HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արցախի քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը

Այսօր ԼՂՀ քաղաքական ուժերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որից հետո նրանք պատասխանել են լրագրողների հարցերին: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ. Արցախի  քաղաքական կուսակցությունները, որպես  Արցախի ժողովրդի քաղաքական մտքի եւ  կամքի հիմնական արտահայտողներ, հավատարիմ  մնալով  Արցախի անկախ պետականության  սկզբունքներին, որոնք արտահայտվել  են միջազգային ճանաչված չափանիշներով 1991 թվականի համաժողովրդական եւ 2006 թվականի Սահմանադրության ընդունման հանրաքվեներով, հաստատում են, որ ԼՂՀ-ի դուրս մղումը  բանակցային գործընթացից, ինչպես նաեւ ԼՂՀ փաստացի պետականության անտեսումը եւ հակամարտության հանգուցալուծման նկատմամբ խտրական մոտեցումների դրսեւորումները, ներկա փուլում ձախողման են դատապարտել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերը: Վերը  նշված  հաստատումից ելնելով`  մեկ  անգամ եւս պահանջում ենք. - հարգել ԼՂՀ  ժողովրդի ինքնորոշման իրավունքը` ապահովելով ԼՂՀ-ի լիիրավ մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին. -չխաթարել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը, որի հիմնական երաշխիքը ԼՂՀ անկախ պետականությունն է ու ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությունը: Մենք  համոզված ենք, որ վերոհիշյալ պահանջները չիրականանալու դեպքում վտանգի է ենթարկվում մինչ այժմ խաղաղ պայմաններում ամրագրված տարածաշրջանային հավասարակշռությունը, որի խախտման հետեւանքով ապագա ոչ ցանկալի զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկնում է միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարության վրա: ԼՂՀ քաղաքական կուսակցությունները զորակցություն  հայտնելով ԼՂՀ իշխանություններին  եւ պաշտպանելով ԼՂՀ ԱԳՆ 2009 թվականի  հուլիսի 15-ի հայտարարությունը, կոչ  են անում Արցախի բնակչությանը ցուցաբերել միասնականություն, վճռակամություն եւ  զգոնություն: «Ազատ Հայրենիք» կուսակցություն Արցախի  ժողովրդավարական  կուսակցություն «Արցախի Արմենական» կուսակցություն ԼՂՀ կոմունիստական կուսակցություն ՀՅԴ Արցախի կենտրոնական  կոմիտե «Շարժում-88» կուսակցություն «Մեր  տունը Հայաստանն  է» կուսակցություն «Բարոյական վերածնունդ» կուսակցություն 16 հուլիսի, 2009-թ. ք. Ստեփանակերտ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter