Ջրահեղձում եւ խոշոր ավտովթար
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հաղորդագրության՝ երեկ՝ հուլիսի 15-ին, ժամը 16.00-ի սահմաններում Սեւանա լճի` Վարդենիկ գյուղին հարող հատվածում, ջրահեղձ է եղել Երեւանի բնակիչ, 1975 թ. ծնված Արթուր Քալարյանը:
Ա. Քալարյանի դին ջրից դուրս են բերել գյուղի բնակիչները:
Նույն աղբյուրի համաձայն՝ այսօր, ժամը 01.50-ին Երեւան-Ապարան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, որոնց ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայրում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում` Կարեն Գյուլնազարյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 10 ԼԼ 181 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է Հովակիմ Ենգիբարյանին պատկանող «Բելառուս» մակնիշի 0798 AX պետհամարանիշի տրակտորին, այնուհետեւ, պտտվելով դուրս է եկել հանդիպակաց ճանապարհ, բախվել Հայկ Մակիչյանին պատկանող «Օպել» մակնիշի AGA 546 պետհամարանիշի ավտոմեքենային ու շրջվել:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-3110» ավտոմեքենայի վարորդ, 1961 թ. ծնված Կ. Գյուլնազարյանը եւ ուղեւոր, 1959 թ. ծնված Զինաիդա Հարությունյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ավտոմեքենայի մյուս ուղեւորը` 1954 թ. ծնված Սիրան Մկրտչյանը, եւ մեկ այլ ուղեւոր, որի ինքնությունը պարզվում է, տեղում զոհվել են:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել