HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Վարդան Հակոբյանի եւ Արտո Թունջբոյաջյանի համագործակցության արդյունքը` «Պլատոն»

Վարդան Հակոբյանի «Պլատոն» ֆիլմը մեծ ոգեւորությամբ ընդունվեց հայ հանդիսատեսի կողմից: Այն այս տարի ներկայացվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: 17_07-platon Ֆիլմի գլխավոր հերոս Պլատոնը, որի դերում հանդես է գալիս Պավել Վոլյան, Մոսկվայի «էլիտար» շրջանակներից է: Հսկա քաղաքում իրեն զգում է` ինչպես ձուկը ջրում: Պլատոնը միշտ հաջողակ է, անչափ համակրելի: Ինչպես ինքն է ասում` մարդկանց առաջարկում է սեր եւ երջանկություն: Խանութի հասարակ վաճառողուհի Լյուբան, երբ իմանում է Պլատոնի գործունեության մասին, նրան կոչում է մեծ խոզ, ով բռնանում է մարդկանց վրա: Ինչին Պլատոնը պատասխանում է. «Ես բռնությանը միշտ դեմ եմ, այդ պատճառով ես միայն առաջարկում եմ, ես չեմ ստիպում, չեմ բռնանում»: Պլատոնը սեր էր վաճառում, բայց երբեք չէր զգացել` ինչ է նշանակում սիրել, նվիրվել, զգալ կողքինիդ հոգին: Եւ մի հետաքրքիր աջիկ` վաճառողուհի Լյուբան, նրան ստիպեց զգալ, ստիպեց մինչեւ հոգու խորքը թափանցել սիրով: Բայց այսպես կոչված «Happy end»-ը տեղի չի ունենում: Լյուբան զոհում է իր սերը հանուն Պլատոնի կյանքի: Վերջում երկուսն էլ միայնակ ու դժբախտ են մնում: Սիրո հանդիպումը Պլատոնին ստիպում է թողնել շքեղ կյանքը: 17_07-v_hakobyanՖիլմի ռեժիսոր Վարդան Հակոբյանը նշում է, որ նկարահանման ողջ խմբի հետ հաճելի էր աշխատել, բայց նրան հատկապես զարմացրել էր ֆիլմի երաժշտության հեղինակ Արտո Թունջբոյաջյանը: Սկզբում ֆիլմի պրոդյուսեր Գեւորգ Ներսիսյան իրեն առաջարկել էր երաժշտության համար դիմել Արտո Թունջբոյաջյանին: «Ես գիտեի Արտոյին, բայց չէի հասկանում` ինչպես նրա երաժշտությունը կարող էր ներդաշնակ լինել այդ տիպիկ մոսկովյան իրականությանը: Ես սկսեցի փորձել տարբեր երգահանների հետ աշխատել, բայց սարսափեցի, որովհետեւ այնպիսի պրիմիտիվ լյա-լյա-լյու-լյու-ներ էին գրում, որ ոչ մի նորմալ բան չտեսա: Նրանք բոլորն իրենց երաժշտության մեջ արտացոլում էին ֆիլմը, իսկ ինձ պետք էր, որ երաժշտությունը լրացնի ֆիլմը»: Ի վերջո, Վարդանը որոշում է դիմել Թունջբոյաջյանին: «Նա ժամանակ չուներ, բայց ինձ խոսք տվեց, որ մի կերպ ժամանակ կհատկացնի: Ֆիլմը դիտելիս ես նրա համար հնարավորինս թարգմանում էի, եւ վերջում Արտոն ասաց. «Կամ ես այս ֆիլմի ողջ երաժշտությունն եմ անում, կամ ընդհանրապես ոչինչ չեմ անում»: Ես ոչ մի վայրկյան չզղջացի, որ ամբողջ երաժշտությունը նրան տրամադրեցի: Եւ հետո, նրա հետ աշխատելով` ես հասկացա, որ նա անընդգրկելի դիապազոնով ստեղծագործող է: Արտոն կարող է ամեն ինչ անել, ամեն ինչ: Այն, ինչ նա նվագում է «Armenian Navy Band»-ում, ընդամենը Արտոյի կարողությունների 25-30 տոկոսն է»: Վարդան Հակոբյանը խոստովանում է, որ Արտո Թունջբոյաջյանի հետ աշխատելիս ինքը «մեծ դպրոց» ձեռք բերեց. «Մեզ բոլորիս ամենաշատը զարմացրեց այն, որ նա երաժշտությունը գրում է մատիտով` տետրում, դա ապշելի է: Այսօր բոլորը համակարգչով են աշխատում: Երբ ես Արտոյին հարցրի, թե կարող է ինձ ինտերնետով ուղարկել մի քանի տող իր գրածից, ասաց` ես համակարգչով չեմ աշխատում, համակարգչում Միկի Մաուսի ձայն է գալիս»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter