HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Օսջան Ալպերի «Աշունը»

Օսջան Ալպերը երկրորդ անգամ է Հայաստանում: Այս տարի նա «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացել է «Աշուն» ֆիլմով: Այն պատմում է մի երիտասարդի մասին, ով իր ուսանողական տարիներից սկսել է պայքարել սոցիալիզմի եւ սոցիալական գաղափարախոսության համար: 17_07-automn Գլխավոր հերոսին` Յուսուֆին ձերբակալել են իր քաղաքական ակտիվության համար: 10 տարի անց, դուրս գալով բանտից, Յուսուֆը վերադառնում է իր հարազատ գյուղը` Համշենը: Այստեղ նրան սպասում է միայնակ մայրը: Ֆիլմի գեղեցիկ բնապատկերները հակադրվում են հերոսի ներքին հոգեկան վիճակին: 10 տարի բանտում անցկացրած Յուսուֆը բազում հացադուլերի արդյունքում ախտահարել է թոքերը: Բժշկն ասում է. «Թոքերիդ հերն անիծել ես: Ես քեզ դեռ հացադուլիդ ժամանակ էի զգուշացնում»: Յուսուֆն իր հիվանդության մասին լռում է: Հոփայի ափին նա գտնում է իր հոգեվիճակում գտնվող մեկ այլ էակի` վրացուհի մարմնավաճառ Էկային: Այս կործանվող հոգիները կարծես իրար ձգում են: Փողոցներում պատահականորեն նրանք անընդհատ հանդիպում են: Սակայն նույնիսկ այս սերը կամ ձգողականությունը միմյանց նկատմամբ ոչ մեկի մոտ երջանկության զգացում չի առաջացնում: Ամբողջ ֆիլմի ժամանակ նրանցից ոչ մեկը չի ժպտում: Կարծես նրանք չափից դուրս կոտրված են կյանքում, եւ այլեւս ոչինչ նրանց չի կարող երջանկացնել: Էկան 4-ամյա աղջիկ ունի, ում թողել է Վրաստանում, իսկ ինքը, գալով Թուրքիա, ուզում էր գումար աշխատել: Ֆիլմում երկխոսությունները շատ քիչ են: Յուսուֆն անընդհատ լռում է, չի պատասխանում ո'չ Էկայի, ո'չ էլ մոր հարցերին: Ինչպես Էկան է նկատում. «Դու կարծես ներկայում չկաս, կարծես անցյալից ես եկել ու այստեղ չես ապրում»: Կախարդիչ Արդվինի անտառածածկ լեռները, լեռների վրա ծվարած ամպերը եւ Հայկական լեռնաշխարհին բնորոշ փոքրիկ կարկաչուն գետակը հիանալի գեղագիտական պատկերներ են ստեղծում, եւ ֆիլմում կարծես ստեղծվում է հակադրություն` կատարյալ բնության եւ մարդկային անկատար կյանքի` տառապանքի ու դժբախտության միջեւ: Ի վերջո, ռեժիսորը փրկում է հերոսներից մեկին: Էկան թողնում է մարմնավաճառի կյանքը եւ վերադառնում Վրաստան: Նրա համար մահվան չափ դժվար էր բաժանվել Յուսուֆից, բայց նա դա անում է անխոս, առանց կանացի սենտիմենտալություն ցույց տալու: Ամբողջ ֆիլմի ընթացքում Էկայի եւ Յուսուֆի միջեւ սիրային խոսակցություն չի ընթանում, նրանց սերը նրանց բախտի պես լուռ է: Յուսուֆը շտապում է անձնագիր հանել եւ մեկնել Վրաստան` միանալու Էկային: Սակայն հիվանդության պատճառով վրա հասած մահն ավելի շուտ նրան տանում է դեպի հողը: Ֆիլմն ավարտվում է մի գեղեցիկ եւ ողբերգական երգով եւ Յուսուֆի թաղման տեսարանով: Ֆիլմի վերջին տեսարանն ուղեկցող երգը Համշենում երգվող մի ողբերգ է, սակայն Օսջանի խոսքերով` ֆիլմի մեջ բառերը փոխվել են եւ հարմարեցվել սցենարին: Իրականում Յուսուֆի կերպարը փոքր-ինչ նման է ֆիլմի ռեժիսոր Օսջան Ալփերին: 2001 թվականին Օսջանին Թուրքիայում դատապարտեցին մեկ տարվա ազատազրկման Քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածով, որը ներկայիս 301 հոդվածն է: Սակայն, նա բանտում չի նստել, ազատ են արձակել պայմանով, որ այլեւս չկրկնի նման արարքներ: «Հետք»-ի հետ զրույցում Օսջանը Ալպերը պատմեց, որ իր «Մոմի» («Մեծ մայրիկ») ֆիլմից հետո իրեն մեղադրեցին ապազգայնության մեջ: 17_07-o_alper«Ֆիլմը համշենցիների լեզվով էր: Ինձ ասում էին, թե ֆիլմը հայերեն լեզվով է, եւ դա դատապարտելի էր: Եվ այն ժամանակ, այդ օրենքի համաձայն, Թուրքիայում դատապարտվում էր արվեստի բնագավառում բացի թուրքերեն լեզվով այլ լեզու օգտագործելը: Նշանակում է, որ ես այն ժամանակ կատարեցի մի մեղք, որի պաշտոնական անվանումն է` հայրենիքի անքակտելիությունը եւ միասնությունը խախտել»,- պատմեց Օսջանը: Ալպերը «Աշուն» ֆիլմի սցենարը սկսել էր գրել դեռեւս 2004 թվականին, իսկ նկարել է մեկ տարի առաջ: Այժմ նա աշխատում է մեկ այլ ֆիլմի վրա, որը, նրա խոսքերով, կնկարահանվի 2010 թավականի ապրիլ-մայիս ամիսներին: «Ֆիլմն ավելի շատ կարծես կրթական թեմային է հարում, բայց հիմնական գաղափարը Տիգրանակերտում մնացած վերջին հայ մեծահասակ մի մարդու մասին է»: Ալպերը ծագումով համշենցի է (մահմեդական դարձած հայ): Ըստ նրա` համշենցիները թեեւ մուսուլման են, սակայն ոչ այնքան մոլեռանդ, որքան Թուրքիայի այլ հատվածներում: Օսջանն ասում է, որ ցեղասպանության մասին թուրքերի կեցվածքը միմիայն նրանց գիտելիքի պակասի պատճառով է: «Այսօր Թուրքիայում հարյուրավոր, հազարավոր արվեստի մարդիկ կան, ովքեր գիտեն ճշմարտությունը, ովքեր հասկանում են այն, ինչ կատարվել է: Բայց, հասկանում եք, մի փոքր դժվար է Թուրքիայում այդ ամենը շատ բարձրաձայնել: Որքան հնարավոր է, մենք փորձում ենք դրա մասին խոսել»: Օսջանը պատմեց, որ իր ընկերներից մեկն այժմ հայոց ցեղասպանության մասին մի ֆիլմ է նկարում, իսկ ինքն իր ընկերներով փորձում է համախմբել հայ, վրացի, ադրբեջանցի, ռուս եւ թուրք երիտասարդներին: «Հոփա գյուղաքաղաքում, որտեղ շատ են հայախոս համշենցիները, ուզում եմ մի կինոփառատոն անցկացնել, որին կմասնակցեն հայ, ռուս, ադրբեջանցի, թուրք եւ վրացի երիտասարդ ռեժիսորները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter