կողմից»,- ասաց Ա. Կրակովսկին: Երեկ «4 գիշեր Աննայի հետ» ֆիլմով բացվեց Յեժի Սկոլիմովսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Լեհական բազմաթիվ ֆիլմերի բնորոշ ակտիվ գործողության բացակայությունը այս ֆիլմին առանձնահատուկ հմայք է հաղորդում: 14_07-4 nights with anna Ֆիլմի գլխավոր հերոս, դիակիզարանի աշխատող Լեոն Օկրասան սիրահարված է իր տան դիմաց բուժքույրերի համար հատկացված կացարանի սենյակներից մեկում ապրող Աննային: Ամեն գիշեր նա իր պատուհանից հետեւում է Աննային, նրա ամեն մի շարժմանը: Մի օր էլ լքված ամբարում ականատես է լինում, թե ինչպես է ոմն մեկը բռնաբարում Աննային: Լեոնը քարացել էր, նա անգամ չմիջամտեց, որովհետեւ վախից կամ հուզմունքից քարացել էր: Երբ կապկպված աղջիկը մենակ մնաց, Լեոնը մոտեցավ, բայց տեսնելով Աննայի աչքերը` սարսափեց ու դիմեց փախուստի: Այնուհետեւ Լեոնը ոստիկանությունում հայտնեց, որ ականատես էր եղել կնոջ բռնաբարությանը: Սակայն մեղքը բարդվեց նրա վրա: Լեոնը դատապարտվեց Աննայի բռնաբարության համար: Նա մի բառ անգամ չարտասանեց իրեն արդարացնելու համար: 5 տարի բանտում նստելուց հետո Լեոնը վերադառնում է տուն: Նրա մոտ մի միտք է ծագում: Աննայի սենյակի պատուհանագոգին դրված շաքարի ամանի մեջ քնաբեր է լցնում: Ամեն երեկո գալով տուն` Աննան ըմպում է իր մեկ բաժակ քաղցր թեյը եւ խորը քուն մտնում: Որից հետո Լեոնը պատուհանից ներս է մտնում, նստում է Աննայի կողքին: Չորս գիշեր անընդմեջ Լեոնը գալիս է Աննայի մոտ, ծննդյան տոնից մնացած ողջ սպասքը լվանում է, մաքրում է հատակը, կարում Աննայի բաճկոնի պոկված կոճակները, նույնիսկ Աննայի ոտքի եղունգներն է հարդարում: Եւ այդ ամենը` լուռ, առանց ձայնի, մինչ իր սիրելի Աննան քնաբերի ազդեցության տակ խորը քնած է: Ծննդյան տոնի գիշերը Լեոնը մատանի է թողնում Աննայի սենյակում: Պատուհանով դուրս սողոսկելիս նա բռնվում է ոստիկանության կողմից եւ խոստովանում, որ 4 գիշեր «ներխուժել է» Աննայի սենյակը: Դատավորի հարցին, թե ինչ նպատակով է նա դա արել, Լեոնը հազիվ լսելի ձայնով պատասխանում է` սիրո: Մինչ Լեոնը պահվում էր բանտում, նրա մոտ այցի է գալիս Աննան: Ասում է, թե գիտի, որ բռնաբարողը Լեոնը չի եղել, բայց ինքն այլեւս չի գա: Լեոնին ազատում են բանտից: Վերադառնալով տուն` նա խելագարի պես վազում է դեպի բուժքույրերի կացարանը...եւ հանդիպում հսկա պատի, որը բաժանում է իրեն եւ Աննային: Լեհ ռեժիսոր Անջեյ Կրակովսկին այս ֆիլմի ստեղծման մասին պատմում է. «Երբ Յեժին գրեց սցենարը, այն, չգիտես ինչպես, անհետացավ: Նա ստիպված նորից գրեց այն, բայց բոլորովին այլ բան ստացավ: Ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսելիս նախկին սցենարը, ինչպես հանկարծակի անհետացել էր, այդպես էլ նորից հայտնվեց իր տեղում: Բայց ֆիլմը նկարահանվեց նոր սցենարով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter