Կրիմինալ «ակտիվիստներ»
Երբ թերթերը գրում են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակի հերթական հանցագործության մասին, պրն. Ղուկասյանը սովորաբար մամուլի ասուլիս է հրավիրում և բողոքում, թե ինքը գիշեր-ցերեկ աշխատում է, բարիքներ է ստեղծում, քաղաքի աշխատավորները տեսնում ու գնահատում են նրա ջանքերը, իսկ ահա ՀՀՇ-ականները ուզում են նրան վարկաբեկել: Թե ինչպես են մեր իշխանավորները աշխատում, եկեք` ավելի լավ է չխոսենք:

Այստեղ խոսքն այն մասին է, որ կոռումպացված, լկտի, ամբարտավան պաշտոնյաների ընդհանուր ֆոնի վրա լինում են անպիսիք, որոնք այդ հատկությունները դրսևորում են առավել ցայտուն և անսքող ձևով: Օրինակ` մեր բուհերի ռեկտորների մեջ դժվար թե «մայր Թերեզա» հայտնվի, բայց Մանկավարժականի ռեկտոր Արտուշ Ղուկասյանն առանձնում է իր կրիմինալ հակումներով: Կամ` ոչ մի մարզպետ իր բարեմասնություններով չի փայլում, սակայն դրանց միջի «ծաղիկը», անշուշտ, Սուրիկ Խաչատրյանն է:
Ճիշտ նույն ձևով թաղապետերի մեջ առանձնակի է «փայլում» Թոխմախի Մհերի «աստղը»:
Թե ինչու է մեկին թույլատրվում, պայմանականորեն ասած, միայն գողանալ, իսկ մյուսին` նաև մարդկանց վրա ավազակային հարձակումներ գործել` դրա վերաբերյալ ես ունեմ իմ տեսությունը:
Լինում են սովորական կրիմինալներ, որոնք, իհարկե, անհրաժեշտության դեպքում կծառայեն իշխանություններին, և կրիմինալ «ակտիվիստներ», որոնք ոչ միայն կծառայեն, այլև կջարդեն «թշնամիների» գլուխները (օրինակ` ընտրությունների ժամանակ): Ահա նրանց հնարավորույթուն է տրվում ապրել լիակատար անպատժելիության պայմաններում:
Վերոնշյալ «արտոնյալներից» է, անշուշտ, Գյումրիի քաղաքապետը: Իհարկե, մեր մնացած բարձաստիճան պաշտոնյաների որդիները նույնպես ունեն «ջիպեր», որոնք քշում են իրենց ուզածի պես, անօրինական զենքեր և հատավիզ «տղերքի» ջոկատներ, բայց պապաների բալաներից ոչ բոլորն են հադես գալիս որպես ռեցիդիվիստներ: Մի քանի անգամ կրկնելով միևնույն հանցագործությունը, զինված խուլիգանությունը` նա չի ստանում արժանի պատիժը, և դա երիտասարդին գցում է մի տեսակ «կրիմինալ էյֆորիայի» մեջ:
Ավելին`որդու «քաջագործությունները» որևէ ձևով չեն անդրադառնոմ հոր կարիրայի վրա: Այդ արևմուտքում է, որ հաշվի են նստում հասարակական կարծիքի հետ, և նման զավակ ունեցող պաշտոյան չէր համարձակվի երևալ ժողովրդի աչքին:
Մեզ մոտ ընդհակառակը` ամեն մի կրակոցից, ծեծից կամ պայթյունից հետո մեր իշխանավորները ավելի շատ են հպարատանում իրենց հանցագործ ժառանգներով: Իսկապես, շատ «դուխով» և «թասիբով» տղերք են: Իրենց նման:
Քավորն ապրած կենա
ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի` աշխատանքից ազատվելուց հետո` իբրև նրա պաշտոնի հնարավոր հավակնորդ`շրջանառվում է Կոմիտասի անվան կամերային երաժշության տան տնօրեն Արմեն Ծատուրյանի անունը: Վերջինիս նույնիսկ այդ պաշտոնին նշանակել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` որպես «վերևից» իր վրա քաղցր աչքով նայելու գրավական:
Բանն այն է, որ Ա. Ծատուրյանը ՀՀ նախագահի նախկին օգնական և ներկայումս նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի սանիկն է, իսկ Կամերային երաժշտության տունը, ըստ որոշ լուրերի, Վ. Սարգսյանի «բիզնեսը»: Իհարկե, Արման Ծատուրյանի համար Կամերային երաժշտության տանն էլ վատ չէ, մանավանդ դահլիճը մշտապես վարձակալության տրվում է տարբեր միջոցառումներ անցկացնելու համար, իսկ մեկ օրվա վարձավճարն էլ 150 հազար դրամ է:

Ոստիկանների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր
«Մարտի 1»-ի քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Կորյուն Փիլոյանը գրավոր ցուցում է տվել նախաքննական մարմին` հարուցել քրեական գործեր ոստիկանների կողմից հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու և պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելու համար:
Մասնավորապես, 2008 թ. մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների, նշանակված փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ անկարգությունների ժամանակ մահացած երեք և մարմնական վնասվածքներ ստացած 3 քաղաքացիների մարմիններից հանված օտար մարմինները հանդիսանում են «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտներից կրակված գազային նռնակներ և դրանց պլաստմասե խցաններ:
Այսինքն` պաշտոնատար անձ հանդիսացող ոստիկանության աշխատակիցները դիտավորությամբ կատարել են իրենց լիազորությունների շրջանակներից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ` զուգորդված բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ:
Հարուցված քրեական գործերը միացվել են 2008 թ. մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթվ հարուցված քրեական գործին:
Եվ վաղն ամեն ինչ կսկսվի նորից
Թե ինչ արդյունքներ են արձանագրվել Սարգսյան-Ալիև թվով 7-րդ հանդիպման ընթացքում, հայտնի չէ: Մինչ այդ երեկ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն են կցկտուր հայտարարություններ արել: Մասնավորապես, Մեթյու Բայզան ասել է, որ «ընթացիկ հանդիպման արդյունքներով միջնորդները որևէ փաստաթղթի ստորագրություն չեն ակնկալում»:
«Մենք հույս ունենք, որ երկու երկրների նախագահները գոնե համաձայնության կգան մի քանի կարևոր սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ մինչ օրս համաձայնություն չի եղել»,- նշել է նա:
Իսկ նրա ֆրանսիացի գործընկեր Բեռնար Ֆասիեն հայտարարել է. «Քայլ առաջ չեղավ, սակայն քայլ հետ նույնպես չեղավ»:
Մի խոսքով, չնայած կանխատեսումներին, երեկ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, և դատելով նույնիսկ սեղմ տեղեկատվությունից` նման բան տեղի չի ունենա նաև այսօր` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ: Այսինքն` ինչպես մոռացված երգերից մեկում է ասվում, և վաղն ամեն ինչ կսկսվի նորից:
Առաջիկա 5 օրերին հնարավոր է ջերմաստիճանի էլ ավելի բարձրացում
«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից «Ազգը» տեղեկացել է, որ առաջիկա օրերին` մինչև հուլիսի 22-ը, սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում` ևս 3 աստիճանով, առավելագույն ջերմաստիճանը մայրաքաղաքում և հանրապետության հովտային շրջաններում կգրանցվի 38 աստիճան ցերեկը, գիշերը` 19-20: Արարատյան դաշտում հնարավոր է 38-39 աստիճան ջերմություն:
Բժիշկները խորհուրդ են տալիս ցերեկվա ժամը 11-17-ը արևի տակ գլխաբաց չմնալ, շատ հեղուկներ օգտագործել, հատկապես թան: Իսկ ծերերին ու երեխաներին խորհուրդ են տալիս ընդհանրապես խուսափել ցերեկվա ժամերին արևի ճառագայթների հարվածից:
Փաստաբանի գործը հետաձգվել է
Երեկ փաստաբան Մուշեղ Շուշանյանի գործով դատաքննությունը` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, հետաձգվեց մինչև հուլիսի 30-ը: Շուշանյանը մեղադվում է «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու» մեջ`Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասով: Նա նիստի ընթացքում լքել էր դատարանի դահլիճը (այդ ժամանակ Շուշանյանի քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի պաշտպանն էր):
Երեկվա դատաքննությունը հետաձգվեց Շուշանյանի պաշտպանի միջնորդությամբ: Այն հիմնավորված էր նրանով, որ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է ՍԴ` խնդրելով քննել, թե արդյոք Քրօր-ի 343-րդ հոդվածի 1-ին մասը չի՞ հակասում ՀՀ Սահմանադրությանը:
Տեսուչը հարկատուին ուղարկում է «շեֆի» հետ լեզու գտնելու
«Էդվարսը» Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից կանաչապատ փոքրիկ սրճարան է: Տարբերվում է մյուսներից ճախությունների բացակայությամբ և գույնը գցած արևապաշտպան հովանոցներով: Սեփականատերը` Վարսիկ Հովասափյանը, խորհրդային տարիներին նույնիսկ հասարակական սննդի վայրեր է վերահսկել, թեկնածուական թեզ է պաշտպանել այդ գծով, մի խոսքով, նաև ոլորտի մասնագետ է և ուզում է օրենքով աշխատել:
Մի քանի օր առաջ նա սիպված էր հարկայինում դիմում գրել` իր սրճարանի փակման մասին հայտնելով: Որովհետև հարկայինը կամայական ձևով մեկ օրում եռակի բարձրացրեց պահանջվող հաստատագրված վճարը: Հերթական ստուգման ժամանակ հարկային տեսուչներ Մարատ Հովեյանը և Անդրանիկ Հովհաննիսյանը հանկարծ հրաժարվեցին ընդունել սրճարանի սեփականատիրոջ ներկայացրած տվյալները սպասարկման տարածքի մակերեսի վերաբերյալ, նոր չափագրում կատարեցին և թուփ ու ծառը հաշվեցին որպես սեղանիկ, այսինքն` սպասարկման տարածք:
Արդյունքում ստացվեց, որ մի քանի սեղանիկ ունեցող սրճարանն ամեն ամիս պետք է 850 հազար դրամ հաստատագրված վճար մուծի:
Սեփականատերը բողոքեց գանձումների բաժնի պետին: Նա էլ, թե` ես դրա հետ կապ չունեմ, ես գործուղման էի, գնացեք շեֆի մոտ:
«Օղակաձև այգու բոլոր սրճարաններում էլ ստուգումներ են կատարվել, բոլորի սպասարկման տարածքը ըստ հարթակների են հաշվել, այսինքն` այն մակերեսի, որտեղ կատարվում է հաճախորդի սպասարկումը, որից սրճարանի տերը եկամուտ է ստանում և հարկ պետք է տա: Բայց միայն ինձ մոտ են գազոններն ու արահետները, ծառն ու խոտը որպես խոհարարական արտադրանքի սպառման տարածք, այսինքն` հատուկ կահավորված տարածք կամ սեղանիկ հաշվել: Ախր սա աբսուդ է»,- դժգոհում է Վարսիկ Հովասափյանը:
Հուսահատված գործարարը դիմել է վարչական դատարան, իսկ սրճարանի դռան վրա գրել է` «վաճառվում է», բայց իր մանր ձեռնարկությունը չի փակում, որովհետև հավատում է նախագահի և վարչապետի` մանր և միջին բիզնեսը պաշտպանելու խոստումներին: Առայժմ հավատում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել