Կառավարությունն օգնում է ավիավթարի հետեւանքով զոհված ՀՀ քաղաքացիների ընտանիքներին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչեւ նիստն սկսելը ՀՀ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են հուլիսի 15-ին Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռի վթարից զոհվածների հիշատակը։
Այնուհետեւ վարչապետի հանձնարարությամբ ավիավթարի կապակցությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կառավարությանը տեղեկություն է տրվել աղետից զոհվածների որոնողական աշխատանքի ընթացքի, զոհվածների հարազատների` դեպքի վայր մեկնման, զոհվածների աճյունների տեղափոխման եւ խնդրին առնչվող մյուս խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին։
Կառավարության կայքէջը տեղեկացնում է, որ օրակարգային հարցերի թվում կառավարությունը քննարկել է ավիավթարի հետեւանքով զոհված ՀՀ քաղաքացիներ հանդիսացող անձանց ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու հարցը։ Որոշվել է 7,500.0 հազար դրամ հատկացնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը` աղետից զոհվածների հուղարկավորությանը, գերեզմանների տապանաքարերի պատրաստմանն ու տեղադրմանն աջակցելու նպատակով (յուրաքանչյուր զոհվածի հաշվով` 1,500.0 հազար դրամ)։ Եվս 675.0 հազար դրամ է հատկացվել Երեւանի քաղաքապետարանին` հուղարկավորությանն աջակցելու նպատակով քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ին տրամադրելու համար (յուրաքանչյուր զոհվածի հաշվով` 135.0 հազար դրամ)։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին թույլատրվել է զոհվածների հուղարկավորությունը կատարող անձանց կանխիկ տրամադրել հատկացված միջոցները։ ՀՀ ֆինանսների նախարարությանը թույլատրվել է նախարարության աշխատակազմի գանձապետական բաժնում բացել գանձապետական արտաբյուջետային ժամանակավոր հաշիվ` ավիավթարից զոհված ՀՀ քաղաքացիներ հանդիսացող անձանց ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից հանգանակվող միջոցների հավաքման եւ դրանք ըստ հանգանակողների կողմից նշված ուղղությունների ծախսելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել