
Դսեղ գյուղամիջում նստած տղամարդկանց հետ միանգամից զրույցի բռնվեցի, ասացին, որ գոհ են իրենց ապրելակերպից:
«Հա, խի չպտի լավ ապրենք, գոհ ենք»,- մի տեսակ անտարբեր ասաց նրանցից մեկը: Ցերեկվա այդ ժամին գյուղամիջում իրենց պարապ նստելն էլ բացատրեցին «կիրակի լինելով»: Զարմացա` գյուղացու համար կիրակին ո՞րն է: Նրանք էլ զարմանքիս վրա ծիծաղեցին: Հարցրի` ինչու՞ չեք աշխատում: «Որտե՞ղ: էգուց- էլոր էսա հունձը սկսում ա, կաշխատենք: Հնձելու վախտն ա: Տնամերձում էլ ամեն ինչ ցանել ենք»,- ասաց նրանցից մեկը, որից էլ անմիջապես հարցրի անուն, ազգանունը:
«Վարդան,- պատասխանեց ու հետաքրքրվեց,- էդ խի՞ ես հարցնում»: «Բա չիմանա՞նք ազգանունդ»,- ասացի:
Վարդանն էլ, քաղաքացի կին տեսած գեղացու տափակ հումորով, մատը կողքին նստած տղամարդու կողմը տնկելով` ասաց. «Էս ընկեր Հախվերդյանն ա»: Հետո, հավանաբար վախենալով, որ կնեղանամ, անմիջապես իրեն ուղղեց ու շատ քաղաքավարի ասաց. «Ես էլ Գաբոյան Վարդանն եմ»:
«Հախվերդյան Վալտերն եմ»,- համեստորեն ներկայացավ մատնացույց արվածը: Նրան հարցրի, թե նախկինում ինչ էր աշխատում: «Հմի էլ եմ աշխատում»,- ասաց Վալտերը: Պարզվեց` դպրոցի զինղեկն է: Որպեսզի աշխատող ներկայանա, Հախվերդյանն ասաց, թե «էսա գնալու է անտառ, սարի կտրելու»:
Հարցրի, թե Հովհ. Թումանյանի 140-ամյակի առթիվ դսեղցիների համար ինչ խնդիրներ է լուծել ՀՀ կառավարությունը: «Ճանապարհը սարքել ա, ասֆալտապատել ա»,- հնչեց ի պատասխան:
«Ախր, ճանապարհը մի քանի տարի առաջ է սարքել, նոր ինչ է արել»,- համառեցի ես: «Այտա, խու ամեն տարի կարա՞լ չի անի: Աշխատատե՞ղ, չէ հա, ու՞ր ա: Ամոթ չի ըլի՞լ, որ աշխատատեղ ստեղծի, շատ էլ լավ կլի, բայց, թե ու՞ր ա»,- միջամտեց մեկ ուրիշը:

Անցանք գյուղի վարելահողերին: Տղամարդիկ ասացին, որ Դսեղը շուրջ 700 հա չմշակվող վարելահող ունի, որոնք հիմնականում խոտհարքի տակ են:
«Հողը ինչո՞վ մշակեմ, փող ունե՞մ, որ մշակեմ: 13 հազար դրամ թոշակ ենք ստանում, ինչո՞վ մշակեմ: Բա ինչո՞վ եմ ապրըմ: Էն էլ ես չեմ ստանում, կեսուրս ա ստանում, 4 անձ ենք: Տոկոսներով ենք ապրում: Մենակ մի մարդի 1000 դոլար տոկոս ունենք տալու: Ըհը: Այ, դրանով ենք ապրում»,- փրփրած զրույցին խառնվեց աննկատ մեզ մոտեցած դսեղեցի միջահասակ մի կին:
«Անուն չունեմ ես: Պարտադիր չի, որ անունս իմանան: Հմի բանջարեղեն են բերել,- ձեռքը դեպի գյուղամիջի «Էստի համեցեք» խանութը մեկնելով` առանց շունչ քաշելու շարունակեց,- այ, մի ժամ կանգնեցեք ու տեհեք` ո՞վ տի մի կիլո պոմիդոր առնի գյուղումը: Ոչ մինը: Չունեն, որդիա՞ն առնեն: Սպասում են` հավը մի ձու ածի, որ բերեն առնեն: Մի հիմնարկություն չկա, գեղը 3-4 հազար բնակիչ ունի: Անունս կարևոր չի»,- կրկին համառեց նա:
«Անունդ ասա, աղջի»,- հրամայեց Վարդան Գաբոյանը:

«Հլա լսի, որ հարցնում եք, դուք ավելի լավ գիտեք, գրեցեք, գրեցեք, բոլորն են դժգոհ, խու մենակ ե՞ս չեմ: Անունս Լաուրա ա, 7 հազար մետր հող ունեմ, հողը ո՞նց մշակեմ, վառելիք չունեմ, սերմացու չունեմ, հմի էլ վարկեր ա, վարկեր են տվել, մարդիկ չեն կարում փակվեն, 1000 դոլար էլ ես եմ վեր կալել: Դեռ փակվելու ժամանակը չի, բայց մտածում եմ, թե ո՞նց տեմ փակվի, 1000 դոլարն էլ ում պարտք եմ ելել, կես մին տվել եմ: Եսիմ ի՞նչ եմ արել: Հա, դե ի՞նչ ա, խոսացնում ա, բան եմ անում,- հանկարծ նեղսրտեց Լաուրան և մի փոքր մեղմացած բացատրեց,- որը ճիշտ ա, էն ենք ասում: Ամուսինս ա»:

Գյուղամիջում, Հովհաննես Թումանյանի հուշարձանի հարևանությամբ գտնվող պուրակում նստած Դսեղի երիտասարդ տղաներն էլ բացատրեցին իրենց պարապության պատճառները. «Գործը տվին ու չաշխատեցի՞ն: Ստեղծածն էլ արգելում են: Ուզում ենք րեխանցը լավ պահենք, բայց չի ստացվում»:
Երբ փորձեցինք նրանց լուսանկարել, կատակեցին` «Տակին էլ կգրեք` Դսեղի անբան ջահելները»:
Թե ինչու՞ իրենց նախաձեռնությամբ աշխատատեղ չեն ստեղծում` հավանոց, թռչնաբուծական ֆերմա, խոզաբուծական ֆերմա կամ որևէ բիզնես` երիտասարդ մի դսեղեցի, որն այդպես էլ չցանկացավ նշել իր անունը, բացատրեց. «Գյուղ ա, ի՞նչ նախաձեռնություն անենք, հողը մշակել եմ 20 հա, 2 տարի իրար վրա կարկուտը խփեց, պետությունը ոչ մի բանով չհատուցեց: Խոզաբուծությամբ էլ էի զբաղվում: Ոչ մի պետության մեջ այնպիսի անկանոն գներ չկան, ոնց որ Հայաստանում: Կերից բռնացրած: Թեփը, գարին: Այնպիսի անկանխատեսելի գներ ա, որ Ռուսաստանի հետ համեմատում ես էդ գները, իրար հետ չի բռնում: Մի օր կարա թեփը արժենա 1500 դրամ, մի 2 ամիս հետո էդ թեփը կարա արժենա արդեն կրկնակի: Ժողովուրդը հողագործությամբ ինչո՞վ զբաղվի, սելիտրի գինը ի՞նչ արժե, ես չեմ ասում` Հայաստանում գյուղատնտեսական ձեռներեցությամբ անհնար է զբաղվելը, ես ասում եմ` դժվար է զբաղվելը: Դժվարությունները հաղթահարելու համար էլ պայմաններ չեն ստեղծում: Պետությունն ընդհանրապես որևէ բանով չի աջակցում»:
Դսեղում գյուղացիները համայնքի բյուջեի մասին առհասարակ չէին խոսում: «Աղքատ բյուջեում ի՞նչ կա, որ ի՞նչ հարց լուծի»,-ասաց երիտասարդներից մեկը:
Պարզվեց` հողը մշակելու գործում որևէ աջակցություն չստացող դսեղցիները, այդուհանդերձ, չեն զլանում վճարել իրենց հարկերը: Համայնքի բյուջեի 2009 թ. եկամուտները պլանավորվել են 28,8 մլն դրամ, որից 1-ին կիսամյակում մուտքեր ապահովվել են 14 մլն դրամի չափ: Համայնքապետարանը 10,6 %-ով է կատարել անհատ ձեռնարկատերերից ու քաղաքացիներից նախատեսված գույքահարկի եկամուտների 1-ին կիսամյակի հավաքագրումը՝ 1,9 մլն դրամից հավաքագրվել է 24 հազար դրամ:
«Սովորաբար, այս հարկատեսակը մինչև տարեվերջ ենք հավաքում, բացի այդ, դժվարություններ էլ կան: Շատ ավտոմեքենաներ ՄՌՈՒ-ում գրանցված են, բայց իրականում չկան»,- պարզաբանեց համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը: Ըստ եկամուտների կիսամյակային հաշվետվության` գյուղատնտեսական նշանակության հողի նախատեսված 7,9 մլն դրամ եկամուտների մուտքերը կազմել են 4,7 մլն դրամ:
Դսեղցիները, պարզվում է, պարտքեր չսիրող ժողովուրդ են, իրենց բերանից կտրում են ու հարկերը վճարում: Համայնքապետն այս կապակցությամբ էլ ասաց, որ թեև դսեղցիները վարելահողերը որպես խոտհարքներ են օգտագործում, բայց ինչքան եկամուտ են ստանում, այնքանով էլ հողի հարկեր են վճարում: Իսկ իր ղեկավարած համայնքի գյուղացիների ապրելակերպի մասին հարցին Գառնիկ Հովսեփյանը պատասխանեց. «Մեր ապրուստն ի՞նչ է, մի կտոր չոր հաց, էն էլ, հրեն հա, երկնքից կախված»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել