HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Է. Նալբանդյան. «Հայաստանը չի գնա որեւէ պայմանավորվածության` առանց Ղարաբաղի ժողովրդի եւ ղեկավարության հավանության»

27_04-nalbandyanԱյսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շուրջ 2-ժամյա հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպումից հետո արտգործնախարարը պատասխանել է նաեւ լրագրողների մի քանի հարցերի: «Ղարաբաղում եք, ու առաջին հարցը, որ այստեղ փողոցում յուրաքանչյուրը Ձեզ կտա` հող ենք տալիս Ադրբեջանին»,- հնչեց հարցը, որին ի պատասխան` ՀՀ արտգործնախարարը, հիշեցնելով Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների կողմից վերջերս արված հայտարարությունը, շեշտեց, որ գնահատելի է, որ երեք երկրներն այդպիսի ուշադրությամբ են վերաբերվում հարցին: Նա նկատեց, որ դա նորություն չէ, եւ նրանք հետեւողական ջանքեր են գործադրել օգնելու կողմերին` մոտեցնելու դիրքորշումները եւ ընթանալ դեպի հիմնախնդրի կարգավորում: ԵԱՀԿ կայքէջում տպագրված մանրամասների մասին խոսելով` նա նշեց, որ դրանք վերաբերում են 2007 թ. նոյեմբերին կողմերին ներկայացված մադրիդյան փաստաթղթին: «Դրանք առաջարկներ են բանակցությունների համար: Որոշ սկզբունքների կամ առաջարկների, դրույթների շուրջ ընթանում են բանակցություններ, որոշների շուրջ բանակցություններ չեն ընթանում»,- նշեց Է. Նալբանդյանը` ավելացնելով, որ եթե Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունների հետ մեկտեղ նշվում էր նաեւ, որ կարգավորումը պետք է հիմնված լինի մեկ սկզբունքի հիման վրա` տարածքային ամբողջականության, ապա այս մանրամասների մեջ հստակ ասվում է, որ կարգավորումը հիմնված է 3 սկզբունքների վրա` ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն եւ ուժի չկիրառում կամ ուժի սպառնալիքի չկիրառում: «Հիշեցնեմ նաեւ, որ բազմիցս Հայաստանն ասել է, որ կան կարգավորման 3 հիմնարար սկզբունքներ` Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, եւ այդ կամքի արտահայտման արդյունքները պետք է ունենան իրավական պարտադիր ուժ: Երկրորդ` պետք է ցամաքային անխափան կապ լինի Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ: Երրորդ` պետք է լինեն անվտանգության միջազգային երաշխիքներ: Այս բոլոր սկզբունքները դուք տեսնում եք հրապարակված մանրամասների մեջ»,- հավելեց արտգործնախարարը: Տարածքների մասին հարցի կրկնությունից հետո նա կրկին խուսափեց դրան պատասխանից եւ արտահայտեց այն միտքը, թե քննարկում են որոշ սկզբունքներ, որոշների շուրջ էլ բանակցություններ չեն ընթանում: Արդյոք տարածքների հետ կապված բանակցություններ ընթանում են, թե ոչ, արտգործնախարարը ոչինչ չասաց: Պատասխանելով Ղարաբաղի` բանակցություններին մասնակցության մասին հարցին, Է. Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը գտնում է, որ Ղարաբաղը պետք է լինի բանակցությունների լիիրավ մասնակից. «Դա անհրաժեշտություն է, եւ նաեւ երաշխիք` խաղաղ գործընթացի հաջողության: Բնական է, որ Ղարաբաղը կարող է ունենալ տարբեր կարծիքներ որոշ հարցերի շուրջ, բայց Ղարաբաղի դիրքորոշումը եւ կարծիքը մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար, եւ Հայաստանը ոչ միայն չի կարող անտեսել այդ կարծիքը, այլեւ չի գնա որեւէ պայմանավորվածության, համաձայնության` առանց Ղարաբաղի ժողովրդի եւ ղեկավարության հավանության»: «Ինչ նկատի ունեք Ղարաբաղի ժողովուրդ ասելով` ԼՂՀ ներկայիս տարածքում ապրող, թե ԼՂԻՄ-ի տարածքում» հարցին ի պատասխան` նա ասաց. «Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող ժողովուրդը»: Արցախցի լրագրողներից մեկին հետաքրքում էր` խոսքն ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին է, թե ինքնորոշման իրավունքի ճանաչման, քանի որ Ղարաբաղն արդեն ինքնորոշվել է: ՀՀ արտգործնախարարի պատասխանը դարձյալ հստակ չէր. «Ես ասացի, որ կամքի արտահայտում Ղարաբաղի ժողովրդի կողմից, այսինքն` Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի` ինչպես է ինքը ցանկանում ապրել, եւ ինչպես պետք է լինի այդ կարգավիճակը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter