Հակադաբաղային լաբիրինթոս. ո՞վ է մեղավոր դաբաղի տարածման համար
Լեւոն Հայրապետյան
Հունիսի սկզբից կարանտին է հայտարարված Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, գ. Մարտունի, Գետիկ, Այգուտ համայնքներում: Պատճառը Ադրբեջանի սահմանակից Վահան գյուղում մայիսի վերջին հայտնաբերված կովերի դաբաղ հիվանդությունն է, ինչի արդյունքում Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հունիսի 8-ին ստիպված որոշեց Ճամբարակի տարածաշրջանը հայտարարել կանխարգելման գոտի՝ կարանտին: Դա նշանակում է, որ այդ գյուղերից մսամթերք եւ կաթնամթերք ներս ու դուրս անել, հնարավոր չէ: Իհարկե, սա մեծ վնաս է հասցնում այդ տարածքում առանց այդ էլ չքավորության մեջ ապրող քաղաքացիներին, սակայն, ով է մեղավոր, որ ամիսներ շարունակ բռնկված հիվանդությունը այդպես էլ չի ցանկանում անկում ապրել:
Դաբաղի համաճարակը այս տարածաշրջանում իրականում բռնկվել է այս տարվա մարտի վերջին, սակայն գյուղնախարարությունը այն թաքցրել էր: «Հետքը» գյուղացիներից հենց այդ ժամանակ էր ահազանգեր ստացել:
ՀՀ նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 11-ի «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական ու բուսասանիտարիայի պետական տեսչությունները ՀՀ գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի վերակազմակերպման մասին» ՆՀ-292-Ն հրամագրով ստեղծվեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որի արդյունքում նախարարության աշխատակազմի այդ տեսչությունների բոլոր աշխատակիցները սույն թվականի ապրիլի մեկից ազատվեցին աշխատանքից:
Մարտի կեսերին համաճարակ է բռնկվել Գավառում եւ հարակից Հացառատում: Սակայն այդ մասին նույնպես չի հայտարարվել: Ֆերմերների աղմուկից հետո Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության աշխատակիցները հայտատարեցին, որ վարակվել են 43 անասուն եւ որ հիվանդությունը մեկուսացվել եւ վիրուսը ոչնչացվել է: Եթե համադրենք դաբաղի ինկուբացիոն շրջանի տեւողությունը, չի բացառվում, որ վիրուսը Ճամաբարակ հենց այս բնակավայրերից կարող էր տեղափոխվել:
Ոլորտի պատասխանատուները միաբերան հայտարարում են, թե հիվանդությունը Ճամբարակի տարածաշրջան է ներթափանցել Ադրբեջանից, այդպիսով փորձ անելով թոթափել իրենց մեղքի բաժինը: Մինչդեռ, եթե ոլորտի նույն պաշտոնյաները զբաղվեին օրենքով վերապահված իրենց գործառույթներով, ապա շատ հանգիստ կարելի էր Ադրբեջանից ներթափանցած, կամ Գավառից տարածված վարակի դեմն առնել: Պարզապես պետք է ժամանակին կատարվեին պատվաստման աշխատանքներ:
Հաշվի առնելով, որ Հայաստանի տարբեր շրջաններում ապրիլի կեսերից անասուններին արդեն արոտավայր են հանում, ապա մինչ այդ պետք է ավարտված լիներ պատվաստումը: Պատվաստանյութերի ձեռքբերման մրցույթը պետք է արվեր 2010թ. դեկտեմբերին, կամ 2011թ. հունվարին, որպեսզի փետրվարին պատվաստանյութերը լինեին Հայաստանում, իսկ մարտին արդեն պետք է արվեր պատվաստումը, քանի որ հակադաբաղային իմունիտետը ձեւաորվում է վակցինացումից միայն 21 օր հետո: Փաստորեն ժամանակին մրցույթ չի հայտարարվել, ի դեպ դրա պատասխանատուն այն ժամանակ, ինչպես նաեւ տարիներ շարունակ, եղել է այժմյան գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը:
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական բաժնից «Հետքին» հայտնեցին, որ 400.000 դոզա քանակությամբ դաբաղային պատվաստանյութի խմբաքանակի ձեռքբերում եւ ներկրումը կատարվել է ապրիլի 8-ից մինչեւ ապրիլի 29-ը: Սա աննախադեպ էր, քանի որ պատվաստանյութ ձեռք բերելու համար համապատասխան կազմակերպություններին պետք է դիմել 3-4 ամիս առաջ:
Գյուղնախարարության «Հետքի» աղբյուրը հայտնում է, որ սա կատարվել է այդ ժամանակվա նորանշանակ պետ Գրիգոր Գրիգորյանի միջամտության շնորհիվ: Ապրիլի 30-ին պատվաստանյութը արդեն գտնվում էր սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պահեստում, իսկ մայիսի 2-ին ծառայության Գեղարքունիքի մարզի պահեստում: Նշենք նաեւ, որ դեռեւս 2010 թ. ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը վտանգված գոտում պատվաստումներ իրականացնելու համար գյուղնախարարությանը անհատույց տրամադրել է 382 հազար դոզա հակադաբաղային պատվաստանյութ: Սակայն անհասկանալի էր, թե ինչու 2010-ին այն չի օգտագործվել եւ միայն 2011-ի ապրիլի վերջին է ուղարկվել մարզեր:
Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բուսաբուծության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանն էլ ասաց, թե անասունները պատվաստվել են, բայց այդ աշխատանքներն ուշացումով են կատարվել: «Մինչեւ յայլաղ բարձրանալը պետք է անասունները պատվաստվեին, բայց դեղամիջոց չլինելու պատճառով չեն սրսկվել: Անասունները յայլաղ բարձրանում են ապրիլի վերջերից, մի քիչ ուշացումներ եղել են, բայց ոչ բոլոր տեղերում: Մեր մարզում վակցինացումն արվել է մայիսի վերջին ու հունիսին: Ես ասում եմ այն ինչ կա»,-ավելացրեց վարչության պետը:
Ակնհայտ է, որ մարզպետարանի եւ սննդամթերքի անվտանգության ծառայության աշխատակիցների խոսքերում անհամապատասխանություն կա: Եթե պատվաստանյութը ներկրվել է ապրիլի 29-ին եւ 3 օրվա ընթացքում, բաժանվել է մարզերին, ապա, ինչպե՞ս եղավ, որ այն Գեղարքունիքի մարզ հասավ մեկ ամիս ուշացումով՝ հունիսին, երբ հիվանդությունն արդեն տարածված էր Վահան գյուղում, եւ վակցինացումն այլեւս օգուտ չէր տալու:
Ուշացած պատվաստման ադյունքը
Կարանտինում գտնվող Գետիկ համայնքում անասունները պատվաստվել են մայիսի կեսերին, այսինքն այն ժամանակահատվածում, երբ անասունները դուրս են եկել արոտի: Համայնքի ղեկավար Սարգիս Այունցը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղում դաբաղով հիվանդացել է մոտ 600 մանր ու խոշոր եղջերավոր անասուններ: «Անասունների պատվաստումը համընկավ նրանց արոտի հանելու ժամանակահատվածի հետ: Թե ինչու են կովերը դրանից հետո հիվանդացել, թող պարզեն գիտնականները»,-ավելացրեց Ս. Այունցը: Պարզ է, որ այս համայնքում պատվաստանյութի ներարկումն արդեն ուշացած է եղել եւ անասուններին հակադաբաղային պատվաստանյութ ներարկելը ոչ մի օգուտ չի տվել, պարզապես եւս մեկ անգամ ավելորդ ֆինանսական միջոցների վատնում է եղել:
Մարզպետարանում նույնպես հստակ չգիտեն, թե ինչ պատճառաբանությամբ է պատվաստանյութն ուշ հասել իրենց մարզ: «Ես չգիտեմ, կառավարությանը հարցրու, ես կարո՞ղ եմ նման հարցերին պատասխանել»,- այսպես պատասխանեց Վանիկ Հովհաննիսյանը, ավելացնելով, որ Ճամբարակի տարածաշրջանում շարունակվում է արձանագրվել դաբաղ հիվանդության դեպքեր: Իսկ սննդամթերքի անվտանգության ծառայության լրատվական ծառայությունից ասացին, որ ծառայությունը զբաղվում է միայն պատվաստանյութերի ձեռքբերմամբ ու բաժանմամբ:
Ըստ նրանց՝ մայիսի 2-ին պատվաստանյութը Գեղարքունիքի մարզ հասցնելն ուշացած չէ, քանի որ անասուններին ավելի ուշ են արոտի տանում: Իսկ երբ նշեցինք, որ Գետիկ գյուղում անասունները պատվաստվել են մայիսի կեսին, Անահիտ անունով աշխատակիցը պատասխանեց, թե ասելիք չունի: «Կարող ենք ասել, որ այս տարվա պատվաստանյութի ներկրման փոքր ինչ ուշացումը կապված է եղել մեր ծառայության կառուցվածքային փոփոխությունների հետ, բայց դրանից վնասներ չի եղել: Տարի է եղել, որ պատվաստանյութը ներկրվել է մայիսի կեսերին»,-ավելացրեց Անահիտը:
Նշենք, որ երբ որեւէ տարածքում համաճարակ է գրանցվում, դրան անմիջապես պետք է հետեւի նաեւ շրջակա բոլոր բնակավայրերի անասունների պատվաստումը: Դա արվում է վարակը մեկուսացնելու եւ նրա հետագա տարածումը կանխելու նպատակով: Վահան գյուղին պատվաստանյութը հատկացվել է ապրիլին՝ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից հանրապետության անասնապահական տնտեսություններին հատկացաված պատվաստանյութից: Սակայն, ինչպես տեղեկացնում է գյուղնախարուրության «Հետքի» աղբյուրը Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության նախկին աշխատակիցները ինչ որ մեկի միջոցով լուրեր են տարածել, որ տեսչության նորանշանակ պետ Գրիգոր Գրիգորյանը որոշել է չվճարել անասնաբույժների աշխատավարձը, քանի որ նոր կառույցի ստեղծումից հետո նոր պայամանագրեր չէր կնքվել նրանց հետ: Եւ ըստ նույն աղբյուրի, որոշ գյուղերում անասնաբույժերին խանգարել են իրականացնել պատվաստումը` գործադրելով զանազան մեթոդներ:
Ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանն էլ իր հերթին պարզաբանեց, թե վակցինացումը գյուղատնտեսության նախարարության գործառույթն է, իրենք ընդամենը վերահսկում են, թե ինչպես է ընթանում այդ աշխատանքները: «Վակցինացնելը մեր գործառույթի մեջ չի մտնում: Դեռեւս հունիսին զգուշացրել ենք, որ եթե քաղաքացին դիմի անասնաբուժին եւ կասի, որ գա իր անասունին պատվաստեն ու դա չի լինի, թող ահազանգեն մեզ, որ համապատասխան գործառույթ իրականացնենք: Այս ընթացքում որեւէ ահազանգ չի եղել քաղաքացիների կողմից»,-ասաց Բ. Պիպոյանը:
Նա թերհավատորեն մոտեցավ այն հարցին, որ պատվաստանյութը Գեղարքունիքի մարզ հասել է ներկրումից մոտ մեկ ամիս ուշացումով: «Այդ ինֆորմացիան դեռ պետք է ճշտել, որովհետեւ հնարավոր է մի անասնաբույժ ասի, որ պատվաստանյութ չունի կամ ասած էլ չլինի նման բան, բայց գյուղացին ասի, թե անասնաբույժը նման բան է ասել»,-ավելացրեց Բաբկեն Պիպոյանը:
Մեր այն դիտարկմանը, թե պատվաստանյութի ուշացման մասին հայտնել են, ոչ թե «ստախոս» գյուղացիները, այլ Գեղարքունիքի մարզպետարանից, Բաբկեն Պիպոյանը նշեց, թե մեկ շաբաթով գործուղվում է Ճամբարակի տարածաշրջան եւ ամեն ինչ տեղում կպարզի:
Նշված խնդրով զբաղվող տարբեր գերատեսչությունների պատասխանատուների կարծիքն այնքան տարբեր էր նույն թեմայով տրված պարզաբանումներում, որ իրենք էլ էին որոշ դեպքերում զարմանում: Օրինակ, երբ պարզաբանման համար զանգահարեցինք գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահագ Մարտիրոսյանն, նա խորհուրդ տվեց դիմել սննդամթերի անվտանգության պետական ծառայությանը, իսկ երբ նրան փոխանցեցինք, ծառայության պատասխանը, արձագանքեց. «Բա ինչի՞ համար է ստեղծված այդ գործակալությունը: Մամուլի քարտուղարը «ցանում» է իր վրայից, դա արդեն լավ չի, որ նոր ստեղծված ծառայությունը նման բան է անում»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը, ով 2007թ. փետրվարից մինչեւ այս տարվա հունվարի 12-ը զբաղեցրել է սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետի պաշտոնը, մեզ հետ զրույցում ասաց, թե պատվաստումների ժամանակացույցի մասին ամենաճիշտը կասի տվյալ համայնքի անասնաբույժը կամ անասնատերը, թե դեղը երբ է տեղ հասել, ու երբ են անասունները պատվասվել:
«Իմ ասելը այդքան էլ ճիշտ չի լինի: Եթե Ճամբարակի անասնաբույժն ասում է, որ դեղը ստացել են մայիսին կամ հունիսին, ուրեմն ուշացում է եղել, որովհետեւ դա պետք է լիներ մարտ-ապրիլ ամիսներին: Իմ ղեկավարած տարիներին կառույցը կոմպակտ աշխատում էր եւ ամեն ինչ արվում էր, բայց այս անգամ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով ուշացումներ եղել են»,-ավելացրեց Գրիշա Բաղյանը:
Նա չցանկացավ ասել այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնք էլ հիմք են հանդիսացել դաբաղի պատվաստանյութի ուշ ներկրման եւ բաշխման համար: «Չեմ ցանկանում, որ իմ ասածները համադրելով հակասություններ փնտրեք»,-ավելացրեց գյուղնախարարի առաջին տեղակալը:
Ի՞նչ արժեք ունեն Բաղիյանի արդարացումները
Գրիշա Բաղիյանը 2004 թվականից ղեկավարում էր գյուղանախարոոթյան անասնաբուժական տեսչությունը: Այդ տեսչությունը 2007-ին վերանվանվեց Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության, որը մինչեւ 2011 թվականը ղեկավարել նույն ինքը Գրիշա Բաղյանը: Ուսումնասիրելով պատվաստանյութերի ձեռքբերման եւ Հայաստան ներկրման 2005-ից -2010 թթ մեր ձեռքի տակ եղած նյութերը պարզվեց, որ պատվաստանյութերը միշտ գնվել են ուշացումով` մարտ-ապրիլ ամսիներին, իսկ կան տարիներ` մայսին:
Այսինքն միշտ խախտվել են ժամանակցույցերը եւ պատվաստումները կատարվել են ուշացումով: Եւ հասկանալու համար, թե ինչ հետեւանքներ են ունեցել պատվաստումների ուշացումները ներկայացնենք մի քանի փաստեր.
1. 2004 թ. -դաբաղի բռնկումներ Շիրակի եւ Արամավիրի մարզերում
2. 2005 թ. -դաբաղի բռնկումներ Շիրակի մարզում
3 .2006թ. -դաբաղի բռնկումներ Շիրակի եւ Արագածոտնի մարզերում:
4. 2007թ. -դաբաղի բռնկումներ Սյունիքում:
5. 2008 թ. -դաբաղի բռնկումներ Լուռու եւ Տավուշի մարզերում:
6. 2010թ. -դաբաղի բռնկումներ Լոռու եւ Վայոց Ձորի մարզերում:
Այս բռնկումների մասին մասին պաշտոնապես չեն հայտարարվել; Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունը դրանց մասին տեղեկատվությունը միշտ թաքցրել է: Չմոռանանք նաեւ 2004-2010 թթ առանձին համայնքներում խոզերի դասական ժանտախտի բռնկումները, 2007-2010 թթ աֆրիկյան ժանտախտը եւ 2004-2010 թթ. թռչուններ նյուքսալ հիվանադությունը: Եթե աֆրիկյան ժանտախտի դեպքում կարելի էր «արդարնալ», ասելով, որ պատվաստանյութ գոյություն չունի, ապա ինչով բացատրել խոզերի դասական ժանտախտի եւ նյուքսալ հիվանդության բռնկումները, որի դեմ պետությունը ամեն տարի ձեռք է բերում պատվաստանյութ: 2010 թ. ոչ պաշտոնական տվյալներով նյուքսալ հիվանդության համաճարակի արդյունքում անկել եւ հարկադիր ոչնչացվել է մեկ մլն թռչուն: Եւ այս ամենը տեղի է ունեցել այսօրվա փոխնախարար Գրիշա Բաղյանի կառույցը ղեկավարելու տարիներին:
Մասնագետ. «վարչապետի ասած բարեփոխումները ֆիկցիա է»
Նշենք, որ Գ. Բաղիյանից հետո, այս տարվա ապրիլի 8-ին սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ էր նշանակվել Գրիգոր Գրիգորյանը: Նրա նշանակումը համընկավ անասնաբուժական միջոցառումների կազմակերպման հետ: Այդ իսկ պատճառով այսօր գյուղանախարարության որոշ պաշտոնյաներ փորձում են պատվաստումների ուշացումների մեղքը բարդել Գրիգոր Գրիգորյանի վրա: Ինքը Գրիգոր Գրիգորյանն հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ իր մի քանի ամիս ղեկավարած կառույցի գործուենության վերաբերյալ:
Գրիգորյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից այս տարվա հուլիսի 12-ին, սակայն նրա աշխատանքից ազատելու հանգամանքը այդպես էլ մնաց չպարզաբանված: Տեսչության արդեն նախկին մեկ այլ աշխատակից այսպես մեկնաբանեց Գրիգոր Գրիգորյանին աշխատանքից հեռացումը. «Գրիգորյանը տասնամյակներ շարունակ ձևավորված համակարգը քանդում էր եւ կառուցում հիմնովին նորը եւ բարեփոխվածը: Հաշվի չառնելով, որ նախկին համակարգը կլանել էր գրեթե բոլորին, նա պայքարեց դրա դեմ եւ արդյունքում դարձավ համակարգի զոհը: Գրիգորին չթողեցին շարունակել սկսած աշխատանքը, քանի որ այն բախվում էր մի շարք սնունդ ներկրող եւ արտադրող օլիգարխների, պետական տենդերների մշտական շահող գործարարների, սննդի օբյեկտների վրա նալոգ դնող չինովնիկների եւ մի շարք այլոց շահերին: Այնպես որ վարչապետի ասած բարեփոխումները ֆիկցիա է»,- ասաց արդեն գործազուրկ մասնագետը:
Այն, որ պատվաստանյութը մարտ-ապրիլ ամիսներին մարզեր հասցնելու եւ ժամանակին անասուններին պատվաստելու փոխարեն, դա արվել է մայսին եւ հունիսին, խոսում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ մեղմ ասած, թերի աշխատանքի մասին: Հարցին, թե այդ ուշացման համար, ծառայությունը պատրաստվում է փոխհատուցել վնաս կրած գյուղացիներին, ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը չկարողացավ պատասխանել:
Նման դեպքերից գյուղացին առաջիկայում էլ ապահովագրված չէ: Քանի, որ գյուղատնտեսության ոլորտը կառավարության համար հռչակվել է ոչ թե գերակա ճյուղ, ինչպես որ հայտարարում են, այլ պաշտոնյաների համար իսկական փորձադաշտ: Գրիգոր Գրիգորյանի փոխարեն ծառայության պետ է նշանակվել ԿԸՀ նախկին քարտուղար Աբրամ Բախչագուլյանը, ով գյուղի հետ երեւէ կապ չի ունեցել եւ ունի ընդամենը տնտեսագիտական կրթություն, որը դժվար որեւէ ձեւով առնչվի կովերի կամ ոչխարների պատվաստումների հետ:
Ինչ վերաբերում է հակադաբաղային պատվաստանյութի ձեռքբերմանը, ապա այն լավ բիզնես է, խոշոր գումարների չարաշահում: Տարիների շարունակ պատվաստանյութերի և ձեռք բերման համար հայտարարված մրցույթներում հաղթում էին նույն ընկերությունները : Վարչապետի վերահսկողական ծառայությունը գյուղնախարարությունում իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտել էր, որ եթե այդ տարիների համար պատվաստանյութը ձեռք բերվեր միջազգային շուկայական գներով, ապա 2008թ. կտնտեսվեր 1.121.280 ԱՄՆ դոլար, իսկ 2009-ին՝ 827.191ԱՄՆ դոլար: Մինչդեռ պատկան մարմինների անուշադրության հետեւանքով պատվաստանյութի ներկրման մրցույթում հաղթած «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ-ն այն պետության վրա վաճառել էր կրկնակի անգամ թանկ գներով:
Մի փաստ էլ կա , որի վրա պետք է ուշադրություն դարձնեն պատկան մարմինները: Պարզվում է, որ այս տարվա համար նախատեսված պատվաստանյութերի և ախտորոշիչների ամբողջ խմբաքանակը ձեռք է բերվել Գրիգոր Գրիգորյանի պաշտոնավարման ժամանակահատվածում ինչի արդյունքում խնայվել է 167 մլն դրամ: Միայն այս փաստ կարող է բավարար լինի Գրիգորյանին աշխատանքից ազատելու համար: Պատկերացնում եք, քանի պաշտոնյա են զրկվել պետական գումարները թալանելուց: Սա նշանակում է, որ ամեն տարի այդքան գումար յուրացվում էր միայն պատվաստանյութեր ձեռք բերելու ընթացքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել