Գյուղացիները պետական մոտեցման կարիք են զգում գյուղին և գյուղատնտեսությանը
«Մեր իշխանություններն ասում են, որ գյուղը զարգանում է, աղքատությունը նվազում է և այլն: Իրենք իրենց ուղղությունն են հրում առաջ, մենք էլ իրակայությունն ենք ներկայացնում»,- «Գյուղական աղքատությունն ու ժողովրդավարությունը Հայաստանում» թեմայով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Ֆերմերային շարժում» գյուղացիական հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:
Ըստ նրա` գյուղական համայնքների սպասվող խոշորացումը, այսինքն` երբ մի քանի գյուղ պետք է միացվեն և դարձվեն մեկ համայնք, «նշանակում է, որ գյուղերը կմեռնեն: Սարսափելի բան է, որին մենք ահավոր դեմ ենք: Գյուղերն ավելի կավերվեն ու կլքվեն, եթե համայնքների խոշորացման որոշումը կայացվի»:
Սարգիս Սեդրակյանը նշեց, որ միջգյուղային և ներգյուղային ճանապարհները բարեկարգ չեն, մանկապարտեզների, դպրոցների, հիվանդանոցների, ակումբների մեծ մասը ներկայումս անմխիթար վիճակում են: Որոշ գյուղական ճանապարհներ քանդել են, որ վերանորոգեն, սակայն «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի սառեցումից հետո վերանորոգման գոււմար չկա:
«Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացահայտ հայտարարում էր, թե «մենք ուրիշ տեղից գումար կճարենք»: Ո՞վ է տվել մինչև հիմա մեզ գումար: Վարչապետը մի քանի օր առաջ ասաց, որ բյուջեից են նախատեսում գումարներ տալ: Ի՞նչ բյուջեից, եթե այս տարվա առաջին 5 ամսվա կտրվածքով արդեն 15,7 %-ի տնտեսության անկում ունենք: Դա պետական պաշտոնական թիվն է»,- ասաց Սարգիս Սեդրակյանը:
Նրա խոսքերով` գյուղերում շատ վարելահողեր չեն մշակվում. հողը, եթե մոտ 3 տարի չի մշակվում, դեգրադացվում է, պնդանում, քարանում, խամ ու խոպան է դառնում, կորցնում իր հատկությունները: Մինչդեռ ազգաբնակչության կտրուկ աճի պատճառով պարենի համաշխարհային ճգնաժամ է սպասվում, և ցանկացած հեռատես երկիր մտածում է իր ներքին ռեսուրսները հնարավորինս արդյունավետ օգտագործելու մասին, որ իր ժողովրդին իր պահուստների հաշվին կարողանա պահել: Իսկ Հայաստանում, Սարգիս Սեդրակյանի խոսքերով, մտածում են, որ ոչ մի խնդիր չկա, եթե ապագայում պոմիդորը և ձմերուկը դրսից ներկրեն:
«Գյուղացիների հողատարածքում չի կատարվում հողի անալիզ, չի կատարվում կամ վատ է կատարվում նաև ոռոգման ջրի անալիզ: Ներկրվող պարարտանյութերը և թունաքիմիկատները անորակ են և համապատասխան մարմինների կոմից նորմալ չեն ստուգվում: Հիմնականում փոշիացվեցին ՀՀ բնակլիմայական պայմաններին համապատասխան նոր, որակյալ սերմերի ստացման նախկին սերմնաբուծական կայանները, և երկիրը ողողվեց դրսից ներկրվող, անհայտ ծագում ունեցող, անորակ սերմերով: Իսկ եթե գնաս, պետությանը բողոքես, որ անորակ սերմ են վաճառում, մի բան էլ ֆերմերին սխալ կհանեն»,- ասաց «Ֆերմերային շարժում» հ/կ-ի նախագահը` հավելելով, որ հնամաշ է նաև գյուղտեխնիկան: Երբ ամբողջ աշխարհը գնում է գյուղատնտեսության մեքենայացման, Հայաստանում գյուղատնտեսության մեջ շարունակում է արմատավորվել գյուղացու ձեռքի աշխատանքի կիրառությունը:
«Վերջին տարիներին, որպես օգնություն, գյուղատնտեսական տեխնիկա է ներկրվել Հայաստան Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից: Սակայն չգիտես, թե ինչ սկզբունքից ելնելով` կառավարությունը այդ տեխնիկան աճուրդով վաճառում է, իսկ գյուղացիներից շատերն ի վիճակի չեն դրանք գնել»,- ասաց Սարգիս Սեդրակյանը:
Նա նշեց, որ փոխանակ գյուղերի պահուստային հողը տրվի նորաստեղծ ընտանիքներին կամ գյուղի կարիքները հոգալու համար վարձակալության տրվի, համայնքապետերը աճուրդով վաճառում են այդ հողերը: Գյուղացիներն անգամ տեղյակ չեն լինում աճուրդից: Իսկ պահուստային հողերը «իրար մեջ են անում մարզպետների հետ միասին»: «Արարատյան դաշտի բազմաթիվ գյուղեր կարող ենք գնալ, որտեղ պահուստային հող չի մնացել»,- ասաց հ/կ-ի նախագահը:
Նրա խոսքերով` գյուղացիներից շատերը չգիտեն նաև, որ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ` ԳԱՄԿ-եր գոյություն ունեն: Մինչդեռ ԳԱՄԿ-ը պարտավոր է գյուղապետարանի շենքի վրա փակցնել իր հերթապահության ժամերը, բայց հետաքրքրված է միայն Համաշխարհային բանկի ֆինանսավորած ծրագրերով:
Սարգիս Սեդրակյանը այս բացասական երևույթների կողքին նշեց նաև դրականը: Նրա համոզմամբ` պետության կողմից գյուղական վայրերում իրականացվող գյուղատնտեսության սուբսիդավորման ծրագիրը (դրամական նպաստ), երբ մինչև 7 հա հող ունեցողներին 1 հա-ի դիմաց պետությունը 35 հզ. դրամ է տալիս, շատ գովելի է: Սակայն սուբսիդավորումը գյուղական քիչ վայրերում է իրականացվում:
«Ֆերմերային շարժում» հ/կ-ի նախագահն ասաց, որ վերջին տարիներին ՀՀ իշխանությունները փորձում են ապացուցել հանրությանը, որ գյուղական աղքատությունը շարունակում է նվազել, գյուղատնտեսության ոլորտում կայուն տնտեսական աճ կա, և համապատասխան թվային ցուցանիշներ են վկայակոչում: «Այն, որ իրականում իշխանությունների կողմից բերված թվային ցուցանիշները հիմնականում խաբկանք են (կամ իմիտացիա) և հեռու են իրականությունից, վկայում են հանրապետության բոլոր գյուղական մարզերում «Ֆերմերային շարժում» գյուղացիական հ/կ-ի անդամների և համակիրների կողմից գյուղացիների հետ անցկացված հարցումների արդյունքները»,- ասաց Սարգիս Սեդրակյանը:
Հարցումները անցկացվել են բոլոր մարզերում 2008 թ.: Յուրաքանչյուր մարզից հարցմանը մասնակցել է 3 գյուղական համայնք: Հարցումն անցկացվել է ինչպես «հարուստ», այնպես էլ «աղքատ» գյուղերում: Յուրաքանչյուր գյուղական համայնքից հարցմանը պատահական ընտրանքով մասնակցել է 100 գյուղացի:
Սարգիս Սեդրակյանը նշեց, որ հարցումներից ստացված որոշ տվյալներ համեմատվել են տարբեր կառույցների պաշտոնական տվյալների հետ եւ պարզվել է, որ շատ տվյալներ գյուղապետարաններից մարզպետարաններ, իսկ մարզպետարաններից Ազգային վիճակագրական ծառայություն հասնելու ճանապարհին «փոփոխվում են», և հարց ուղղեց քննարկմանը ներկա գյուղացիներին, թե արդյո՞ք որևէ մեկը իրենց հարցրել է, թե ինչքա՞ն արտադրանք են ստացել անցած տարիներին: ՀԿ-ի նախագահի խոսքերով` առանց նախորդ տարիներին ստացված բերքի մասին տեղեկատվության` «գյուղատնտեսական մթերքների աճի վերաբերյալ ինչ-որ թվեր են «օդից» վերցնում ու ներկայացնում կամ «նկարում»»:
«Ձեր տնտեսությունում ունե՞ք գյուղատնտեսական արտադրանքի աճ» հ/կ-ի տված հարցին դրական է պատասխանել գյուղացիների 2,8 %-ը, բացասական` 86,4 %-ը, դժվարացել է պատասխանել 10,8 %-ը:
«Զգու՞մ եք գյուղատնտեսության նախարարության գոյության իմաստը» հարցին դրական է պատասխանել գյուղացիների 3,8 %-ը: «Հենց միջազգային կառույցները գալիս են Հայաստան, փորձում են գյուղատնտեսական ինչ-որ ծրագրեր իրականացնել, կառավարությունն ասում է. «Այստեղ կա գյուղնախարարություն. իրենց հետ միասին համակարգեք` ինչպես, որտեղ և այլն»: Գյուղացին տեղյակ չի լինում` ի՞նչ ծրագիր մտավ, ու՞ր գնաց, ինչպե՞ս կառուցվեց, որքա՞ն արդյունավետ են օգտագործվում ֆինանսները և այլն: Այսինքն` գյուղացին չի զգում գյուղնախարարության գոյության իմաստը»,- ասաց Սարգիս Սեդրակյանը:
«Եթե Դուք հնարավորություն ունենայիք, կարտագաղթեի՞ք երկրից» հ/կ-ի տված հարցին գյուղացիների 63,5 %-ը դրական է պատասխանել, 24,6 %-ը` բացասական, իսկ 11,9 %-ը դժվարացել է պատասխանել: «Պատկերացնու՞մ եք` սա սարսափելի բան է. խորացեք այս հարցի ու իր պատասխանի մեջ: Բա լավ, իշխանությունները ի՞նչ են մտածում այս ուղղությամբ»,- ասաց Սարգիս Սեդրակյանը:
Մեկ այլ հարցի` «Գո՞հ եք գյուղատնտեսության վարկավորման բանկերի աշխատանքից, մասնավորապես AGBA-ից» հարցին գյուղացիների 15,5 %-ն է դրական պատասխանել, իսկ 73,1 %-ը` բացասական:
Սարգիս Սեդրակյանն ասաց, որ գյուղացիները «խրված են» պարտքերի, հարկերի ու վարկերի տոկոսների մեջ: Իսկ ցանկացած բանկի աշխատողները թանկարժեք մեքենաներ են վարում, բարձր աշխատավարձ ստանում, իսկ գյուղացիներին մեծ տոկոսներով են վարկեր տրամադրում: «Էդ բանկի աշխատողը թող գնա գյուղացու տեղը մի հատ քաղհան անի, մշակի, տանջվի, տեսնենք` էդքան հե՞շտ է: Բերքն էլ չի կարողանում գյուղացին իրացնել: Ծիրանը Արմավիրի գործարանում արդեն 25 դրամով են ընդունում: Բա պետությունը պետք է կանգնի, խեղդի դրանց, ասի բանկին. «Դու չես եկել գյուղացուն թալանելու համար: Տոկոսներդ իջեցրու»: Զարգացած երկրները ստեղծում են բոլոր բարենպաստ պայմանները, որ իր ֆերմերը կպչի իր հողին, չթողնի գնա, և տոկոսներ վերցնում են միայն այն ժամանակ, երբ արդեն փաստացի եկամուտ է ստացվում: Իսկ էստեղ դեռ բանկից փողը չվերցրած` գումարները ձեռքից առնում են»,- ասաց Սարգիս Սեդրակյանը:
Ստորև ներկայացնում ենք «Ֆերմերային շարժում» հ/կ-ի անցկացրած հարցման մյուս` առավել ուշագրավ արդյունքները: Ներկայացված են միայն դրական պատասխանները:
«Գյուղում քանի՞ տոկոս են կազմում աղքատները և ծայրահեղ աղքատները» հարցին գյուղացիները համապատասխանաբար պատասխանել են` 70,9 % և 39,3 % (մինչդեռ, ըստ պաշտոնական տվյալների` աղքատները կազմում են 23,4 %, իսկ ծայրահեղ աղքատները` 2,4 %):
«Նվազե՞լ է գյուղական աղքատությունը»` 2,8 %:
«Գնել կամ կառուցե՞լ եք նոր բնակարան»` 1,6 %:
«Գնե՞լ եք նոր ավտոմեքենա»` 3,3 %:
«Ձեր երեխաները կարողանու՞մ են հաճախել դպրոց»` 88,7 %:
«Պետության կողմից ստացե՞լ եք ֆինանսական որևէ աջակցություն»` 4,2 %:
«Արտերկրից ստացե՞լ եք ֆինանսական որևէ աջակցություն»` 37,1 %:
«Զգու՞մ եք պետության աջակցության կարիքը»` 92,3 %:
«Գո՞հ եք երկրում իրականացվող ներկայիս ագրարային քաղաքականությունից»` 5 %:
«Բնակչության քանի՞ տոկոսն է արտագաղթել գյուղից»` 28,5 %:
«Կցանկանայի՞ք Ձեր հողը վաճառել, վարձակալությամբ տալ, մշակել համատեղ»` համապատասխանաբար` 33,9 %, 36,2 %, 26 %:
«Ինչպե՞ս եք պատկերացնում գյուղի ապագան» հարցին գյուղացիները համապատասխանաբար պատասխանել են` «աղքատության վերացում և գյուղի զարգացում»` 24,5 %, «աղքատության խորացում և գյուղի կործանում»` 45,1 %, «ֆեոդալիզմի ծաղկում»` 40,2 %:
«Վիճակից դուրս գալու ի՞նչ ելք եք տեսնում» հարցին գյուղացիները պատասխանել են` «գյուղին և գյուղատնտեսությանը պետական մոտեցում»` 88,3 %, «գյուղին և գյուղատնտեսությանը ինքնուրույնություն»` 19,8 %:
«Հանրապետության ազգաբնակչության մոտ 40 %-ը զբաղված է գյուղատնտեսությամբ: Սակայն դա չի նշանակում, թե գյուղը զարգանում է, իսկ գյուղական աղքատությունը` նվազում: Իրականում գյուղերը ծերանում են, երիտասարդներն էլ (հիմնականում բարձրագույն կրթությամբ գյուղատնտեսության մասնագետներ)` գյուղից հեռանում: Հայաստանն ունի գյուղատնտեսության զարգացման և զարգացած ագրարային երկիր դառնալու լայն հնարավորություններ, որի համար, սակայն, անհրաժեշտ է, որ երկրում իրականացվի ագրարային ճիշտ քաղաքականություն, հիմնականում` ուղղված գյուղերում աղքատության նվազեցմանը»,-ասաց Սարգիս Սեդրակյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել