Ծննդկանը մահացավ Մարգարյանում
Երեկ Մոր եւ մանկան առողջության կենտրոնում (Մարգարյանի անվան ծննդատանը) ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ծննդաբերելուց մոտ մեկ ժամ անց մահացել է Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակչուհի, 24-ամյա Ալլա Խաչատրյանը:

Սա Ալլայի առաջին ծնունդն էր, նա կյանք պարգեւեց զույգ երեխայի (աղջիկ եւ տղա) ու ավարտեց իր կարճ կյանքը:
Դեպքի վերաբերյալ նրա հարազատներից մեկի պատմելով` Ալլան առողջական խնդիրներ չուներ, ուղղակի հայտնի ծննդատուն էր եկել նրա «համբավի» համար:
«Հղիության ամբողջ ընթացքը նորմալ ա եղել, մի քիչ ուշացել ա, նախորդ օրը եկել ա հիվանդանց, ասել ա` ուզում եմ կեսարյանով ունենամ, ասել են` չէ, նորմալ ա, դու պրոբլեմ չունես, մի խոսքով` սիստեմա են միացրել, ստիմուլյացիա են արել, ինքը սկսել ա ունենալ:
Առաջինը որ ունեցել է, էրեխեքն են լսել, որ բժիշկն ասել ա` հոգնեցինք, բեր իրան քնեցնենք, որ երկրորդն ուշ ունենա, հետո կողքի բժիշկն ասել ա` չէ, թող ունենա:
Երկրորդն էլ ունեցել ա, կար-մար են տվել ու քնացրել են: Ու մոտը էնքան ժամանակ մարդ չի մտել, որ տեսնի, որ Ալլան արյունահոսում ա...»:
Հարազատների պատմելով, երբ Օկոևը դուրս է եկել եւ մահվան բոթը հայտնել, հարազատները սկսել են մեղադրել նրան ու մյուս բժիշկներին: Սակայն Օկոևն ու մյուս բժիշկները չեն արձագանքել մեղադրանքներին, միայն շտապել են դեպքի մասին տեղեկացնել ոստիկանության Կենտրոնի բաժանմունքին:
Իսկ շենքում հավաքված ոստիկաններն ու ծննդատան ողջ անձնակազմն ամեն ինչ անում էին, որպեսզի ինֆորմացիայի «արտահոսք»չլինի:
Ավելի ուշ հարազատներից տեղեկացանք, որ կնոջ մոտ արյունահոսություն սկսվելուց հետո բժիշկները որոշել են վիրահատություն անել, հեռացնել արգանդը: Վիրահատությանը ներկա է եղել անձամբ Օկոևը, սակայն անգամ դա չի օգնել:
«Փայլուն» աշխատանքի համար
Լոռու մարզի դատախազի սպանությունից հետո (2006-ին), չգիտես` ո՞ր արժանիքների համար, Գլխավոր դատախազությունում հատուկ գործերով կարեւորագույն քննիչի պաշտոն զբաղեցնող Կարեն Շահբազյանը նշանակվեց Լոռու մարզի դատախազ:
Իսկ վերջերս ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Շահբազյանը պարգեւատրվեց «Մխիթար Գոշ» մեդալով: Կասկածում ենք, թե նախագահ Սարգսյանը մինչ հրամանագիր ստորագրելը տեղեկացված է եղել Շահբազյանի վերահսկողությանը հանձնված մարզի հանցագործությունների վիճակագրությունից:
Տեղեկացնենք, որ 2006-ից մարզում աճել է հանցագործությունների թիվը: Զգալի է չբացահայտված հանցագործությունների քանակը: Դեռեւս չբացահայտված են մնում 2008-ին կատարված 3-4 աղմկահարույց սպանությունները, այդ թվում` դատախազի սպանությունը:
Իսկ միգուցե մեդալը հենց դրա՞ համար է տվել:
Լոռու մարզում 2006-ին գրանցվել է 6 առանձնապես ծանր հանցագործություն, որից չի բացահայտվել ոչ մեկը, 2007-ին գրանցված 6 դեպքից բացահայտվել է մեկը: Իսկ 2008-ին տեղի ունեցած 3 դեպքերը մնացել են չբացահայտված:
Մեկի պոչը մյուսի տակ է
Երեկվա ասուլիսում պատասխանելով իր` զինդատախազ լինելու տարիներին մարդկանց նկատմամբ «գործեր սարքելու», քննության ժամանակ բռնություններ կիրառելու (եւ ընդհակառակը` իրական հանցագործներին կոծկելու) մասին հարցին, Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ 1 տարի 4 ամիսը (երբ նա ընդդիմադիր էր եւ ազատազրկված) լրիվ բավարար ժամանակ էր այդ գործերը քննելու եւ բացահայտելու համար:
Այսինքն` զինդատախազությունն իր գլխավորությամբ այնքան անթերի էր, որ Գ. Ջհանգիրյանի «դուշմանը» դարձած իշխանությունները որեւէ սեւ բիծ չկարողացան գտնել:
Նախկին զինդատախազը, իհարկե, միամիտ մարդ չէ, եւ հասկանալի է, որ այստեղ նա փոքր-ինչ խորամանկում է: Նա այդ հանցագործությունների գուցե գլխավոր, բայց ոչ միակ պատասխանատուն է, իսկ նրանք, ովքեր մասնակցել են մարդկանց խոշտանգումներին, սուտ ցուցմունքներ «թխելուն» եւ այլն, մեծ մասամբ շարունակում են պաշտոնավարել զինդատախազությունում եւ ընդհանրապես` իրավապահ համակարգում:
Հետեւաբար, անիմաստ է սին հույսեր փայփայել, որ այդ գործերը վերոհիշյալ իրավապահները կբացահայտեն` որքան էլ ցանկանան պարոն Ջհանգիրյանին «վատություն անել»:
Սրանում է արտահայտվում «իշխանության ժառանգականությունը», որը թույլ է տալիս կոծկել նախկին ապօրինությունները եւ կատարել նորերը:
Տարածքների ախորժակ ունի
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ ադրբեջանական ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ առաջիկայում կարող է հանդիպում տեղի ունենալ իր եւ Գարեգին Երկրորդի միջեւ: Փաշազադեն նշել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նախաձեռնությամբ:
Նա նաեւ հիշեցրել է, որ 2010-ի ապրիլին Բաքվում տեղի է ունենալու ԱՊՀ միջկրոնական խորհրդի նիստը, որին մասնակցելու համար ինքը հրավեր է ուղարկելու Գարեգին Երկրորդին:
Փաշազադեն նաեւ ընդգծել է, որ եթե իրեն Ղարաբաղ այցելելու հրավեր արվի, նա անպայման կգնա:
Ինչո՞ւ փաստահավաք խմբի ներկայացուցիչներին սուտ մատնության համար չեն դատապարտում
«ՉԻ»-ի թղթակիցը զրուցել է մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հոր` Սարգիս Քլոյանի հետ:
Շուրջ մեկուկես տարի է` Դուք փողոցում պայքարում եք, ես Ձեզ միշտ տեսնում եմ հանրահավաքներին, հիմա էլ այստեղ` Սարյանի արձանի մոտ: Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք այդ պայքարից:
Ընդամենը մի հինգ օր առաջ եղել եմ դատախազությունում, հայտնել եմ, որ «ՀԺ» եւ «Առավոտ» թերթերում անուն առ անուն կարդացել ենք բոլոր մարդասպանների անունները:
Անձամբ իմ տղայի սպանությունը բացահայտված է: Հատուկ քննչական ծառայությունն էլ ինձ պատասխանել է, թե դա սուտ է: Ես էլ նրանց ասել եմ` եթե սուտ է, մենք ունենք այդպիսի նախադեպ. ֆրանսահայ Սարգիս Հացպանյանին 3.5 տարվա ազատազրկման դատապարտեցին, հիմա ինչո՞ւ փաստահավաք խմբին սուտ մատնության համար չեն դատապարտում:
Իսկ եթե փաստահավաք խումբը ճիշտ է, ձերբակալեք Ներքին զորքերի եւ ոստիկանության աշխատակիցներին:
Պայթյունը տեղի կունենա թույլ կետում
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Ազգի» թղթակցի հետ զրուցել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան «հիմնարար սկզբունքների» մասին:
Փորձենք վերլուծել «հիմնարար սկզբունքները» եւ սկսենք տարածքների վերադարձից:
- Դա միշտ կար, որովհետեւ հայկական կողմերն ի սկզբանե նահանջ էին թույլ տվել շատ սկզբունքային մի շարք խնդիրներում. օրինակ` հայ փախստականների խնդիրն ի սկզբանե չդրվեց բանակցային սեղանին...
- Կարող էին` չդրեցի՞ն:
Այո, կարող էին, չդրեցին: Դժբախտաբար, ստիպված եմ այսօր արձանագրել, որ Հայաստանի իշխանություններից եւ ոչ մեկը ադրբեջանահայ փախստականների խնդրի քաղաքական կողմը լուրջ չընկալեց եւ չփորձեց էլ դրանով զբավել:
Այսօր թե՛ ընդդիմությունից, թե՛ իշխանությունից տարատեսակ մարդիկ ասում են, որ մեզ համար ամենակարեւորը Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումն է` առանց հասկանալու, որ ղարաբաղյան կարգավիճակը հակամարտության հիմնական, բայց խնդիրներից միայն մեկն է:
Այս փաստաթղթից (հայտարարությունից) երեում է մի բան, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմն ընդունել է, թե Լեռնային Ղարաբաղի տարածք կարելի է ընկալել միայն նախկին` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը: Այսինքն` այստեղ շատ լուրջ տարածքային խնդիր կա, որ վերաբերում է բացառապես բանակցություն վարող հայկական կողմին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել