Ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը խեղաթյուրում իրականությունը
Անահիտ Դանիելյան, Լուսինե Ավանեսյան
Երեկ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո նա ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի մասին նույնպես գրել ենք:
Երեկ հանդիպման ավարտից մոտ 1 ժամ 40 րոպե հետո ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը հաղորդագրություն է տարածել հանդիպման եւ արտգործնախարարի ճեպազրույցի մասին: Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ էլ վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը հավաստիացրել է, որ հաղորդագրության մեջ հենց ղարաբաղյան լրագրողների հետ ճեպազրույցն է:
Հիշեցնենք, որ հաղորդագրության մեջ նշված էր երեք հարց` 1. Իտալիայում Մեծ ութնյակի գագաթնաժողովին նախագահներ Մեդվեդեւը, Սարկոզին եւ Օբաման հայտարարությամբ հանդես եկան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը: 2. Պարոն նախարար, ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում հրապարակված սկզբունքների մեջ ներառված է տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձի մասին դրույթը: Ի՞նչ է դա ենթադրում: 3. ԼՂՀ նախագահը իր վերջին հարցազրույցում նշել էր, որ Արցախին չի գոհացնում բանակցությունների ներկայիս ձեւաչափը: Տպավորություն է ստեղծվում, որ ԼՂՀ իշխանություններն այլ մոտեցումներ ունեն հիմնախնդրի կարգավորման ընթացքի վերաբերյալ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
Սակայն հարկ է նկատել, որ վերոնշյալ հարցերից եւ ոչ մեկն էլ չի հնչել ԼՂՀ-ում աշխատող լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ինչն էլ հարուցել է որոշ լրագրողների դժգոհությունը:
Ըստ ամենայնի, ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը չի ցանկացել երեւան հանել արտգործնախարարին ղարաբաղցի լրագրողների տվածառավել սուր հարցադրումները եւ նախընտրել է նախարարի` սուր հարցադրումներին տրված ոչ այնքան հստակ ու խուսափողական պատասխանների առաջ դնել այլ հարցեր, որոնք իրականում չեն հնչել:
Պարզապես ուզում ենք ներկայացնել այն բոլոր հարցերը, որոնք հնչել են ճեպազրույցի ժամանակ.
1. Ղարաբաղում եք, ու առաջին հարցը, որ այստեղ փողոցում յուրաքանչյուրը Ձեզ կտա` հո՞ղ ենք տալիս Ադրբեջանին:
2. Հողերի հետ կապված բանակցություններն ընթանո՞ւմ են, թե՞ ոչ:
3. Շատ հաճախ է խոսվում, որ Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ: Ի՞նչ եք արել Դուք մինչեւ այսօր, որպեսզի Ղարաբաղը դառնա բանակցային կողմ:
4. Դուք ի՞նչ եք ակնկալում նախագահների հերթական հանդիպումից:
5. Նախագահ Բակո Սահակյանի հետ Ձեր այսօրվա հանդիպման նպատակը, եւ ինչո՞ւ դա արվեց վաղը կայանալիք նախագահների հանդիպումից առաջ:
6. Պարոն նախարար, ասացիք, որ սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքն է: Ինքնորոշման իրավո՞ւնք, թե՞ ինքնորոշման իրավունքի ճանաչում, չէ՞ որ Ղարաբաղն արդեն ինքնորոշվել է:
7. Ի՞նչ եք հասկանում` ասելով Ղարաբաղի ժողովուրդ, որտե՞ղ է նա ապրում` ԼՂՀ ներկայի՞ս տարածքում, թե ԼՂԻ՞Մ տարածքում:
Ահա այն ամենը, ինչ կար: Ինչպես տեսնում եք, այս հարցերից եւ ոչ մեկը չի համապատասխանում տարածած հաղորդագրության մեջ նշված հարցերին: Ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը խեղաթյուրում իրականությունը, ու՞մ է դա պետք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել