HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ուկրաինայի վարչապետը կֆինանսավորի հայ երգչի վիրահատությունը

18_07-andranikԱնդրանիկ Ալեքսանյանին կվիրահատեն Եվրատեսիլից հետո «Ինձ զանգահարեց Յուլիա Տիմոշենկոյի մամուլի քարտուղարը եւ միացրեց Յուլիա Վլադիմիրովնային: Մենք խոսեցինք 10 րոպե: Նա խոստացավ, որ անձամբ կզբաղվի Անդրանիկի վիրահատությամբ: Նրանք արդեն հիվանդանոց են գտել եւ մեզ կսպասեն Եվրատեսիլից հետո»,- ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել է 11-ամյա Անդրանիկ Ալեքսանյանի մայրը` Լյուդմիլա Ալեքսանյանը: Հայազգի երգիչ Անդրանիկը մանկական «Եվրատեսիլ-2009» երգի մրցույթում ներկայացնելու է ոչ թե Հայաստանը, այլ Ուկրաինան: Նախընտրական փուլում ուկրաինացի հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքով` Անդրանիկը զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը, սակայն նրա ձայնով հիացած ժյուրին նախապատվություն տվեց հայազգի փոքրիկին: Հաղթողի անունը բեմում հայտարարեց Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ում այնքան է դուր եկել Անդրանիկը, որ նա պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել տղայի վիրահատությունը: (http://www.youtube.com/watch?v=6ON5WAlo05Q) Անդրանիկը չի սիրում խղճահարություն 18_07-andranik-1Ուկրաինայի Խմելնիցկ քաղաքում ապրող Անդրանիկը տառապում է ախոնդրոդիսպլազիայով (ոսկորների թերաճ): Այս հիվանդությունը հանդիպում է 25.000 երեխաներից մեկի մոտ: Վերջին 5 տարիների ընթացքում Անդրանիկի հասակն ընդամենը մի քանի սանտիմետրով է աճել: Այժմ այն կազմում է 1 մ 8 սմ: «Այս հիվադնությունը չի կարող ժառանագական լինել, ոչ իմ, ոչ ամուսնուս հարազատների մոտ նման հիվանդություն չի եղել»,- ասել է 43-ամյա Լյուդմիլա Ալեքսանյանը: Անդրանիկը 3-րդ դասարանում է սովորում, բայց դպրոց չի գնում, ուսուցիչներն են նրան այցելում: Բժիշկներն արգելել են տղային հաճախել դասերի, քանի որ երկար ժամանակ աշակերտական սեղանի մոտ նստելը վնասակար է Անդրանիկի առողջության համար: «Բացի այդ` արգելվում է նաեւ վազելը, ամռանը Անդրանիկը խաղում է բակում ընկերների հետ, իսկ ձմռանը տանից դուրս չի գալիս, որովհետեւ եթե սայթաքի եւ ոտքը կոտրի, կարող է ընդմիշտ հաշմանդամ մնալ»,- բացատրում է մայրը: «Ես բարկանում եմ, երբ տղայիս խղճահարությամբ են նայում, նա ավելին է հասկանում, քան իր հասակակիցները, չի սիրում խղճահարություն: Երբ Անդրանիկն իրեն վատ է զգում, միայնակ նստում է սենյակում, կամաց լաց է լինում, իսկ մարդկանց մոտ ուրախ է»,- պատմում է Լյուդմիլան: Նա հաղթել է բազմաթիվ մրցույթներում 18_07-andranik-2Հայազգի փոքրիկ երգիչը Ուկրաինայում հայտնի է դարձել միայն վերջերս, երբ նա երգեց հեռուստատեսային «Պարում եմ քեզ համար» նախագծում: «Ես հիացած եմ Անդրանիկի ձայնով եւ տաղանդով: Տղան լավ ապագա կունենա, նա Աստծուց է ստացել իր տաղանդը: Նա կենսուրախ եւ շփվող տղա է»,- համացանցում Անդրանիկի մասին կարծիք են հայտնել ուկրաինացիները: «Մեկ անգամ լսելով, թե ինչպես է երգում Անդրանիկը, այլեւս չես կարող մոռանալ: Երբ նա երգում է արյունս սառում է»: Երբ Անդրանիկը տանը երգում է, հարեւաններն անջատում են հեռուստացույցերը, որպեսզի նրան լսեն: Անդրանիկը նախորդ տարի մասնակցել է մանկական «Եվրատեսիլի» նախընտրական փուլին, բայց չի հաղթել, իսկ երբ այս տարի Յուլիա Տիմոշենկոն որպես հաղթող հնչեցրեց նրա անունը, տղան լաց եղավ բեմի վրա: «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ով քվեարկել է իմ օգտին, ես խոստացել էի հայրիկիս եւ վոկալիս ուսուցչուհուն, որ կհաղթեմ եւ ես հաղթեցի»,- արցունքներն աչքերին ասաց նորահայտ աստղը: Նախքան «Եվրատեսիլի» նախընտրական փուլում հաղթելը Անդրանիկը բազմաթիվ ուկրաինական եւ միջազգային մրցույթների է մասնակցել: 2006 թվականին նա «Հարավային էքսպրեսս» հեռուստամրցույթում առաջին հորիզոնականն է զբաղեցրել եւ արժանացել ոսկե մեդալի: Անդրանիկը նաեւ հաղթել է միջազգային «Վեսպրեմյան խաղեր» եւ համաուկրաինական «Պեսնյա նադ Բուգոմ» մրցույթներում: 2007 թվականին կայացած համաուկրաինական մանկական երգի մրցույթում առաջին մրցանակը եւս հայազգի փոքրիկի է շնորհվել: Սա դեռ ամենը չէ. Անդրանիկը հաղթել է Կիեւում անցկացվող «Իմ Հայաստան» եւ Սոչիի «Եվրոպայի հույս» երգի մրցույթներում: Անդրանիկի հաղթանակների շարքը լրացնում է ուկրաինական էստրադային արվեստի մրցույթում ստացած «Գրան պրին» եւ Ուկրաինայի նախագահի տված «Ուկրաինայի աստղ» մրցանակը: 11-ամյա Անդրանիկը նաեւ մասնակցում է «Փողոցի երեխաներին» բարեգործական համերգաշարին: 2008 թվականի դեկտեմբերին Անդրանիկը Խմելնիցկ քաղաքի ֆիլհարմոնիայի դահլիճում հանդես է եկել մենահամերգով, որի ժամանակ ոչ մի ազատ նստարան չի եղել: Տղան ինքն է գրում երգերի երաժշտությունն ու խոսքերը: Ի դեպ, նրա երգերում մանկական տարրերը շատ քիչ են: «Եվրատեսիլ-2009» երգի մրցույթի համար գրված երգի հեղինակը եւս Անդրանիկն է: Բացի երաժշտությունից 11-ամյա Անդրանիկը հետաքրքված է օտար լեզուներով, նա այժմ սովորում է անգլերեն, գերմաներեն եւ ֆրանսերեն: Անդրանիկի հայրը շաքարային դիաբետով է տառապում 18_07-andranik-3Անդրանիկը ծնողները ծանոթացել են Երեւանում: Խմելնիցկից Հայաստանի մայրաքաղաք տեղափոխված Լյուդմիլան աշխանքի է անցել Վարդեւանին պատկանող ռեստորանում, որից էլ սկսվել է նրանց սիրավեպը: Մասնագիտությամբ Լյուդմիլան մաթեմաթիկայի եւ ֆիզիկայի ուսուցչուհի է, սակայն նա երբեք չի դասավանդել: 12 տարի առաջ Ալեքսանյանների ընտանիքը տեղափոխվել է Խմելնիցկ, որտեղ եւ ծնվել է Անդրանիկը: Վարդեւան Ալեքսանյանն արդեն 2 տարի է` չի աշխատում, նա շաքարային դիաբետով է տառապում: Ընտանիքը գոյատեւում է բարերարների օգնությամբ եւ մրցույթներում Անդրանիկի հաղթած գումարներով: Ուկրաինայի պաշտոնյաներից ոմանք եւս օգնում են հայ ընտանիքին: Վերջերս Խմելնիցկի քաղաքապետն է Ալեքսանյանների ֆինանսապես աջակցել: Երազում է բուժվել եւ սովորական տղա դառնալ 18_07-andranik-411-ամյա Անդրանիկը շատ զգացմունքային է: Մայրը հիշում է, որ երբ Անդրանիկը սովորում էր Դիանա Գուրցկայայի հանրահայտ «Մամա» երգը, ամեն անգամ երգելիս լաց էր լինում: «Ես չեմ կարող երգել, առանց մտածելու, թե ինչի մասին եմ երգում: Դա տխուր երգ էր, այդ պատճառով էլ ես լացելով էի այն երգում»,- ասել է Անդրանիկը Ուկրաինայի հանրային հեռուստատեսության տված հարզացրույցում: Տղան նաեւ հայկական երգեր է կատարում, նա հատկապես սիրում է Թաթայի «Արմենիա»-ն: Հաշվի առնելով Անդրանիկի փորձն ու ձայնային տվյալները` կարելի է ասել, որ նա է մանկական «Եվրատեսիլ-2009» երգի մրցույթի ֆավորիտը: «Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի հաղթեմ»,- խոստացել է Անդրանիկը: Հայազգի փոքրիկը 3 երազանք ունի: «Բուժվել եւ դառնալ սովորական տղա, հաղթել «Եվրատեսիլում» եւ փոքրիկ շնիկ ունենալ»: Երգ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter