HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ-ն նամակներ է հղել Ամերիկայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպաններին

Այսօր «Ուրբաթ» ակումբում ՀՅԴ երագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կողմից մամլո ասուլիսի ժամանակ ընթերցված ՀՅԴ երագույն մարմնի հայտարարությունը և ՀՀ-ում ԱՄՆ-ի , ՌԴ-ի, Ֆրանսիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններին հղված նամակները` կից բանաձևերով: Հայտարարություն Հայաստանի ու Արցախի շուրջ այսօր կատարվող իրադարձությունները չափազանց վտանգավոր միտումներ են բովանդակում մեր ազգային-պետական շահերի տեսանկյունից: Հետզհետե մեծանում է Ադրբեջանի քաղաքական, տնտեսական կշիռը, Թուրքիան ու Ադրբեջանը միջազգային ասպարեզում միասնաբար փորձում են թուլացնել Հայաստանի դիրքերը` նպատակ ունենալով տարածաշրջանը իրենց ազդեցության գոտի դարձնել: Այս իրավիճակում միակ ելքը մեր համախմբվածությունն է, հատվածական շահերից վեր կանգնելը եւ մեր արժանապատվությունն ու իրավունքները պաշտպանելը: Կրկին անգամ արձանագրում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շեղվել է Ազգային անվտանգության ռազմավարության եւ Ռազմական դոկտրինի հիմնարար դրույթներից: Իբրև հետեւանք չի գործնականացվում Հայաստանի Հանրապետության, որպես ԼՂՀ ժողովրդի անվտանգության եւ նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորն ու աջակիցը լինելու առանցքային դրույթը, շարունակում է խոչընդոտվել Ցեղասպանության  միջազգային ճանաչման գործընթացը, չկա համարժեք պայքար թուրք-ադրբեջանական տանդեմի հետեւողական հակահայկական գործողությունների դեմ, ներքին ու արտաքին քարոզչության մեջ ՀՀ արտգործնախարարության գործունեությունը մնում է խիստ անբավարար: Արցախի հարցում ինչ-ինչ արագացված լուծումներ պարտադրելու  համանախագահող երկրների փորձը վտանգում է մեր ազգային-պետական շահերը: Ադրբեջանն իր հերթին խոսում է բացառապես ուժի դիրքերից` ոտնահարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ անտեսելով ԼՂՀ գոյության փաստը: Ստեղծված իրավիճակում մենք հեռատեսություն եւ քաղաքական կամք ենք պահանջում ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններից, հորդորում առաջնորդվել տարածաշրջանում մեր ինքնուրույն ուժն ու տեղը ապահովելու պատասխանատվությամբ: Ակնկալում ենք, որ ՀՀ նախագահը չի ստորագրի երկու հանրաքվեների միջոցով Արցախի ժողովրդի արդեն իսկ արտահայտած կամքն անտեսող որեւէ փաստաթուղթ եւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի ԼՂՀ-ն բանակցությունների մեջ իբրեւ լիիրավ կողմ վերադարձնելու ուղղությամբ: Այսօր մենք ուղղակի պարտավոր ենք վերաիմաստավորել եւ վերանայման ենթարկել  Հայաստանի արտաքին  քաղաքականությունը եւ նոր էջ բացել: Դեռեւս կա այդ հնարավորությունը: Արտաքին քաղաքականության  ասպարեզում առաջացած բացասական հետեւանքները վերացնելու եւ ազգային-պետական ուղեգիծը վերականգնելու նպատակով պահանջում ենք ոլորտի անմիջական պատասխանատու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը: Հայ Յղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին 16.07.2009 Ձերդ գերազանցություն «Մեծ ութնյակի» գագաթաժողովից հետո և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` Մոսկվայում հուլիսի 17-ին նախատեսվող հանդիպման նախօրեին մենք դիմում ենք Ձեզ` հայտնելով համայն աշխարհի հայության խորին հիասթափությունը Մինսկի խմբի համանախագահ երկրների` Հայաստանի վրա չարդարացված և անհիմն ճնշման կապակցությամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միակողմանի և վտանգավոր զիջումներ պարտադրելու նպատակով: Այս զիջումները կվտանգեն Հայաստանի, ԼՂՀ-ի և հայ ժողովրդի անվտանգությունը, կմեծացնեն ադրբեջանական նոր ագրեսիայի հնարավորությունը և կվնասեն այս հակամարտության իրական կողմերի կարողությանը` հասնելու իսկապես երկարատև և կայուն խաղաղության: Խաղաղության ներկա գործընթացի ամենացայտուն թերություններից մեկը Լեռնային Ղարաբաղի օրինական ընտրված ներկայացուցիչների բացառումն է այդ գործընթացից: Որպես այս հակամարտության ուղղակի կողմ` Ադրբեջանի ագրեսիայի հիմնական զոհ և տարածաշրջանային խաղաղության որոնման լիարժեք անդամ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խաղաղության գործընթացի բոլոր ասպեկտների լիարժեք և հավասար մասնակից պետք է լինի: Առանց այդ մասնակցության արդարացի և կայուն խաղաղություն պարզապես հնարավոր չէ: Ավելին. այսպես կոչված մադրիդյան սկզբունքները չեն համապատասխանում հակամարտության բնույթին և պատմությանը: Նաև, դրանք բոլորովին հաշվի չեն առնում ԼՂՀ ժողովրդի կամքը, որոնք օրիկանորեն արտահայտվել են 1991 և 2006 թվականների հանրաքվեներով: Աշխարհի հայության մտահոգությունները ձևակերպված են կից բանաձևում, որն ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք  Ստեփանակերտում` հուլիսի 11-ին կայացած համահայկական խորհրդաժողովում: Այս համահայկական խորհրդաժողովը մեկտեղել էր հայ առաջնորդների 25 երկրներից, որոնք ներկայացնում էին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Սփյուռքի քաղաքական, գիտական, կրոնական, գործարար և քաղաքացիական հասարակության շրջանակները: Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների վիճակի երկօրյա մանրակրկիտ քննարկումից հետո խորհրդաժողովը հանգեց այն եզրակացությանը որ ոչ միայն ներկա բանակցությունների շրջանակն է թերի, այլև Մինսկի համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների նշած հիմնական սկզբունքները ուղղակի սպառնալիք են ներկայացնում Հայաստանի և ԼՂՀ-ի կենսունակությանը և հետևաբար չպիտի իրագործվեն Հայաստանի իշխանությունների կողմից: Մենք վստահ ենք, որ Դուք կփոխանցեք այս նամակը և կից բանաձևը Ձեր երկրի համապատասխան իշխանություններին: ՀՅԴ Գերագույն Մարմին Բանաձևեր 1. Հայաստանն ու հայությունը պատասխանատու, շրջադարձային փուլում են։ Մեր օրակարգի երկու հիմնահարցերի զարգացմամբ ու հանգուցալուծման բնույթով է պայմանավորված մեր ինքնության պահպանումը, հայկական երկու պետությունների եւ մեր ժողովրդի ապագան։ 2. Մենք վճռական ենք` կարելի ու անկարելի բոլոր միջոցներով պաշտպանելու ազգային-պետական մեր շահերն ու իրավունքները եւ ապահովելու մեր ինքնուրույն ու արժանապատիվ տեղը քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիքում։ 3. Մենք ինքնավստահություն, իրատեսություն եւ քաղաքական կամք ենք պահանջում ՀՀ եւ ԼՂՀ այսօրվա եւ վաղվա իշխանություններից, որպեսզի ճակատագրական այս երկու հիմնահարցերում նրանք առաջնորդվեն բացառապես հայ ժողովրդի շահերով եւ սերունդների առջեւ պատասխանատվությամբ։ 4. Մենք գիտակցում ենք, որ ազգի ու պետության հիմքերին առնչվող բոլոր խնդիրները, արտաքին ու ներքին քաղաքականությունը փոխկապակցված ամբողջություն են եւ պահանջում են համակողմանի ու կշռադատված մոտեցումներ։ 5. Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, Սփյուռքը միայն իբրեւ մեկ միասնական օրգանիզմ կարող են կազմակերպված ուժի վերածվել, ունենալ ընդհանրական կամքի արտահայտման ձեւաչափ, բացահայտել մեր անսահման ներքին կարողականությունը եւ մեր հարեւաններին, աշխարհի ուժային կենտրոններին ապացուցել, որ հայությունը թույլ չի տալու ոտնահարել իր արդարացի իրավունքները։ Մեկնելով այս հաստատումներից՝ հայ-թուրքական հարաբերությունների առումով համաժողովը արձանագրում է. Իբրեւ հարեւան պետություններ՝ Հայաստանն ու Թուրքիան, ի վերջո, պարտավոր են բնականոն հարաբերություններ հաստատել։ Առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ սկսելու եւ սահմանները բացելու Հայաստանի նախաձեռնությունը արդեն իսկ զիջում էր եւ բարի կամքի դրսեւորում Թուրքիայի հանդեպ։ Բայց առ այսօր, ավելի քան մեկ տարի ընդգրկող ժամանակահատվածում, Թուրքիան համարժեք չի արձագանքել Հայաստանի միակողմանի պատրաստակամությանը։ Թուրքիայի ոչ մի առաջնորդ հրապարակավ չի խոսել առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին։ Թուրքիան շարունակում է նախապայմաններ թելադրել, անընդմեջ մեծացնում է իր բացահայտ կանխակալ դերակատարությունը Արցախի հարցում եւ իրականում գնում է ոչ թե հարաբերությունների կարգավորման, այլ հաջողությամբ մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ օրակարգից դուրս մղելով Հայկական հարցը։ Այս համատեքստում միանգամայն սխալ ու անհեռատես քայլ էր 2009թ. ապրիլի 22-ի համատեղ հայտարարության ստորագրումը։ Նույնքան ու ավելի վտանգավոր են ներկայիս միտումները, երբ աշխարհի ուժային կենտրոնները փորձում են արագացված ինչ-ինչ լուծումներ պարտադրել Արցախյան հարցում՝ դրանով իսկ Թուրքիային ձեռնտու հուն մղելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ընթացքը։ Այլեւս ակնհայտ է, որ Հայաստանն ու հայությունը ստիպված են դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմի միասնական քաղաքականությանը։ Այս պայմաններում մենք համոզված ենք հետեւյալ դրույթների ճշմարտացիության եւ դրանց պետականորեն հետապնդման անհրաժեշտության մեջ. ա) Առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ միջազգային իրավունքի ընդհանուր հիմունքներով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է դիտվի իբրեւ երկու երկրների երկխոսության բնական մեկնակետ։ Իրապես բարիդրացիական հարաբերություններ կարող են լինել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ։ բ) Ցեղասպանության միջազգային համընդհանուր եւ մասնավորապես Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումը հիմնարար նշանակություն ունի ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ՝ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգի այս դրույթը վերջին շրջանում, փաստորեն, դադարել է արտաքին քաղաքական գործունեության ուղենիշ լինելուց։ Սա անթույլատրելի է։ Անթույլատրելի է նաեւ Ցեղասպանության փաստը պատմաբանների քննարկման նյութ դարձնելու ցանկացած փորձ։ գ) Բացարձակապես անընդունելի է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացումը Հայաստանի ինքնիշխան եւ կենսունակ լինելիության եւ սերունդների իրավունքների հաշվին։ ՀՀ իշխանությունները այլեւս չպետք է թույլ տան, որ բանակցությունների իմիտացիան Թուրքիան ծառայեցնի միջազգային ասպարեզում քաղաքական ու քարոզչական առավելություններ կուտակելուն։ դ) Հայաստանի իշխանությունը պարտավոր է վերագնահատել ու իմաստավորել մեկ տարի առաջ իր նախաձեռնած հրապարակային հարաբերությունների ընթացքը, արդեն իսկ առկա բացասական արդյունքները, միջազգային հանրության առաջ բացահայտել Թուրքիայի իրական նպատակները եւ դադարեցնել բանակցությունները։ Արցախյան հիմնահարցի ներկա հանգրվանի առնչությամբ համաժողովը արձանագրում է. Տարածաշրջանում ստեղծված ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը բռնի ուժով ճնշելու, պատերազմ սանձազերծելու եւ այդ պատերազմում պարտվելու Ադրբեջանի քաղաքականության արդյունքն է։ Արցախը ոչ միայն կարողացել է պաշտպանել ապրելու իր իրավունքը, այլեւ միջազգային բոլոր նորմերին համապատասխան ժողովրդավարական պետություն է ստեղծել, որ բնականորեն կայանում ու զարգանում է։ Այսօր եւ վաղը Արցախի ինքնուրույնությունն ու անվտանգությունը ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ու համայն հայ ժողովրդի արժանապատվությանը, լինելիությանն ու հեռանկարին։ Հիմնահարցը հապճեպ կարգավորելուն ուղղված որոշ միտումներ եւ հատկապես Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները մեզ ստիպում են մշտապես զգոն լինել, խնդիրը պահել մեր համազգային օրակարգում եւ անհրաժեշտության դեպքում համահայկական ուժերով բացառել հիմնահարցի ոչ արդարացի լուծման հնարավորությունը։ Առ այդ՝ համաժողովը գտնում է. ա) Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման ուղին խաղաղ բանակցային գործընթացն է, որտեղ սակայն պետք է փոխվի խեղված ձեւաչափը, եւ ԼՂՀ-ն հանդես գա իբրեւ լիիրավ կողմ։ բ) Բանակցային գործընթացում հիմք պետք է ընդունել Արցախի ժողովրդի արդեն իսկ կայացած ինքնորոշման փաստը եւ առաջնորդվել 1991թ. անկախության եւ 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեների արդյունքներով։ Բանակցությունները պետք է նպատակ ունենան առաջնահերթ լուծում տալ ԼՂՀ անկախության ճանաչման եւ նրա անվտանգության ապահովման հարցերին եւ չպետք է շրջանցեն բռնազավթված Շահումյանն ու Գետաշենը, Մարտակերտի ու Մարտունիի հատվածները եւ Ադրբեջանից տեղահանված հարյուր հազարավոր հայերի իրավունքները։ գ) Լեռնային Ղարաբաղը երբեք մաս չի կազմել անկախ Ադրբեջանին, իսկ 1991թ. հռչակել է իր անկախությունը Ադրբեջանին չպատկանող տարածքներում։ Խորհրդային Միության կազմալուծմամբ ավարտվել է Խորհրդային Ադրբեջանի տիրապետությունը Արցախի վրա։ Արցախյան պատերազմի նախահարձակը եւ հետեւանքների պատասխանատուն Ադրբեջանն է։ դ) Գիտակցելով, որ բանակցությունները ենթադրում են փոխզիջումներ, միաժամանակ պնդում ենք, որ փոխզիջումները, հակամարտության կարգավորման բոլոր բաղադրիչների հաշվառումով, կարող են լինել միմիայն համարժեք, հավասարաչափ, միաժամանակյա եւ տեղադրվել փաթեթային ամբողջական լուծման համակարգում։ Այլապես ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու ցանկացած թուլացում, առանց ԼՂՀ տարածքային ամբողջականության վերականգնման, մեծացնելու է պատերազմի հավանականությունը եւ վտանգելու Արցախի բնակչությանը։ ե) Այս համատեքստում, այսպես կոչված, նորացված Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորումը արագացնելուն ուղղված համանախագահող երկրների նախագահների կոչը բացարձակապես չի բխում հիմնախնդրի բնույթից եւ հակամարտության ծավալման պատմությունից։ Ավելին՝ այն շրջանցում եւ լիովին անտեսում է ԼՂՀ ժողովրդի օրինապատշաճ կերպով արդեն իսկ արտահայտած կամքը։ Համաժողովը դատապարտելի, անթույլատրելի եւ իրավական ուժից զուրկ է համարում միջազգային որեւէ փաստաթղթի ընդունումը՝ առանց հակամարտության հիմնական կողմի՝ ԼՂՀ իշխանության անմիջական մասնակցության։ Համաժողովը հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի ժողովրդի համար այս կենսական հարցի լուծման մեջ իրավասու չէ փոխարինել ԼՂՀ-ին։ Համաժողովը ՀՀ իշխանություններից պահանջում է չստորագրել առաջարկվող փաստաթուղթը եւ հրատապ միջոցներ ձեռնարկել ԼՂՀ-ն բանակցություններում որպես լիիրավ կողմ վերադարձնելու համար։ զ) Հայաստանը բոլոր միջոցներով պետք է երաշխավորի ԼՂՀ անվտանգությունն ու անկախությունը եւ հասնի այդ կարգավիճակի միջազգային ամրագրմանը։ Առ այդ՝ միջազգային հանրության հովանու ներքո ՀՀ, ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված ուժի կիրառումը բացառող փաստաթուղթը միայն կարող է ապահովել խաղաղ բանակցային գործընթացի անշրջելիությունը։ է) Մեզ համար Արցախը Հայաստան է եւ մնալու է այդպիսին։ Համայն հայության զորաշարժով մենք մեկ անգամ արդեն հաղթել ենք Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում, եւ թող ոչ ոք չկասկածի, որ նույնն է լինելու, եթե դարձյալ ազատ ժողովրդի հետ փորձեն խոսել զենքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter