Գյումրեցի ուխտագնացներն ահաբեկել են սառնաղբյուրցիներին
Նրանցից մեկը հրազենային վնասվածքներ է ստացել
Երեկ երեկոյան, ժամը 19.00-ի սահմաններում Գյումրիի «Յոթվերք» եկեղեցուց ուխտագնացության մեկնող երիտասարդների մի խումբ, որի մեջ եղել է նաև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակը, Սառնաղբյուր գյուղի ջրամբարի մոտ կռվի է բռնվել պոմպակայանի պահակ Գևորգ Հակոբյանի հետ եւ նրան հրազենային վնասվածքներ հասցրել: Տուժողին սկզբում տեղափոխել են Մարալիկի հիվանդանոց, այնուհետ` Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց, որտեղ և վիրահատել են:
Հիվանդանոցի գլխավոր տնօրեն Խաչիկ Կարապետյանի փոխանցմամբ` այժմ հիվանդի վիճակը միջին ծանրության է, մահվան վտանգ չի սպառնում: «Հետքի» թղթակցին չհաջողվեց զրուցել տուժողի հետ, քանի որ հիվանդանոցում նրան արգելեցին երկրորդ հարկ բարձրանալ` պատճառաբանելով, թե սենյակը շրջափակված է: Սակայն փոխարենը` նա եղավ Սառնաղբյուրում ու փորձեց մանրամասներ ճշտել գյուղացիներից:
Նշենք, որ գյուղի տղամարդիկ լրագրողներին տեսնելուն պես փախչում էին` խուսափելով մեկ բառ անգամ ասել: Իսկ կանայք պատմեցին հետևյալը. «Գյումրիից եկած մոտ տասնհինգ ջահելներ, դանակներով ու պիստալետներով, իբրև թե ուխտի են ելել, մոտակա վանքի մոտ քեֆ անելով` շարժվել են դեպի պոմպակայն, այնուհետ ուզեցել են դուրս գալ վերևի ճանապարհով, պոմպակայնի պահակն էլ չի թույլատրել` ասելով, թե` տղեք ջան, էդպես ճանապարհ չկա, էդտեղ պիստալետը հանել ու ոտքին են կրակել: Գևորգը շատ լավ, խելոք, շնորհքով մարդ է, երբեք ոչ մեկի խաթրին չէր կպնի»:
Սառնաղբյուրի բնակիչները իրավապահներից պահանջում են անհապաղ բացահայտել հանցագործներին: «Մեր գյուղում էսպիսի սկանդալ վաղուց չէր եղել, հիմա հանցագործների պատճառով մենք դաշտերը չենք կարողանում ջրել, էսպես էլ բան լինի, ինչ կապ ունի` քաղաքապետի, թե նախագահի տղա է, պիտի բռնեն ու կանդալեն»,-ասում էին նրանք:
Կանանց մեկ այլ խումբ էլ պնդում էր, թե երիտասարդ ուխտագնացների խումբը դանակահարել է նաև պոմպակայանի տնօրենին` Ստյոպա Մադաթյանին: Մենք եղանք վերջինիս տանը, տղան փոխանցեց, որ այդպիսի բան չի եղել, ու նրան հրավիրել են Անիի տարածքային ոստիկանություն` որպես դեպքի ականտես: Անիի տարածքային ոստիկանությունից ևս հերքեցին այս լուրը` փոխանցելով, թե ձերբակալվածներ չկան, կատարվում է նախաքննություն:
Սակայն տեղեկացնենք, որ Սառնաղբյուր մտնելուն պես ականտես եղանք, որ տեղում կալանավորել էին հարբած մի երիտասարդի, որը լրագրողներին տեսնելուն պես հայհոյանքներ տեղաց նրանց հասցեին: Գյուղացիները նաև պատմում էին, որ տեսնելով շքեղ, թանկարժեք մեքենաների շարանը` իրենց սկզբում թվացել է, թե արտասահմանից հյուրեր են եկել, այնուհետ տեսնելով գյուղը շրջափակող ոստիկաններին` ահուսարսափ են ապրել:
Համայնքապետարանից, խնդրելով անուն-ազգանուն չհրապարակել, ասացին. «Ինչի մարդասպաններին դուք չեք ճանաչում, Գյումրիից պրծան, հիմա էլ գյուղերն անցան, Գևորին գյուղապետն է հիվանդանոց հասցրել, էդ էն մարդը չէր, որ կռվի բռնվեր, մարդ անարգեր»: Նաև վարկած է շրջանառվում, թե Գևորին օգնության են հասել արտը մշակող գյուղացիները` բահերով ցրելով իրենց «լավ զգացող ջահելներին»:
Գյուղացիների վարկածից զատ` ոստիկանության մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցեցին, որ ուխտագնացների խումբը Գյումրիից դուրս գալով` ճանապարհին գտնվող բոլոր սրբավայրերում կանգնել է, իսկ դեպքի վայրում սկանդալի պատճառը եղել է այն, որ նրանք տրորել են Գևորգ Հակոբյանի արտը, վերջինս էլ բացականչել է. «Հո կով չեք, որ արտով եք անցնում», նրանցից մեկն էլ կրակել է Գևորգի ոտքին: Թե ով է եղել կրակողը, ոստիկանները լռում են, բայց այն տեղեկությունը, որ «աստվածապաշտների» խմբի մեջ եղել է նաև Գյումրիի քաղաքապետի որդին, չեն հերքում:
Այս դեպքի մասին ոստիկանությունն այսօր տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Հուլիսի 16-ին, ժամը 19.45-ի սահմաններում, ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սառնաղբյուր գյուղի ճանապարհին անհայտ անձը հրազենից արձակած կրակոցով ձախ ոտքի մասում վնասվածք է պատճառել 1955 թ. ծնված Գևորգ Հ.-ին: Գևորգ Հ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել