Արմեն Աբրահամյան. «Թե պատիվ ունենք, դատ բանանք»
Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդը հունիսի 28 - հուլիսի 3-ը մասնակցել է Ժնևում անցկացված ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների համագումարին: 2007 թ. սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ի 144 պետություն հայտարարություն է ընդունել` ճանաչելով բնիկ ժողովուրդների իրավունքները, որոնց մեջ կա 2 կարևոր մաս` ինքնորոշում և տարածքների հարց: Հայտարարությունն արդեն ուժի մեջ է: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի անդամ, փիլիսոփա, ազատամարտիկ Արմեն Աբրահամյանը:
Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդը պաշտոնապես գրանցված է ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների համագումարում: Խորհրդի հիմնադիրները հիմնականում մտավորականներ են և Արցախյան ազատագրական շարժման մասնակիցներ, որոնք բնակվում են Արցախում, ՀՀ-ում և արտասահմանում:
«ՄԱԿ-ը ընդունեց Արևմտյան Հայաստանի հայությունը` որպես բնիկ ժողովուրդ: Ադ ընդունումից հետո մենք մասնակցում ենք բոլոր ժողովները: Բնիկ ժողովուրդները ունին անշուշտ իրավունքներ` մարդու իրավունքներ, բայց չկային մինչև հիմա ստիպողական միջազգային օրենքներ` մեր իրավունքները պաշտպանելու համար: Այս անգամ ադ մեծ ժողովը ընդունեց, որ բնիկ ժողովուրդները ունենան ստիպողական օրենքներ` մեր իրավունքները պաշտպանելու»,- ասաց Արմեն Աբրահամյանը` հավելելով, որ աֆրիկյան ավելի քան 50 երկիր օգնել է բնիկ ժողովուրդներին, որ առաջարկությունը անցնի ՄԱԿ-ում:
Նա ընդգծեց, որ Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Ջավախքի հայությունը և, իհարկե, արցախահայությունը բնիկ է իր հողի վրա, և շատ կարևոր է, որ հայերը կարողանան անմիջականորեն մասնակցել ՄԱԿ-ի այդ բոլոր գործընթացներին` իրենց իրավունքները պաշտպանելու համար:
Արմեն Աբրահամյանը նշեց, որ Արցախի հարցը շատ կարևոր է, բայց կարևոր է նաև Ադրբեջանի հայերի հարցը` հաշվի առնելով այն, որ մոտ 500 հզ. հայ է տեղահանվել Ադրբեջանից: Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի հայերը հատուկ իրավունքներ ունեն: «Իրենց իրավունքներ ալ պետք է պաշտպանենք և կրնանք պաշտպանել դատով: Զարմանալի է, որ 15 տարվան մեջ, ես ուսումնասիրեցի, մինակ 4 կամ 5 հատ դատ բացին Ադրբեջանի դեմ` մեր ժողովուրդի իրավունքները պաշտպանելու համար»,- ասաց Արմեն Աբրահամյանը:
Նա նշեց, որ Արցախի ժողովուրդը հատուկ կապ ունի իր բնության հետ, միացած է իր բնությունը: «Բնությունը մեզի ալ կճանաչի: Արցախ երթալու ժամանակ տեսա, որ ժողովուրդը ոտքի դրին խաչքարը մի ծառին մոտ, և ադ ծառը ճյուղ մը ստեղծեց ադ խաչքարը պահելու համար»,- ասաց Արմեն Աբրահամյանը: (Այս մասին տեսեք «Հետքում» տեղադրված «Խաչքար» հոլովակում):
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին` Արմեն Աբրահամյանն ասաց. «Ոչ մեկ անգամ 90 տարվան մեջ հայությունը շնորհքով չներկայացրեց ադ Ցեղասպանությունի խնդիրը: Պաշտոնապես գոնե: Պիտի շնորհքով ներկայացնենք մենք մեր կողմեն` ինչ եղել է, փաստով, ամեն ինչով, դատով, եթե պետք է: Բացի հողը` մենք ուրիշ բան չունինք պահանջելու, որովհետև բնիկ ժողովուրդների իրավունքների համապատասխան` մեր բոլոր իրավունքները ճանաչված են: Եթե պետությունները ճանաչեցին բնիկ ժողովուրդների իրավունքները, թող իրականացնեն ադ իրավունքները, որ ընդունված են միջազային կառույցներում»:
Նա նշեց, որ հայության կողմից Ցեղասպանության խնդիրը «շնորհքով» չներկայացնելու պատճառով տարբեր երկրների տարբեր կերպ են ճանաչում Ցեղասպանությունը: Օրինակ` Ռուսաստանը մի ձևով է ճանաչում Ցեղասպանությունը, Ֆրանսիան` մեկ այլ ձևով:
Արմեն Աբրահամյանի խոսքերով` այսօր շատ քչերն են խոսում այն մասին, որ 1918 թ. հունվարի 13-ին Ռուսաստանը դեկրետ է ընդունել` ճանաչելով Տաճկահայաստանի հայերի իրավունքները և ինքնորոշումը: «Մենք կուզենք ադ բոլոր ճանաչումները իրականացնել: Մեկ օրինակ տամ ձեզի` մեկ հատ անձնագիր ունենանք, որտեղ նշված է, որ մենք հայ ենք Արևմտյան Հայաստանից»:
Արևմտյան Հայաստանի հայոց ազգային խորհրդի անդամը նշեց, որ եղել են նաև Ցեղասպանության ճանաչման դեպքեր, որոնցում «կեղծ մասեր կան»: Օրինակ` Եվրախորհրդարանի 1987 թ.-ի ճանաչման մեջ նշված է «հայերը, որ հաստատվեցին Օսմանյան կայսրության մեջ» արտահայտությունը:
«Մեկ անգամից աստեղ կջնջեն մեր բնիկությունը», ինչից հետևում է, որ հայությունն իրավունք չունի որևէ բան պահանջել այսօրվա Թուրքիայից: «Մենք` որպես Արևմտյան Հայաստանի հայությունը, իրավունք չունինք ընդունել ատանկ կեղծ ճանաչումները»,- ասաց Արմեն Աբրահամյանը:
Նրա խոսքերով` Թուրքիան ճանաչել է բնիկ ժողովուրդների իրավունքները: Թուրքիայում ներկայումս տարբեր շարժումներ կան` հայերի բնիկության վերաբերյալ:
Արմեն Աբրահամյանն ասաց, որ ամեն ինչ կենտրոնացել է 1915-ի վրա, մինչդեռ Հայոց ցեղասպանությունը սկսվել է 1894 թ., երբ Աբդուլ Համիդը պետականորեն ստեղծեց «հանիդյան գնդեր»` արմտահայությանը ոչնչացնելու համար: Այս տարի մենք նշում ենք Կիլիկիայի հայերի ցեղասպանությունը և Ադանայի ջարդերը: Նա ընդգծեց, որ Ցեղասպանությունը սկսվել է Արևմտյան Հայաստանում` մինչև Մարաղա: «Ես եղել եմ Մարաղա: Մինչև Սումգայիթը: Սումգայիթի ջարդը շարունակությունն է Արևմտյան Հայաստանի հայերի Ցեղասպանությունի»,- ասաց ազատամարտիկը` հավելելով, որ Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդը աշխատում է ՄԱԿ-ի հետ, մասնակցում բոլոր ժողովներին` մեր պատմությունը և խնդիրները ներկայացանելու համար:
Արմեն Աբրահամյանի խոսքերով` խորհուրդը նախատեսում է «դատ կազմակերպել Թուրքիայի դեմ»: Ըստ նրա` դատի մեջ լինելու է 3 բաժին` Ադբուլ Համիդի իրականացրած Ցեղասպանության դատը, 1909 թ. Ցեղասպանության դատը և 1915-1923 թ. Ցեղասպանության դատը: Արևմտյան Հայաստանի հայերի խորհուրդն ուսումնասիրելու է այս խնդիրները և կարող է միջազգային դատարան դիմել:
«Մենք ուզում ենք աս տարի Ադանայի խնդիրը դուրս տանել միջազգային որևէ ատյան»,- ասաց Արմեն Աբրահամյանը:
Նշենք, որ խորհուրդը արդեն Եվրոպական դատարանին դիմել է` Ադրբեջանի բանակի կողմից Հին Ջուղայի հայկական հազարավոր խաչքարերի ոչնչացման հարցով: Ներկայումս սպասվում է ԵԴ-ի դատավորներից 3-ի որոշումը` դատը շարունակելու կամ խնդիրը փակելու վերաբերյալ:
«Մենք կարողացանք դատել` գոնե մեր պատիվը պաշտպանելու համար: Թե պատիվ ունենք` պատիվ պաշտպանենք, դատ բանանք: Մինակ բողոքելով, խոսելով, հայտարարելով չենք լուծեր մեր խնդիրները»,- ասաց Արմեն Աբրահամյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել