Կապանում նստացույցը կանխվեց. գործադուլը շարունակվում է
Այսօր «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության 120 աշխատակիցները շարունակել են գործադուլը: Ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետայի հրամանով ձեռնարկության 40 աշխատակից ազատվել են աշխատանքից:
Ինչպես տեղեկացրեց ընկերության հանրության ու լրատվամիջոցների պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը ազատվել են այն աշխատակիցները, ովքեր «հուլիսի 6-ին դիմել են գլխավոր տնօրենին` բողոքելով աշխատանքային պայմաններից ու հայտնում էին, որ դիմելու են գործադուլի»: «Այդ աշխատակիցները չգիտես ինչու հենց հուլիսի 6-ին աշխատանքի դուրս չեկան: Չեմ կարող ասել ստույգ, բայց հավանաբար նրանցից ոմանք կլինեն գործադուլավորների մեջ: Ցուցակներն այժմ ճշտվում են»,-ասաց Ռ. Տեր-Մարտիրոսյանը: Վերջինս նշեց, որ տնօրինությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ պատրաստվում է տարածել մամլո հաղորդագրություն: Գլխավոր տնօրենի այս քայլը գործադուլավորներին ստիպեց դիմելու նստացույցի: Կապանի քաղաքապետարանի դիմաց հավաքված գործադուլավորներին հանդիպեց քաղաքապետ Արտուր Աթայանը` հորդորելով նրանց նստացույց չանել: «Մտածեք, ու վերսկսեք աշխատանքը, տնօրինությունը խոտացել է կնքել աշխատանքային պայմանագրեր ու փոխել պայմանները»,-ասաց քաղաքապետը` ավելացնելով, որ «հակառակ դեպքում սեփականատերերը կդադարեցնեն կոմբինատի գործունեությունն ու մոտ 1000 մարդ կմնա առանց աշխատանքի»:
Կապանի քաղաքապետն ասաց նաեւ հուլիսի 16-ին, ժամը 15.00-ին, ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռ. Ֆալետայի հետ հանդիպելու է եւ մեկ անգամ եւս քննարկելու ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, որ երեքշաբթի` հուլիսի 14-ին, Սյունիքի մարզպետարանում` Սյունիքի մարզպետի, Կապանի քաղաքապետի, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության գլխավոր տնօրենի, ընկերության ստորգետնյա հանքի պետի ու արհեստակցական միության ղեկավարի մասնակցությամբ քննարկվեցին գործադուլը դադարեցնելու տարբերակները: Սակայն քննարկումը արդյունք չտվեց: Քննարկումից հետո Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանքագործներին տեղեկացրեց, որ տնօրինությունը պատրաստ է որոշ զիջումներ անել: Հանքում 8 ժամյա աշխատանքային ռեժիմը կփոխվի 6 ժամվա, բոնուսային տարբերակի 3-րդ կետը` հանքաքարի մեջ խտանյութի բարձր պարունակության դեպքում հավելյալ վճարելը հանվում է, ու աշխատակիցների հետ ՀՀ օրենսդրությամբ կնքվում են աշխատանքային նոր պայմանագրեր: Նշենք, որ «Դինո ոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության մոտ 120 աշխատակից, հիմնականում մեքենավարները, ամրակապավորները, էլեկտրաքարշավարներն ու պայթեցնողները բողոքում են աշխատվարձերի վճարման բոնուսային տարբերակից:
Մեկնաբանել