HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Համազգային դիմադրողական շարժու՞մ, թե՞ ամբիցիաների բավարարում

Ինչու՞ պահանջել արտգործնախարարի հրաժարականը 16_07-G8ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համընկավ Ստեփանակերտում նախագահ Բակո Սահակյանի հովանու ներքո ՀՅԴ-ի կազմակերպած` ԼՂ հիմնահարցին վերաբերող համահայկական համաժողովին: Պատահականությու՞ն էր դա, թե ոչ, սակայն հայտարարության հրապարակումը ճիշտ ժամանակին էր` ոչ միայն շեշտելու այդ միջոցառման կարևորությունը, այլև խթան հաղորդելու Դաշնակցության նախաձեռնություններին, որոնք շատ ավելի հեռահար նպատակներ հետապնդող են, քան թվում է առաջին հայացքից: Համաժողովի ընդունած բանաձևը, ըստ էության, դարձավ այն պլատֆորմը, որը ստիպելու է քաղաքական ուժերին համագործակցության նոր հնարավորություններ փնտրել կամ առնվազն հստակեցնել դիրքորոշումները Դաշնակցության կողմից առաջադրվող սկզբունքների, մոտեցումների նկատմամբ: Փաստացի այն տրամադրությունները, մոտեցումները, որոնք առկա էին առանձին հասարակական, քաղաքական ուժերի մոտ` կապված Ղարաբաղյան հիմնախնդրի և այս համատեքստում պաշտոնական Երևանի որդեգրած դիրքորոշման հետ, գրեթե ամբողջապես արտացոլվեցին համաժողովի բանաձևում: Այն բյուրեղացնում, ավարտուն տեսք է հաղորդում այն բոլոր սպասելիքներին, պահանջներին, որոնք թե' միջնորդ երկրիներից, թե' Հայաստանի իշխանություններից ունեին ազգային, ազգայնական, պահպանողական քաղաքական ուժերը, Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները և հասարակական մեծ թվով կազմակերպություններ: Օրակարգի հստակ ձևակերպումը հիանալի մեկնարկ է ապահովում այդ ուժերի համար` քննարկումների, համագործակցության եզրեր գտնելու ուղղությամբ, ինչն էլ կարող է քաղաքական նոր բևեռի ստեղծման միջոց հանդիսանալ: Դրա համար, սակայն, անհրաժեշտ են ևս երկու գործոններ. միավորող ուժի` տվյալ դեպքում ՀՅԴ-ի սկզբունքայնությունը, վստահելիությունը և որդեգրած կուրսի անշեղությունը, երկրորդ` բոլոր ուժերի հետևողականությունը: Որքանո±վ են, սակայն, ներկայումս առկա այս գործոնները: Ստեփանակերտի համաժողովի ընթացքում, երբ արդեն եռյակի հայտարարության տեսքով հրապարակվել էին մադրիդյան սկզբունքները, ՀՅԴ-ն շրջանառության մեջ դրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու գաղափարը: Մադրիդյան սկզբունքների շուրջ անակնկալ կերպով սկսված աժիոտաժն աստիճանաբար միս ու արյուն հաղորդեց այս մոտեցմանը, և Դաշնակցությունը այն գաղափարից վերածեց պահանջի: «Ստեղծված իրավիճակում մենք հեռատեսություն և քաղաքական կամք ենք պահանջում ՀՀ և ԼՂՀ իշխանություններից, հորդորում առաջնորդվել տարածաշրջանում մեր ինքնուրույն ուժն ու տեղը ապահովելու պատասխանատվությամբ: Ակնկալում ենք, որ ՀՀ նախագահը չի ստորագրի երկու հանրաքվեների միջոցով Արցախի ժողովրդի արդեն իսկ արտահայտած կամքն անտեսող որևէ փաստաթուղթ և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի ԼՂՀ-ն բանակցությունների մեջ իբրև լիիրավ կողմ վերադարձնելու ուղղությամբ: …Արտաքին քաղաքականության ասպարեզում առաջացած բացասական հետևանքները վերացնելու և ազգային-պետական ուղեգիծը վերականգնելու նպատակով պահանջում ենք ոլորտի անմիջական պատասխանատու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը»,- ասվում է երեկ ՀՅԴ տարածած հայտարարության մեջ: Թվում է, թե Կոալիցիայի նախկին անդամը չափազանց, նույնիսկ աննախադեպ ուժեղ ճնշում է փորձում բանեցնել նույն կոալիցիայի և հատկապես ՀՀ նախագահի նկատմամբ և բավարար չափով վստահություն ներշնչող հետևողականություն է ցուցաբերում ստեփանակերտյան բանաձևի միջոցով իշխանությանը ներկայացրած պահանջներին հետամուտ լինելու առումով: Սակայն հանգամանքը, որ ՀՅԴ-ն միայն ԱԳ նախարարի պաշտոնանկության պահանջով է հանդես գալիս, ինքնին արդեն հարցադրումներ է առաջացնում, որոնք որոշակի վերապահումներ անելու պատճառ են հանդիսանում: Էդվարդ Նալբանդյանը հատկապես ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ընդհանրապես որևէ նախաձեռնողականություն հանդես չի բերում: Նա ընդամենը կատարում է այն ցուցումներն ու հանձնարարությունները, որոնք ստացվում են Նախագահից: Հետևաբար, ընդունված քաղաքական որոշումների համար Նալբանդյանը դե ֆակտո պատասխանատվություն չի կարող կրել: Այսինքն` այս իմաստով ՀՅԴ-ն սխալ թիրախ է ընտրել: Սակայն, եթե անգամ նա այդ նախաձեռնողականությունը ցուցաբերեր, կրկին ՀՅԴ-ի այս պահանջը տեղին չէր լինելու, որովհետև արտաքին քաղաքականության որոշման համար առաջին հերթին արտգործնախարարը չէ, որ պատասխանատու է: ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը օրերս հայտարարեց, թե պահանջելով արտգործնախարարի հրաժարականը` իրենք ոչ թե Նալբանդյանի խնդիրն են ուզում լուծել, այլ դրանով ուզում են ստիպել, որպեսզի պաշտոնական Երևանը փոխի քաղաքական կուրսը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական մերձեցման շրջանակներում: Մինչդեռ սա այն դեպքը չէ, երբ արտգործնախարարի փոփոխությունը հանգեցնում է արտաքին կուրսի փոփոխության: ՀՅԴ-ն որևէ երաշխիք չի կարող ունենալ, որ արտգործնախարարի պաշտոնից Նալբանդյանի հեռանալուց հետո Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում ՀՀ-ն փոխելու է իր դիրքորոշումը, հրաժարվելու է գործընթացը շարունակել առ այսօր ընթացող պրոցեսի տրամաբանության ներքո, և որ հաջորդ արտգործնախարարը փոխելու է նախարարության գործելաոճը: Հետևաբար, արտգործնախարարի հրաժարականը կամ պաշտոնանկությունը ընդամենը ձևի խնդիր է լուծելու, մինչդեռ բովանդակության առումով որևէ արդյունքի ՀՅԴ-ն ակնհայտորեն չի հասնելու: ՀՅԴ-ում ևս շատ լավ հասկանում են այս ամենը: Սակայն փաստը, որ նրանք շարունակում են առաջնորդվել այս սկզբունքով, ցույց է տալիս, որ արտգործնախարարի հրաժարականի պահանջի տակ այլ իրական նպատակներ կարող են թաքնված լինել: Այս պահանջը ներկայումս շատ պարզ մի խնդիր է լուծում. համընդհանուր քննադատության սլաքներն ուղղում է դեպի ոչ իրական պատասխանատուն, որը աստիճանաբար սկսում է վերածվել քավության նոխազի: Եվ քանի որ ինքը` ներկայիս արտգործնախարարը, քաղաքական գործիչ չէ, չի ներկայացնում որևէ քաղաքական ուժ, այս ճնշումների դեմ հանդիման մնացել է մեն-մենակ: Դրա փոխարեն, հասարակական ուշադրությունը շեղվում է բանակցությունների իրական կողմից` ՀՀ նախագահից, որին, սակայն, ՀՅԴ-ն ոչ մի կերպ չի ուզում «հարվածել»: ՀՅԴ-ն պարզ հայտարարում է, որ Նախագահի հրաժարականի հարց չի դնում իր առջև: Այսպիսի դիրքորոշմամբ ազատվում են նախագահի ձեռքերը: Սա է, որ տարակուսանք է առաջացնում. արդյո±ք Դաշնակցությունն իսկապես ԼՂ հարցում կոշտացման գնալու հասարակական պահանջարկ է ձևավորում, թե՞ ընդամենը փորձում է ՀՀ իշխանությունների համար ներքին ու արտաքին դաշտում մանևրելու հնարավորություններ ստեղծել: Եթե ուշադրություն դարձնենք, ապա ՀՅԴ-ի և նրան ստարող ուժերի կողմից իշխանություններին ներկայացվող պահանջները շատ ավելի կոշտ են ու անզիջում, քան նախկինում երբևէ: Եվ դա այն դեպքում, երբ մադրիդյան սկզբունքների մասին հրապարակայնորեն սկսել են խոսել դեռ մինչև 2008 թվականը, այսինքն` նախորդ նախագահի` Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ ՀՅԴ-ն իշխանության մաս էր և պարբերաբար բանակցային գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ էր ստանում նախագահից: Իսկ Կոալիցիայից դուրս գալու որոշումը ՀՅԴ-ն կայացրեց ոչ թե Ղարաբաղյան հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով, այլ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի: Հետևաբար, հարց է առաջանում` ինչու՞ այն ժամանակ մադրիդյան սկզբունքները ՀՅԴ-ի համար ընդունելի էին, իսկ հիմա, դրանց հրապարակումից հետո` ոչ: Մեկ այլ հետաքրքրական դետալ: ՀՅԴ-ի հրավիրած ստեփանակերտյան համաժողովը կայացավ մոսկովյան առաջիկա հանդիպման ճիշտ նախօրեին: Եվ չնայած ակնհայտ էր, որ դրանում հիմնականում խոսվելու էր առկա մտահոգությունների, ՀՀ իշխանությունների վարած քաղաքական կուրսի սխալականության մասին, այն հովանավորեց ոչ ավել, ոչ պակաս` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Քիչ հավանական է թվում, որ նման պատասխանատու քայլի ԼՂՀ նախագահը կարող էր գնալ առանց ՀՀ իշխանությունների իմացության և թույլտվության: Այս երկու իրողությունները թույլ են տալիս ենթադրել, որ ՀՅԴ-ի միջոցով մադրիդյան սկզբունքների նկատմամբ սկսված այս «դիմադրողական շարժումը» ծավալվում է առնվազն իշխանությունների լուռ համաձայնությամբ: Իսկ դրա անհրաժետշությունը վերջինս ակնհայտորեն ունի: Բանակցային գործընթացում ստեղծվել է մի աննախադեպ իրավիճակ, երբ ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահող երկրների շահերը համընկնում են` մի կողմից ռուս-ամերիկյան` Օբամայով սկսված մերձեցման, մյուս կողմից` Ադրբեջանից Ռուսաստանի և Արևմուտքի էներգետիկ ակնկալիքների և դրանց մրցավազքի համատեքստում: Այս իրավիճակն աննախադեպ ծավալով մեծացնում է հատկապես հայկական կողմի վրա միջազգային հանրության ճնշումների հնարավորությունը: Եվ չի բացառվում, որ պաշոնական Երևանը հաշվի է առնում, որ կարող է ստեղծվել մի իրադրություն, երբ բանակցող կողմերին ուղղակի պարտադրվի կարգավորման ինչ-որ լուծում, որը չի կարող բավարարել հայկական կողմին, բայց որը մերժելու ռեսուրս իշխանությունը կարող է և չունենալ: Գործնականում հիմա ՀՀ իշխանությունների համար ընդամենը մեկ նման ռեսուրս կարող է լինել. ներքին հասարակական այնպիսի ուժեղ դիմադրությունը, որը միջնորդներին կստիպի հրաժարվել ճնշումների գնով կարգավորում պարտադրելու գաղափարից: Այդ ներքին դիմադրողական շարժման ծավալման, այն վերահսկելիության սահմաններում պահելու համար ՀՅԴ-ն իդեալական թեկնածու է: Որովհետև իբրև ոչ վաղ անցյալի իշխանական ուժ, որը դեռևս ինչ-որ չափով պատասխանատվություն է կրում ներկայիս իշխանության գործունեության համար, շարժումը չի վերածվի հակաիշխանական համաժողովրդական ըմբոստության` իշխանափոխություն իրականացնելու միջոցով: Դա նաև ապահովագրում է, որպեսզի արտաքին ուժերի միջամտությամբ երկրի ներսում նոր, ավելի քիչ կամ ընդհանրապես ոչ վերահսկելի գործընթացներ ծավալվեն: Բացի դրանից, ՀՅԴ-ԼՂՀ իշխանություններ ներկայիս տանդեմը լրացուցիչ խթան է հանդիսանում բանակցություններում լիիրավ կողմի կարգավիճակով ԼՂՀ-ի ներգրավման ուղղությամբ աշխատանքներ տանելու համար: Երբ դա հստակ ձևակերպված համազգային պահանջ կդառնա, իշխանությունը այն միջնորդներին կմատուցի որպես բանակցային գործընթացը շարունակելու միակ արդյունավետ ճանապարհ: Սակայն` միայն այն դեպքում, եթե դրա անհրաժեշտությունը տեսնում է նաև իշխանությունն ինքը: ՀՅԴ-ի ակտիվացմամբ զուգահեռաբար մեկ այլ խնդիր էլ է լուծվում. փոքրանում է քաղաքական գործընթացների վրա ազդելու Հայ ազգային կոնգրեսի պոտենցիալը: Ազգային ուժերին համախմբելու ՀՅԴ նախաձեռնությունները, եթե, իհարկե, դրանք բավարար չափով համոզիչ լինեն, ՀԱԿ-ին ավելի կմղեն այս պահին երկրորդական դարձած` մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների կայացման պլան: Ըստ էության, ՀՅԴ-ի ակտիվացումը ակտուալությունից զրկում է այս խնդիրները, ինչը, միանշանակ, առավել քան ձեռնտու է իշխանությանը: Գևորգ Դարբինյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter