Ամերիկահայ բարերար Նազարեթ Բերբերյանի սպանության ՀՀ ոստիկանության ներկայացրած վարկածները անհիմն են
Ամերիկահայ բարերար Նազարեթ Բերբերյանն իր երևանյան բնակարանից անհետացավ 2009 թ. ապրիլի 25-ին: Նրա դաժանորեն խոշտանգված մարմինը հայտնաբերվեց ՀՀ ոստիկանության կողմից սույն թվականի մայիսի 15-ին, Երևանից 25 կմ հեռավորության վրա:
Ըստ Երևանի Կենտրոն համայնքի ոստիկանության՝ Բերբերյանը սպանվել է մեկ անձնավորության կողմից, ով ճանաչել է զոհին և ոճիրն իրագործել է 2009 թ. ապրիլի 25-ին զոհի բնակարանում՝ սեփական նախաձեռնությամբ: Հունիսի 15-ին «Հետք»-ին տված հարցազրույցում Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը հայտարարել է, որ, հակառակ նախնական ենթադրությունների, «սպանությունը Նազարեթ Բերբերյանի բիզնեսի հետ կապ չի ունեցել»: ՀՀ ոստիկանությունը պնդում է, թե սպանությունը կողոպուտի հետևանք է: Ներկա դրությամբ հանցագործության իսկական դրդապատճառը, մահվան օրը, ինչպես նաև հանցագործության հետևում կանգնած անձանց ինքնությունը դեռևս հստակ չեն: Այնուամենայնիվ, անկախ հետաքննությամբ ձեռք բերված փաստերն ու վկայությունները հակասում են տվյալ գործի վերաբերյալ ՀՀ ոստիկանության հրապարակած և չհրապարակած բոլոր պնդումներին: Լոս Անջելեսի մարզային դատաբժշկական հաստատությունը (Los Angeles County Coroner's Office) դեռ սպասում է իր նախաձեռնած մարմնի կրկնական հերձման լաբորատոր արդյունքներին, որոնք հայտնվելուն պես կհամեմատվեն առաջին հերձումն իրականացրած ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկության հանրապետական կենտրոնի դատաբաժշկական փորձաքննության երևանյան բաժնի կողմից 2009 թ. մայիսի 15-ին տրամադրված տվյալների հետ: «Դատելով առ այսօր մեր ձեռք բերած բոլոր վկայություններից՝ կան բոլոր նախադրյալները` եզրակացնելու, որ ՀՀ իշխանությունները կոծկում են տվյալ գործը, - հայտնում է Նազարեթ Բերբերյանի մոտ ընկեր և Հայաստանում Բերբերյան ընտանիքի ներկայացուցիչ Արա Մանուկյանը: - Նախ և առաջ` Հայաստանի բոլոր իրավապահ մարմինների տրամադրած փաստաթղթերում որպես Նազարեթի մահվան օր նշված է 2009 թ. ապրիլի 25-ը: Երբ գիտականորեն անհնար է լինում որոշել տվյալ անձի մահվան ճշգրիտ ամսաթիվը, քաղաքակիրթ երկրներում որպես մահվան ամսաթիվ նշվում է դիակի հայտնաբերման ամսաթիվը: Տվյալ դեպքում մահվան ամսաթիվը պետք է լիներ մայիսի 15, 2009»:
«Ոստիկանությունը չի ցանկանում քննության առնել այն հավանականությունը, որ Նազարեթ Բերբերյանը անհետացումից հետո ինչ-որ ժամանակ կամ մինչև մարմնի հայտնաբերումն ընկած 20 օրերի ամբողջ ընթացքում ողջ է եղել, - նշում է Արա Մանուկյանը: - Այս ուղղվածությամբ տարվող հետաքննությունը կարող էր բացահայտել փաստեր, որոնք կմատնանշեին սպանության հետևում կանգնած անձի կամ անձանց ինքնությունը: Փոխարենը՝ նրանք պարզապես հայտարարում են, որ Նազարեթ Բերբերյանը ապրիլի 25-ին սպանվել է իր բնակարանում: Եվ որպես այս պնդումների փաստանիշ` նրանք ներկայացնում են մի ցուցմունք, որի հեղինակին, ինչպես ոստիկանության քննիչ Աշոտ Կոստանյանն է ինձ ասել, ծեծի են ենթարկել տվյալ հանցագործությունը կատարելու խոստովանություն կորզելու նպատակով»:
«Այս հանցագործության ետևում կանգնած անձանց՝ դատարանի առաջ կանգնեցնելը բխում է Հայաստանի հետ որևիցե առնչություն ունեցող յուրաքանչյուր հայի շահերից՝ լինի նա հայաստանցի, թե սփյուռքահայ: Հանցագործությունը կատարած, թե այն կոծկելուն աջակցած, դրա իրագործմանն ուղղակիորեն թե անուղղակիորեն մասնակցած անձինք պետք է պատասխան տան, - զգուշացնում է Մանուկյանը: - Եթե արդարությունը չհաղթի, ապա ավելի շատ հանցագործություններ կիրագործվեն Նազարեթի պես մարդկանց դեմ, որոնք անում են այն, ինչ իրենց պարտքն են համարում, այն է՝ նպաստել մեր մշակութային հայրենիքում ժողովրդավարական քաղաքացիական հասարակության զարգացմանն ու տնտեսապես հզոր երկրի կերտմանը»:
Նազարեթ Բերբերյանի հիշատակին հուշարձան-կայք է թողարկվել հետևյալ հասցեով. www.nazarethberberian.com Նազարեթ Բերբերյանի հուղարկավորությունը տեղի կունենա 2009 թ. հուլիսի 25, ժ. 10:30-ին Հոլիվուդ Հիլզի Ֆորեսթ Լոնի գերեզմանոցին կից գտնվող Հին հյուսիսային եկեղեցում, որը հայտնի է որպես «Կարմիր եկեղեցի», հետևյալ հասցեով՝ 6300 Forest Lawn Dr., Los Angeles, CA 90068: Հավելյալ տեղեկատվության համար խնդրվում է այցելել www.nazarethberberian.com կամ գրել [email protected] էլ. հասցեով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել