Սերգեյ Սոլովյով. «Եթե աշխարհում կա իդեալական կին, ապա Աննա Կարենինան է»
«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում Երեւան են ժամանել Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը եւ նրա կինը` դերասանուհի Տատյանա Դրուբիչը:
Սոլովյովը Հայաստան է բերել իր երկու նոր ֆիլմերը, որոնց պաշտոնական պրեմիերան Մոսկվայում լինելու է այս տարվա նոյեմբերին:
Ռեժիսորը խոստովանում է, որ Հայաստանն իր համար տան պես հարազատ երկիր է: Իսկ Երեւանը` հարազատ քաղաք:
«1978 թվականին ես առաջին անգամ եկել էի Հայաստան: Ամբողջ Խորհրդային Միության տարածքի մանկական եւ պատանեկան կինոփառատոնին ես հրավիրված էի որպես ժյուրի: Ես ահավոր ձանձրանում էի, որովհետեւ ինձ մի հյուրանոց էին տարել, այնտեղից ինձ ժամանակ առ ժամանակ տանում էին հաց ուտելու եւ տանում էին փառատոնին, մթության մեջ ինչ-որ բան էի նայում, որից հետո էլի տանում էին հյուրանոցի համար:
Ինձ զանգեց Վրաստանից Ռեզո Գաբրիաձեն, ասաց` ի՞նչ ես այդտեղ անում: Դե ես ասացի, որ բռնվել եմ: Նա էլ ասում է` վեր կաց, մոտակա ինքնաթիռով արի Վրաստան, ես քեզ Կովկասին ծանոթացնեմ: Պայմանավորվեցինք: Հետո ինձ Բալայան Ռոման զանգեց, ասում է` ի՞նչ ես անում, որտե՞ղ ես: Ասում եմ` դե, ոչ մի բան էլ չեմ անում: Ձանձրացել եմ: Բայց հեսա գնալու եմ Վրաստան, երեւի այնտեղ մի քիչ ուրախ ժամանակ կանցկացնեմ: Այդ խոսքերիցս հետո խոսափողի մեջ երկար դադար էր: Մեկ էլ Ռոման ասաց` Ի՞նչ Վրաստան, ի՞նչ Գաբրիաձե, լրի՞վ ես գժվել: Հեսա ես կգամ քո ետեւից, եւ մենք քեզ հետ մի քանի օր կանցկացնենք:
Ես հետո իմացա, որ այդ ժամանակ Ռոման ահավոր աղքատության մեջ էր գտնվում: Նա իր ծանոթներից, ընկերներից փող է պարտքով վերցնում: Բայց մենք այնպիսի մի շաբաթ անցկացրինք Ռոմայի, նրա ընկերների հետ, որ ես այդ օրերը մինչեւ հիմա մոռանալ չեմ կարող»:
Ահա այդպես Սոլովյովը սիրահարվեց Հայաստանին եւ հայերին:
Իսկ «Ոսկե ծիրանի» շրջանակներում ցուցադրվող երկու ֆիլմերը շատ հետաքրքիր եւ խճճված պատմություն ունեն: Կարծես Աննա Կարենինան պատուհաս էր դարձել Սոլովյովի համար:
«Բավականին ժամանակ առաջ ես շատ պատահականորեն վերընթերցեցի «Աննա Կարենինան» եւ շատ վառվեցի այդ ամենով: Ես այն կարդացել էի դպրոցում եւ շատ չէի խորացել: Իսկ այստեղ ես կարդացի ու ժամանակ առ ժամանակ մտածում էի ֆիլմ նկարահանելու մասին: Մոտ 25 անգամ տապալվում էր իմ ձեռնարկությունը: Բայց ես, կարծես թե, մեծ համառություն էի ձեռք բերել: Ամեն անգամ ես ինչ-որ բան անում էի, սցենարի մեջ ինչ-որ բան էի ուղղում, ինչ-որ կոստյում էի կարում»,- ասաց ռեժիսորը:
Ինչ-որ ճակատագրական բան կար Սոլովյովի եւ Տոլստոյի «Աննա Կարենինայի» միջեւ: Պահ եղավ, որ Սոլովյովը մտածում էր, թե այդ ֆիլմը նրան երբեք չի հաջողվի նկարել: Եւ այդ ժամանակ նրա մտքում հղացավ «Ասսա 2»-ը նկարելու գաղափարը, որտեղ կլինեն որոշակի հատվածներ Աննա Կարենինայի մասին:
«Եվ «Ասսա 2»-ում անընդհատ Աննա Կարենինա ֆիլմ են նկարում` ամբողջ ընթացքում: Դրա պատճառով անընդհատ իրար հետ կռվում են, վիճում, սպանում են, վիրավորում: Եվ անընդհատ ինչ-որ Աննա Կարենինա է: Միտքը շատ պարզ է. «Ասսա 1»-ում ֆիլմի վերջում մի մեծ ամբոխ է կանգնած, Վիկտոր Ցոյը երգում է` ուզում ենք փոփոխություն, փոփոխություն: Այդ ամբոխի մեջ ես էլ եմ կանգնած, եւ մենք թափահարում էինք մեր ձեռքերը: Եւ այդ ամենը շատ հավես էր, մեզ թվում էր, թե մեզ պետք են այդ փոփոխությունները: Բոլորը գոռում էին, եւ ես այդ պահին հասկացա, որ բոլոր այն փոփոխությունները, որոնց մասին մենք գոռում էինք, դրանք բոլորը տեղի ունեցան: Դրանք բոլորը ճահճացան, բոլորը արմատներ խրեցին: Այդպես ծնվեց «Ասսա 2»-ը: Սա «Աննա Կարենինայի» նախաբանն է»,- պատմությունը շարունակեց Սոլովյովը:
«Ես հաճախ եմ լսում, թե ինչ ահավոր վհուկ է Աննա Կարենինան: Ես ամբողջովին հակառակ կարծիքի եմ. եթե աշխարհում կա մեկ իդեալական կին, ապա Աննա Կարենինան է: Իսկ իմ Կարենինը բացասական կերպար չէ: Կարենինը մարդկային տառապանքի հսկա օրինակ է: Բայց ամենակարեւորը այս պատմության մեջ այն է, որ բոլորը փորձում են այս հերոսների մեջ դրական կամ բացասական, լավ կամ վատ մարդկանց գտնել ու առաձնացնել: Ինչ-որ նշան են ուզում դնել պլյուսի կամ մինուսի: Այդպիսի բան չկա: Այստեղ մարդիկ են, սա ռեալիստական պատմություն է, իսկ ռեալիզմի մեջ չկան ամբողջովին բացասական եւ ամբողջովին դրական մարդիկ: Պարզապես մարդիկ են»,- եզրափակեց ռեժիսորը:
Տատյանա Դրուբիչն առաջին անգամ է Հայաստանում: Նա պատմում է, որ իր համար շատ ծանր էր այս ամբողջ պատմությունը` Աննա Կարենինայի հետ կապված: Երբ 10-12 տարի առաջ իրենք ուզում էին նկարահանել ֆիլմը, ինքը Կարենինայի համար շատ երիտասարդ էր: «Իսկ երբ նկարահանում էինք, ես արդեն մեծ էի Աննայի համար: Շատ դժվար էր, եւ բրավո Սոլովյովին, որ նա չկոտրվեց, ձեռքերը վայր չդրեց, արեց այն, ինչ ուզում էր: Եւ ես բոլորին հավատացնում եմ` այն, ինչ մենք արդյունքում ստացանք, արժեր բոլոր այն տառապանքներին, որ կրել ենք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել