HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Ռոբ Նիլսոն. «Հայաստանը մի երկիր է, որտեղ արվեստը մարդկանց կողմից մեծ հարգանք է վայելում»

16_07-Nilson«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած ամերիկացի անկախ ռեժիսոր Ռոբ Նիլսոնի ֆիլմերի հետահայաց ցուցադրության բացումը տեղի ունեցավ «Հյուսիսային լույսեր» ֆիլմով: 1979 թվականին նկարահանված այս ֆիլմը պատմում է ամերիկյան ֆերմերների մասին, թե ինչպես 1915 թվականին նրանք իրենց պայքարի միջոցով կարողացան որոշակի փոփոխություններ ու բարելավումներ մտցնել ֆերմերների կյանքում: Ֆիլմի գլխավոր հերոսը զոհում է իր սերը, իր ընտանեկան երջանկությունը` հանուն իր եւ բոլոր ֆերմերների կյանքի: Ինչպես Նիլսոնն է ասում` այս ֆիլմը վերադարձնում է ամերիկյան պատմության մոռացված դարաշրջանը: Երբ Նիլսոնն այս ֆիլմն ավարտեց, նրա աղջիկը 10 տարեկան էր: «Մի օր հեծանիվ էր քշում, ես էլ նստած էի իմ մոնտաժման սենյակում: Ուզում էի վերջին տարբերակը նայեի: Ասում եմ` աղջիկս, արի կողքիս նստիր, միասին նայենք: Նա նստեց կողքիս: Անցավ որոշ ժամանակ, տեսնեմ` դեռ նստած է: Մի ժամից նայում եմ` մտածելով, թե վաղուց թռած կլինի, բայց դեռ խելոք նստած էր ու նայում էր էկրանին: Այդպես ամբողջ ֆիլմը նայեց: Ես էլ մտածեցի, թե մի ֆիլմ եմ նկարել բոլոր տարիքի մարդկանց համար: Վերջում հարցրի` աղջիկս, ինչ ես մտածում ֆիլմի մասին: Նա էլ նայեց վրաս եւ ասաց. «Ձանձրալի~ է»: Ինչ անես, որ ձանձրալի էր: Առաջին անգամ էր նայում: Բայց միշտ հիմա նայում է, չնայած էլի մտածում է, որ ձանձրալի է»,- պատմեց ֆիլմի ռեժիսորը: Ռոբ Նիլսոնն աշխատում է Հոլիվուդից անկախ: Արվեստի ասպարեզում անկախությունը Նիլսոնի համար պարտադիր սկզբունք է: «Բանաստեղծները որ բանաստեղծություն են գրում, հո չեն գնում ղեկավարության մոտ եւ ասում` թագավորն ապրած կենա, ինչ բանաստեղծություն գրեմ: Ոչ, նա պարզապես գրում է, գրում է իր համար: Իսկ Հոլիվուդի հետ կապված միայն մի բան կասեմ. երբ որ առյուծի որջում լինես, առյուծը քեզ երբ ուզի` կուտի: Բայց դրսում որ լինես, կարող է այնպես պատահել, որ միս չգտնես»: Նիլսոնը նշեց, որ եթե Հոլիվուդը նրան առաջարկի իր ուզած ձեւով ֆիլմ նկարել, նա մեծ հաճույքով կհամաձայնի: Ռոբ Նիլսոնին Հայաստանը շատ էր զարմացրել: Նրա տպավորություններով` Հայաստանը մի երկիր է, որտեղ արվեստը մարդկանց կողմից մեծ հարգանք է վայելում: «Ես զարմանում եմ, որ ձեր թղթադրամների վրա պատկերված են ձեր գրողները, երաժիշտները, ձեր փողոցների անունները ոչ թե քաղաքական գործիչների, այլ գրողների անուններով են եւ այն հյուրանոցում, որտեղ ես ապրում եմ, պատերին փակցված են 20-րդ դարի էքսպրեսիոնիզմի ամբողջ պատմությունն ամփոփող նկարների պատճենները: Ամոթով պիտի ասեմ, որ Ամերիկայում այդպիսի բաներ չկան: Սա հայտնագործություն է: Ինձ շատ հաճելի է գտնվել այնպիսի վայրում, որտեղ արվեստն ու արվեստագետները այսպիսի սեր եւ հարգանք են վայելում»: Նիլսոնը մեծ անհամբերությամբ սպասում է փառատոնի շրջանակներում ցուցադրվելիք Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմին: «Ես Փարաջանովին հանդիպել եմ 1984 թվականին: Այդ ժամանակ ահագին ջահել էի: Նա ինձ տեսավ, նայեց, նայեց, հետո ասաց. «Էս ամերիկյան կովբոյը ով է»: Երբեք դա չեմ մոռանա: Եւ իր գործերը շատ եմ ուզում տեսնել, որովհետեւ կարծում եմ` նման արվեստ շատ հազվադեպ կարելի է հանդիպել: Մեկ էլ ուզում եմ ձեր Մատենադարանի նկարազարդ ձեռագրերը տեսնեմ, որովհետեւ, որքանով գիտեմ, հայերը դրանում անգերազանցելի են եղել»: Նիլսոնը հիասթափված է ամերիկյան կինոյից, «Ամերիկայում բոլորը բոլորից վախենում են: Ռեժիսորները, կինոգործիչները վախենում են իրար վիրավորել, բացասական կարծիք հայտնել, դիտողություն անել: Եվ այդ քաղաքական ճշգրտություն կոչվածը, իբր շինծու գովերգելը արվեստի ոգին սպանել են»: Ամերիկացի ռեժիսորը կարծում է, որ այսօրվա հանդիսատեսն իր համար գծել է որոշակի ստանդարտներ եւ դրանից դուրս որեւէ բան ընկալել չի կարողանում: Խոսելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ցուցադրված լեհ ռեժիսոր Յեժի Սկոլիմովսկու «4 գիշեր Աննայի հետ» ֆիլմի մասին (Հետքն այս ֆիլմին արդեն անդրադարձել է)` ասաց, որ զարմացած է հայ հանդիսատեսով. «Այդ ֆիլմը ամեն մարդ չի կարող նայել: Այդ ֆիլմը չես կարող փռվել բազմոցին եւ անկապ նայել: Ես համոզված եմ, որ Ամերիկայում այդ ֆիլմը շատերը չէին դիտի, իսկ երեկ այդ ֆիլմի ժամանակ դահլիճը լիքն էր, եւ վերջում էլ դեռ շատ մարդ էր մնացել»: Նիլսոնը կարծում է, որ արվեստը դառնում է ուժեղ, որակյալ, երբ աշխարհում տարատեսակ ճնշումներ են լինում: Տնտեսական ճգնաժամը նա դիտում է որպես արվեստը վեր հանելու միջոց. «Ամերիկան ապրում էր փուչիկի մեջ: Դուք, կարծում եմ, երբեք փուչիկի մեջ չեք ապրել: Տնտեսական ճգնաժամը ագահության եւ բթության արդյունք է, իսկ դրանից տառապում են սովորական մարդիկ: Ինձ դուր չի գալիս այս ճգնաժամը, բայց պետք է խոստովանեմ, որ արվեստը դրանից շահում է: Երբ լինում են ճնշումներ, արվեստը առավել որակյալ է դառնում: Ճգնաժամը չի կարող ֆիլմ չնկարահանելու պատճառ դառնալ: Ես իմ ձեռքի տակ այնպիսի տեխնիկա ունեմ, որ մի ամբողջ ֆիլմ կարող եմ նկարել: Այսինքն` փողի հարց չէ, կրքի, ցանկության հարց է: Եթե ցանկություն ունես` կնկարես»: Լրագրողների հետ հանդիպման վերջում ամերիկացի ռեժիսորն ասաց, որ մեծ հաճույքով Հայաստանում ֆիլմ կնկարեր: Պարզապես նկարելուց առաջ նա ցանկանում է մանրամասնորեն ուսումնասիրել Հայաստանի տարածքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter