Կապանում բանակցությունները շարունակվում են
Մոտ մեկուկես ժամ Սյունիքի մարզպետարանում` մարզպետի, Կապանի քաղաքապետի, «Դինո գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության գլխավոր տնօրենի, ընկերության ստորգետնյա հանքի պետի ու արհեստակցական միության ղեկավարի մասնակցությամբ քննարկվեցին տարբերակները` արդեն երկրորդ օրը շարունակվող ընկերության աշխատակիցների գործադուլը դադարեցնելու համար:
Հիշեցնենք, որ «Դինո գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության մոտ 120 աշխատակից հիմնականում մեքենավարները, ամրակապավորները, էլեկտրաքարշավարներն ու պայթեցնողները բողոքում են աշխատվարձերի վճարման բոնուսային տարբերակից: Սա աշխատավարձերի վճարման տոկոսային հարաբերակցությամբ ծրագիր է, ու բոլորը կարող են լավ վարձատրվեն, ասենք, եթե պահեն անվտանգության կանոնները: Բացի սրանից, կապ կունենա նաեւ արտահանվող հանքաքարի մեջ խտանյութի պարունակությունը, սահմանված նորմատիվները գերակատարելը: Ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան սպառնացել է փակել հանքը ու ազատել աշխատակիցներին, ինչի համար էլ գործադուլավորները երեքշաբթի` հունիսի 14-ին մարզպետարան էին եկել հանդիպելու մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Վերջինիս առաջարկով էլ հարցը քննարկվեց գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետայի հետ: Մարզպետը գործադուլավորներին հորդորեց, որ ըմբռնումով մոտենան հարցին` հիշեցնելով, որ անցած տարվա նոյեմբերին գործադուլի ժամանակ ձեռնարկության տնօրինությունը ընդառաջել է կառավարությանը: «Խտանյութ չէր վաճառում, բայց աշխատվարձ վճարում էր: Ես չեմ ասում գնացեք անվճար աշխատեք, ես գիտեմ ինչ բան է հանքը ու ինչ է կատարվում ներքևում: Բայց պետք է գործադուլն էլ օրինական դաշտում լինի, որպեսզի կարողանանք արդյունքի հասնել»,-ասաց մարզպետը: Քննարկումից հետո Սուրիկ Խաչատրյանը հայտարարեց, որ տնօրինությունը պատրաստ է որոշ զիջումների գնալ: Հանքում 8 ժամյա աշխատանքային ռեժիմը կփոխվի 6 ժամվա, բոնուսային տարբերակի 3-րդ կետը` հանքաքարի մեջ խտանյութի բարձր պարունակության դեպքում հավելյալ վճարելը հանվում է, ու աշխատակիցների հետ ՀՀ օրենսդրությամբ կնքվում են աշխատանքային նոր պայմանագրեր: Այնուամենայնիվ աշխատակիցները դեռ չեն որոշել` դադարեցնելու են գ•ործադուլը, թե շարունակելու են: «Առավոտյան Ֆալետայից կճշտենք առաջարկվող պայմաններն ու նոր կորոշենք մեր անելիքները», -ասացին աշխատակիցները: Նշենք նաեւ, որ տարիներ շարունակ չի վճարվել աշխտակիցների գիշերավարձերը: Տնօրինությունը խոստացել է արդեն ընթացիկ ամսվանից աստիճանբար մարել կուտակված պարտքը:
Մեկնաբանել