HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյանը հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

Nalbandian---Sahakyan_16.07Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ստեփանակերտ: Ժամանելուն պես Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարը վերադարձավ Երեւան և ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, որի ընթացքում պատասխանեց նրանց հարցերին: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը տարածել է նախարարի հետ ճեպազրույցի ընթացքում հնչած հարցերն ու պատասխանները: Հարց. Իտալիայում Մեծ ութնյակի գագաթաժողովին նախագահներ Մեդվեդեւը, Սարկոզին եւ Օբաման հայտարարությամբ հանդես եկան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Ինչպե±ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը: Պատասխան. – Մենք գնահատում ենք  Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների ցանկությունը եւ հետեւողական ջանքերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ աջակցելու կողմերին` մոտեցնելու դիրքորոշումները եւ ընթանալու հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ-ի եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների պաշտոնական կայքէջերում տեղակայված Մադրիդյան փաստաթղթի որոշակի մանրամասներին, դրանք առաջարկներ են բանակցությունների համար, որոշ դրույթների շուրջ ընթանում են բանակցություններ, որոշները չեն քննարկվում: Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանագամանքի վրա, որ այստեղ կան այն երեք սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել էր` որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ:  Դրանք են.  Ղարաբաղի  իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, որը պետք է ունենա պարտադիր իրավական ուժ, անխափան ցամաքային կապ Հայաստանի եւ Արցախի միջեւ, անվտանգության միջազգային երաշխիքներ: Եվ հիշեցնեմ, որ եթե Ադրբեջանը մինչեւ այսօր շարունակում է խոսել միայն տարածքային ամբողջականության մասին, իսկ Հայաստանը բազմիցս արտահայտվել է հարցի կարգավորման վերաբերյալ հիմնված երեք սկզբունքների` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների վրա, ապա հրապարակված մանրամասները հավաստում են այն, ինչի մասին ասում էր եւ ասում է Հայաստանը: Հարց. Պարոն նախարար, ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում հրապարակված սկզբունքների մեջ ներառված է տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձի մասին դրույթը: Ի±նչ է դա ենթադրում: Պատասխան. Ես արդեն արտահայտվել էի այդ կապակցությամբ եւ կարող եմ նորից կրկնել, որ փախստականների` Ղարաբաղ վերադարձի վերաբերյալ որեւիցե քննարկում չի ընթանում: Այդ հարցին կարելի է անդրադառնալ միայն ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական  կարգավորումից հետո, ավելի լայն կոնտեքստում` նկատի ունենալով  նաեւ մոտ 400.000 հայ փախստականների հարցը: Հարց. ԼՂՀ նախագահը իր վերջին հարցազրույցում նշել էր, որ Արցախին չի գոհացնում բանակցությունների ներկայիս ձեւաչափը: Տպավորություն է ստեղծվում, որ ԼՂՀ իշխանություններն այլ մոտեցումներ ունեն հիմնախնդրի կարգավորման ընթացքի վերաբերյալ: Ի±նչ կասեք այդ  կապակցությամբ: Պատասխան. Հայաստանը Ղարաբաղի լիակատար մասնակցությունը բանակցություններին համարում է անհրաժեշտություն եւ խաղաղ գործընթացի արդյունավետության երաշխիք: Բնական է, որ Ղարաբաղը որոշ հարցերում, կարող է այլ մոտեցումներ ունենալ, բայց կցանկանայի ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կարծիքը  մեզ համար մեծ եւ կարեւոր նշանակություն ունի, եւ Հայաստանը ոչ միայն չի կարող անտեսել այն, այլեւ չի կարող գնալ որեւիցե համաձայնության առանց Արցախի ժողովրդի եւ ղեկավարության հավանության, եւ այսօր իմ այստեղ գտնվելը դրա եւս մեկ ապացույցն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter